Մեկնաբանություն

17.05.2012 22:47


Տիգրանը հավատացել է և փոխվել

Տիգրանը հավատացել է և փոխվել

«Ընտրություններ» կոչված միջոցառումն ավարտվեց։ ՀՀԿ–ն «տեխնոլոգիական» նորամուծության՝ ընտրատեղամասերում մարդկանց «լցոնելու» և մեկ բնակարանի վրա տասնյակ քաղաքացիների գրանցելու միջոցով վերցրեց ԱԺ հսկիչ փաթեթը։

Եթե հիշում եք, նախընտրական քարոզչության փուլում վարչապետ Տիգրան Սարգսյանը ծպտուն անգամ չէր հանում։ Դժվար է ասել, թե դա ինչով էր պայմանավորված՝ կա՛մ ՀՀԿ–ում որոշել էին ստախոսության անգերազանցելի վարպետ նյուվասյուկիստին հեռու պահել էկրաններից, որպեսզի ավելորդ տեղը չնյարդայնացնեն շարքային ընտրողին, կա՛մ Տիգրանն ինքն էր ինքնամեկուսացվել։ Ամեն դեպքում փաստն այն է, որ «միջազգային կենտրոնների» մեծ սիրահարին մոտ չէին թողնում «հավատափոխության» քարոզարշավին։ Խոսակցություններ կային այն մասին, որ Տիգրան Սարգսյանն իր նեղ շրջապատի մոտ անհանգստություն էր հայտնել ընտրությունների ելքի հետ կապված ու խոսել երկրից ճողոպրելու տարբերակների մասին։

Հիմա, երբ ՀՀԿ–ին հաջողվեց աննախադեպ «լավ» ընտրություններ անցկացնել, վարչապետը լեզու է առել կամ, երևանյան «սլենգով» ասած, հաբռգել է։ Կառավարության նիստի ժամանակ ՀՀԿ–ի հավաքած տոկոսներին հավատացած ու ահագին փոխված Տիգրան Սարգսյանը հետին թվով փորձել է հակադարձել նախընտրական փուլում իր ղեկավարած տխրահռչակ տնտեսական թիմին ուղղված քննադատությանը և «Moody’s»–ին որպես «տղա» բերելով՝ ինքն իր աշխատանքից գոհունակություն է հայտնել։

Հարց է առաջանում. բա ինչու՞ մեկ շաբաթ կամ մեկ ամիս առաջ չէր պաշտպանվում կամ հարձակման անցնում Տիգրան Սարգսյանը։ Պատասխանը շատ պարզ է. վարչապետն այդ փուլում անհանգստացած էր սեփական ճակատագրով և սրտի թրթիռով հետևում էր Ուկրաինայում 2009–ին Հայաստանի պես տնտեսական անկում գրանցած վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի հետ տեղի ունեցող իրադարձություններին, որպեսզի հասկանա, թե ինչեր կարող են լինել և ինչից է պետք խուսափել։  Մայիսի 6–ից հետո, սակայն, երբ պարզ դարձավ, որ տոտալ ընտրակեղծիքները հնարավորություն  են տվել ՀՀԿ–ին վերարտադրվել, վարչապետը դուրս եկավ բնից ու խեղաթյուրելով իրենց հասցեին հնչեցրած քննադատության բուն էությունը՝ սկսեց խոսել Կառավարության ու Կենտրոնական բանկի ֆունկցիաներից՝ պարզունակ դասախոսություն կարդալով հարկաբյուջետային ու դրամավարկային քաղաքականությունների մասին։

Իսկ իրականությունը հետևյալն է. նախընտրական փուլում ու դրանից առաջ այս իշխանությանությունների տնտեսական քաղաքականությունը քննադատողները ոչ թե մտահոգություն են հայտնել առ այն, որ Կառավարությունն ու ԿԲ–ն ինստիտուցիոնալ վեճ ունեն, այլ ճիշտ հակառակը՝ որ Կառավարության ու ԿԲ–ի ֆունկցիաները միախառնվել են ու այդ կառույցները զբաղված են բանկային համակարգը ներկայացնող ինչ–ինչ շրջանակների կոմերցիոն շահերի սպասարկումով։ Այլ խոսքերով ասած՝ Տիգրան Սարգսյանը Կառավարությունը շփոթել է ԿԲ–ի հետ և դե յուրե վարչապետ նշանակվելով՝ դե ֆակտո շարունակել է մնալ ԿԲ նախագահ։

Տիգրան Սարգսյանի վարած տնտեսական կուրսը կրկնել է ԿԲ ֆունկցիան և երկուսն էլ միտված են եղել ինֆլյացիայի դեմն առնելուն։ Արդյունքում՝ տնտեսական աճի, զբաղվածության ապահովման և աղքատության կրճատման խնդիրները ստորադասվել են գների աճի զսպմանը, ընդ որում՝ այդքանից հետո չի հաջողվել անգամ կանխել գների աճը, և դա այն դեպքում, երբ դրամի արժեզրկումը զսպելու համար ԿԲ–ն, խախտելով օրենքը, շուրջ մեկ տարի վարում էր ֆիքսված փոխարժեքի քաղաքականություն։

Ֆիքսված փոխարժեքի քաղաքականության գինը եղավ պետական պահուստներից մոտ 700 միլիոն դոլարի փոշիացումը և 2009–ի մարտի 3–ին գիշերային որոշմամբ ազգաբնակչությանը ավելի քան 25 տոկոսով կողոպտելը՝ դոլարի կուրսը «լողացնելով» շոկային մեթոդով։

Ակնհայտ է, որ նորմալ իշխանություն ունենալու պարագայում այս հարցերը իրավապահների հետաքրքրության առարկա պետք է դառնան։ Եվ այսքանից հետո, Տիգրան Սարգսյանի ցինիզմը դեռ բավականացնում է խոսել մակրոտնտեսական կայունություն ապահովելուց։ Կխոսի բա ինչ կանի։ Ձայնը տաք տեղից է գալիս։ Ինքը տանը նստած էր, իսկ Սերժ Սարգսյանն ընկած քարոզարշավ էր անում և մտածում, թե ինչպես պետք է տոկոսներ հավաքի, որպեսզի Տիգրանը կրկին հնարավորություն ստանա Կառավարության նիստերի ժամանակ դեմագոգիայով զբաղվել։

Միայն մեկ բան է այս ամենի մեջ զավեշտալի. եթե ՀՀԿ–ն այդքան հիացած է իր վարչապետով, նրա վարած քաղաքականությամբ և ԱԺ վերջին «ընտրությունների» ժամանակ հավաքած տոկոսներով, ապա ինչու՞ է ընկել ԲՀԿ–ի հետևից և խնդրում վերջինիս կոալիցիա կազմել։ Թող ՕԵԿ–ի հետ ջան ասեն, ջան լսեն, ի՞նչ է պատահել։

Ի դեպ, իշխանական լրատվամիջոցների օրեր շարունակ արվող այն անոնսը, թե այսօր կոալիցիայի հարցը լուծվելու է և ԲՀԿ–ն մաս է կազմելու դրան, դատարկ փուչիկ դուրս եկավ։ Նախագահականի քարոզչական փուչիկները, փաստորեն, ոչ պակաս արագությամբ են պայթում, որքան «ուսյալ–կրթյալի» իմիջով ներկայացված վարչապետի փուչիկը։ 

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը