Մեկնաբանություն

18.05.2012 17:18


Արամը, Մաշտոցի պուրակը և ֆորս–մաժորը

Արամը, Մաշտոցի պուրակը և ֆորս–մաժորը

Վերջապես։

Վերջապես տեղի ունեցավ այն, ինչի մասին վերջին օրերին գրում էին իշխանական լրատվամիջոցները, և ինչը պլանավորվել էր Բաղրամյան 26–ում շատ ավելի շուտ։ Արամ Զավենի Սարգսյանի գլխավորած «Հանրապետություն» կուսակցությունը դուրս եկավ Հայ ազգային կոնգրեսից։ Ճիշտ է, նա կարծես մեկ անգամ արդեն դուրս էր եկել, բայց շոուն երկարացնելու համար այս անգամ ավելի հուժկու ձևով դուրս եկավ։

ՀԱԿ–ի շարքերը լքելու «Հանրապետության» որոշումն արտաքին ու ներքին լուրջ բաղադրիչներ ունի։

Նախ արտաքին՝ «արևմտյան վեկտորի» պահով։ Ասում են, թե Արամի այս քայլից հետո միջազգային բորսաներում (Լոնդոն, Նյու Յորք) բրնձի գինը բարձրացել է, իսկ սոյայինը՝ իջել։ «Հանրապետության» սենսացիոն այս քայլից հետո Ջենիֆեր Լոպեսը շտապել է ապահովագրել իր աջ կուրծքը, իսկ ֆուտբոլիստ Բեքհեմը վաճառքի է հանել վաղուց մաշված խաղակոշիկի ձախ «թայը»։

Ինչ վերաբերում է արամենց կուսակցության որոշման ներքաղաքական մասին, ապա ասենք, որ տեղի ունեցավ դարակազմիկ մի իրադարձություն՝ Արտաշես Գեղամյանի դպրոցն իր հերթական սանն ունեցավ։

Դժվար է ասել, թե Արամ Զավենիչը երբ կհայտնվի ՀՀԿ համամասնական ցուցակի, ասենք, 26–րդ հորիզոնականում, բայց դատելով այն մոտեցումից, որը նրա հանդեպ ցուցաբերում են մեկ կենտրոնից կառավարվող թերթերն ու կայքերը, հեռու չէ այդ օրը։

Գրեթե կասկած չի հարուցում, որ սրանից հետո Արամ Սարգսյանի բոլոր քայլերը լուսաբանվելու են շատ «անկախ» լրատվամիջոցներով՝ «Հաճախորդին պետք է «ռասկրուտկա» անել, որպեսզի գնորդներ լինեն» թեմայով։ Այդ ամենն արդեն սկսվել է, բայց շատ անտաղանդ ձևով է արվում։ Դրանց գրածներից ստացվում է, որ Արամը երկու արժանիք ունի՝ մեկն այն է, որ նա մանդատից հրաժարվել է, իսկ մյուսն այն է, որ մանդատից հրաժարվելուց առաջ Բրյուսել է այցելել (ուզում են ասել, թե դրսի «դաբրոյով» տղա է)։ Համաձայնվե՛ք, որ նման էժանագին PR–ով ավելի ճիշտ կլիներ կոլխոզի շուկա տանել Արամին, այլ ոչ թե «ընդդիմադիր» գործչի կերպար ստանալ նրանից։

Գոնե սկզբի համար ճիշտ կլիներ Արամ Սարգսյանին տանել Մաշտոցի պուրակ. մարդ ես, մեկ էլ տեսար Սերժ Սարգսյանը «պատահաբար» երևաց այդ կողմերը և քաղաքապետին կարգադրեց «բուծիկները» ապամոնտաժել և դրանց հատկացված տեղերում մոնտաժել «Հանրապետություն» կուսակցությանը։ Այդ խիստ ընդդիմադիր միջադեպից հետո Արամի ռեյտինգը հաստատ կթռներ ... Աշոտյանի ֆեյսբուքի էջում։ Ինչևէ։

Ի դեպ, տեղին է հիշեցնելը, որ Արամ Սարգսյանը, խոսելով գալիք նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մասին, նշել էր, թե դա կանի միայն ֆորսմաժորային իրավիճակի դեպքում։

Ուշադրությո՛ւն դարձրեք՝ Արամը չի ասում, թե ինչ է հասկանում ֆորս–մաժորի տակ, և ամենակարևորը՝ ում համար ֆորսմաժորային իրավիճակի դեպքում կառաջադրվի։ Դե որ չի ասում, փորձենք մենք լրացնել այդ բացը։

Հաշվի առնելով մի շարք հանգամանքներ՝ կարող ենք ասել, որ Արամ Զավենի Սարգսյանն իշխանությունների կողմից գալիք նախագահական ընտրություններում օգտագործվելու է «դհոլ–թեկնածուի» կարգավիճակով, եթե, իհարկե, Սերժ Սարգսյանի դեմ ուժեղ մրցակից առաջադրվի, իսկ դա հնարավոր կլինի միայն այն դեպքում, երբ ԲՀԿ–ն կոալիցիա չկազմի ՀՀԿ–ի հետ և նախագահական ընտրություններին մասնակցի սեփական թեկնածուով։ Այ ա՛յդ ժամանակ ֆորսմաժորային իրավիճակ կստեղծվի Սերժ Սարգսյանի համար, և խաղի մեջ կմտցվեն տարատեսակ հաճախորդները, այդ թվում՝ Արամ Զավենիչը։ Այսինքն, «Հանրապետության» ղեկավարն անկեղծ է, երբ ասում է, թե նախագահականին կմասնակցի, եթե լինի ֆորս–մաժոր, բայց նա անկեղծ չէ մինչև վերջ, քանզի ամբողջությամբ անկեղծ լինելու պարագայում նա պետք է նշեր, որ նախագահականին առաջադրվելը կախված է լինելու Սերժ Սարգսյանի ցանկությունից և վերջինի՛ս համար ֆորսմաժորային իրավիճակ ստեղծվելուց։ Մնացածը դեմագոգիա է։

Հեղինակ՝ Րաֆֆի

սարեր շարժելու մասնագետ

Այս խորագրի վերջին նյութերը