Հարցազրույց

25.05.2009 17:33


Տիգրան Կարապետյան.

Տիգրան Կարապետյան.

Հարցազրույց Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանի հետ

-Ավարտվում է Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը։ Ինչպե՞ս կգնահատեք այն և նախընտրական շրջանն ընդհանրապես։

-Իմ մասով ես գոհ եմ։ Անում եմ այնքան, ինչքան որ կարող եմ։

-Իսկ ընդհանուր առմա՞մբ։

-Մնացածի մասով ի՞նչ ասեմ։ Նրանք ուրիշ դաշտում են, ես՝ ուրիշ։ Հետո, սև PR են օգտագործում՝ հատկապես իմ, մեր կուսակցության նկատմամբ։ Նշանակում է, իշխանական թևը պայմանավորվածություն ունի... Ե՛վ՝ ընդդիմադիր... Ի՞նչն է շատ տարօրինակ՝ նրանց խոսքերը համընկնում են...

-Ինչը՞ նկատի ունեք։

-Տեսեք, թե ինչ են ասում։ Ժողովրդին ասում են, թե շատ լավ մարդ է, բայց չի անցնի։ Փաստորեն, ժողովրդին հուսաթափում են. մե՛կ է՝ չի անցնի, մե՛կ է՝ չի անցնի։ Այսպիսին է նրանց մոտեցումը։ Ժողովուրդն էլ մտածում է. էս մարդուն ձայն տանք, բայց բոլորը ասում են, թե չի անցնի... Այսպիսին է նրանց մարտավարությունը։ Այսինքն, եթե նրանք ասեն, որ Տիգրան Կարապետյանը վատն է, մարդիկ կարող են հակադրվել։ Եվ այդ ինչպե՞ս է, որ իշխանությունն ինձ չի թողնի քաղաքպետարան մտնել, իսկ Հայ ազգային կոնգրեսին կթողնի։ Պայմանավորվածությու՞ն ունեն։ Շատ հետաքրքիր մոտեցում է ձևավորվում։

-Այսպիսով, ինչպե՞ս եք գնահատում հաղթելու Ձեր շանսերը։

-Գիտե՞ք ինչ, շատ մեծ էլեկտորատ կա, որը ո՛չ իշխանությանն է հարում, ո՛չ էլ Լևոն Տեր-Պետրոսյանին։ Այդպիսի էլեկտորատ կա։ Գումարած դրան՝ իմ էլեկտորատը, որը միշտ կա։ Ասենք, ի՞նչ եղավ Արթուր Բաղդասարյանի էլեկտորատը։ Ի՞նչ եղան նույն «Ժառանգության», նույն Վազգեն Մանուկյանի, Արտաշես Գեղամյանի էլեկտորատները։ Այդ էլեկտորատը ամբողջովին կա։ Եվ այն իր ձայնը ինձ է տալու, այդ իսկ պատճառով երկուստեք վախենում են։

-Իսկ, ընդհանուր առմամբ, ու՞մ հնարավորություններն եք բարձր գնահատում։

-Հայ ազգային կոնգրեսի հնարավորություններն եմ բարձր գնահատում։ Մնացածների հնարավորությունները կապված են փողի խնդրի լուծման հետ. ինչքա՞ն բաժանեն, ինչքա՞ն վերցնեն։ Դա ինձ համար մութ դաշտ է, որովհետև երբևէ փող չեմ բաժանել։ Բայց ինձ բազմաթիվ տեղերից ասում են, որ շատ մարդիկ են փող վերցրել։

-Այսինքն, ըստ Ձեզ, կոալիցիոն ուժերը քաղաքապետարան կմտնեն՝ կախված բաժանված ընտրակաշառքի չափի՞ց։

-Այո։

-Դա կոալիցիոն բոլո՞ր ուժերին է վերաբերում։

-Ո՛չ։ Հայ Հեղափոխական Դաշնակցությունն ու «Օրինաց երկիրը» չեն անցնի...

-Ինչու՞։

-Ելնելով այն հանգամանքից, որ «Օրինաց երկրին» ձայն տված բազմաթիվ մարդիկ գտնում են, որ կուսակցությունն իրենց հուսալքել է, այդ ուժին այլևս ձայն չեն տա։ ՀՅԴ-ն էլ շատ այսուայնկողմ արեց, և մարդիկ մտածում են, որ դա խաղ է։

-Տնտեսական ճգնաժամի պայմաններում ԺԿ-ը քարոզարշավի համար որքա՞ն գումար ծախսեց։ Այն բավարար եղա՞վ արդյունավետ քարոզարշավ իրականացնելու համար։

-Քարոզարշավը արդյունավետ էր, որովհետև իմ մոտեցումն էր ընդհանրապես ուրիշ։ Եթե այսօր կան թաղապետի թեկնածուներ, որոնց ժողովուրդը չի ճանաչում, ապա ինձ բոլորն են ճանաչում։ Ես ճանաչելիության խնդիր չունեմ։ Մտքերս ևս չեն փոխվել, դրանք 10 տարի նույնն են։ Իմ աշխատաոճում որևէ նոր բան չկա։ Այսինքն՝ խնդիրներ, որոնք պայմանավորված էին լինելու ֆինանսներով, չեմ ունեցել։ Ծախսած գումարն էլ մյուսներից, հաստատ, շատ չի եղել։

-Իսկ ՀՀԿ-ԲՀԿ լոկալ ընդհարումները, Ձեր կարծիքով, լուրջ հակամարտության արդյու՞նք են, թե ո՞չ։

-Ոչ։ Նրանց միջև հակամարտություն ընդհանրապես չկա։

-Այդ դեպքում, տեղի ունեցած միջադեպերի պատճառը ո՞րն է։

-Պարզապես ընթանում է ձայնորսություն։ Միգուցե, այս առումով մեկը մյուսի շահերը մի քիչ չեն համընկել, միգուցե՝ մեկը թույլատրված գիծը մի քիչ անցել է նույն փող բաժանելու ընթացքում։ Ուրիշ հակադրություն ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն չունեն։ Իրենք նույնն են, նույն քաղաքականությունն են վարում, և չկա մի խնդիր, որը նրանց միջև լուծելի չլինի։

-Եթե ընտրակեղծիքներն ազդեն ընտրությունների արդյունքների վրա, այս անգամ ի՞նչ եք անելու։

-Այդ դեպքում ես կդառնամ կտրուկ ընդդիմություն։ Ոչ թե կառուցողական, ինչպես որ հիմա ես ասում եմ։ Չի կարելի կառուցողական լինել այն մարդկանց հետ, ովքեր ոչ մի ձևով չեն գնահատում կառուցողական դաշտը։ Իրենք միայն իրենց են գնահատում։ Եվ այդ պարագայում մենք լիարժեք ընդդիմություն կդառնաք։ Նկատի չունեմ ծայրահեղ ընդդիմություն։ Պարզապես, մեր աշխատաոճը կփոխվի։

-Եթե Երևանի հսկիչ փաթեթը ոչ մի ուժ չկարողանա վերցնել, իսկ դուք էլ հաղթահարած լինեք 7%-ի արգելքը, ո՞ր ուժերի հետ կոալիցիա կկազմեք։

-Կոալիցիա ոչ մեկի հետ չենք կազմի, սակայն կհամագործակցենք բոլորի հետ։

-Եթե կողմ եք համագործակցությանը, ինչու՞ եք դեմ կոալիցիայի մեջ ընդգրկվելուն։

-Համագործակցելուն կողմ ենք այն առումով, որ այն որոշմանը, որը ի նպաստ ժողովրդի է, կողմ կքվեարկենք, որը ի վնաս է՝ դեմ կլինենք։ Փաստորեն, մենք կոալիցիա կլինենք այն ուժերին, որոնք ժողովրդանպաստ որոշումներ են կայացնում։

Զրուցը վարեց Վախթանգ Մարգարյանը

Այս խորագրի վերջին նյութերը