Մեկնաբանություն

12.05.2012 11:11


ՀՀԿ–ի կոալիցիոն փորացավը

ՀՀԿ–ի կոալիցիոն փորացավը

Մայիսի 6–ի ընտրություններից հետո շատ է քննարկվում նոր կոալիցիայի հարցը։ Թեման հիմնականում շրջանառության մեջ է դրվել իշխանական վերահսկողության տակ գործող լրատվամիջոցների, ինչպես նաև քաղաքական գործիչ կոչված «շավկաների» միջոցով։

Խոսվում է այս կամ այն ուժի՝ ՀՀԿ–ի հետ համատեղ կառավարություն կազմելու մասին։ Խոսքս, իհարկե, ՕԵԿ–ի մասին չէ. Արթուր Բաղդասարյանը վաղուց զրկվել է ինքնուրույն որոշումներ կայացնելու հնարավորությունից։

Զուտ քաղաքագիտական կանոններով՝ այժմ անիմաստ է որևէ կոալիցիայի մասին մտածելը, քանզի եթե մի կողմ դնենք այն խայտառակ ընտրակեղծիքները, որոնք արձանագրվեցին, ՀՀԿ–ն բացարձակ իշխանություն ունի և կարող է միայնակ վերցնել ամբողջը։

Հարց է առաջանում, թե ինչու՞ է ԱԺ հսկիչ փաթեթին տիրապետող ՀՀԿ–ն կոալիցիա ուզում կազմել։ Պատասխանը շատ պարզ է և բաղկացած է մի քանի կետերից։

Առաջին. կոալիցիայի մասին մտածելով ՀՀԿ–ն, ըստ Ֆրեյդի, ակամայից ընդունում է, որ կեղծիքներով է դարձել մեծամասնություն և ենթագիտակցորեն զգում է, որ առանց ձայն ունենալու դժվար է լինելու կառավարելը։

Երկրորդ. ՀՀԿ–ում լավ գիտեն, որ մարդկանց «լցոնելով» ու կաշառելով են մեծամասնություն դարձել և հիմա ուզում են հանցակից դարձնել հնարավորինս շատ ուժերի, որպեսզի լեգիտիմացնեն այն կողոպուտը, որը տեղի ունեցավ մայիսի 6–ին։ Դրա համար էլ բոլոր ուժերի հետ կոալիցիա կազմելը ՀՀԿ–ում չեն բացառում։ Բացի այդ՝ ՀՀԿ–ում հաշվել են, որ իրենց հետ համագործակցողներն անմիջապես կախքանան ու մինչև վերջ կվարկաբեկվեն, ինչը լրացուցիչ պայմաններ կստեղծի քաղաքական դաշտն անապատի վերածելու և բացարձակ այլասերված իշխանություն ձևավորելու համար։ Նկատենք, որ եթե ՀԱԿ–ն ու ՀՅԴ–ն հստակ հայտարարել են, որ ՀՀԿ–ի հետ կոալիցիան բացառվում է, ապա ԲՀԿ–ն ՀՀԿ–ին «ոչ» ասելու որոշման «երկունքի» մեջ է, իսկ ՕԵԿ–ն ու «Ժառանգությունը» սրտատրոփ սպասում են ՀՀԿ–ի առաջարկին։ Այլ հարց է, որ Րաֆֆիի կարիքը կարող է և չլինել, ինչը թույլ կտա թիմակիցներին «քցած» այդ յալանչուն հպարտանալ, որ իրենք չտրվեցին ՀՀԿ–ին։

Երրորդ. ՀՀԿ–ն հատկապես ձգտում է նոր կոալիցիայի մեջ մտցնել ԲՀԿ–ին, քանզի շատ լավ գիտի, որ իրականում պարտվել է Գագիկ Ծառուկյանի թիմին, որին ձայն տալով մարդիկ փաստացի պատվիրել են վերացնել Սերժ Սարգսյանի գլխավորած թիմի քաղաքական մենաշնորհը։ Հետևաբար, կոալիցիայի մեջ ներգրավվելով՝ ԲՀԿ–ն «կփչանա» ու կկորցնի իր էլեկտորատի մեծ մասին։ Դա շատ լավ հասկանում են ՀՀԿ–ում, և այդ իսկ պատճառով էլ ջանք ու եռանդ չեն խնայում հսկայական քանակի ձայներ ստացած քաղաքական այդ ուժին չեզոքացնելու համար։

Չորրորդ.  ԲՀԿ–ին կոալիցիոն հարաբերություններ առաջարկելով՝ ՀՀԿ–ն փորձում է խուսափել այդ ուժի հետ նախագահական ընտրություններում բախվելու հեռանկարից։ Ակնհայտ է, որ եթե ԲՀԿ–ն, ՀՅԴ–ն և ՀԱԿ–ը միասնաբար հանդես գան ԱԺ ընտրությունների գնահատականի մասով և, ասենք, բոլորը դիմեն ՍԴ՝ չեղյալ հայտարարելու համար մայիսի 6–ի միջոցառումը, ինչպես նաև միասնական թեկնածու առաջադրեն նախագահական ընտրություններում, ապա Սերժ Սարգսյանի բանը «բուրդ» կդառնա և «վերարտադրություն» օպերացիան կտապալվի՝ որքան էլ կատարյալ լինեն ընտրակեղծիքի մեխանիզմները։ Այդ իսկ նպատակով ՀՀԿ–ն ուզում է պոկել ԲՀԿ–ին միասնական շտաբից ու դարձնել կոալիցիոն «գործընկեր», որից հետո ԲՀԿ–ն թուլացնելն ու ոչնչացնելը ժամանակի հարց կդառնա։ ԲՀԿ–ում, ի դեպ, դա շատ լավ հասկանում են։ Բացառությամբ մի քանի պաշտոնամոլների ու բնածին կոմֆորմիստների՝ «Բարգավաճ Հայաստանում», դատելով առկա տեղեկատվությունից, մարտական են տրամադրված. համենայնդեպս կռիվ տալու պատրաստ մեծ թիմ կա։

Ահա սրանք էին այն հիմնական մոտիվները, որը ՀՀԿ–ին բերում է կոալիցիոն «գործընկերության» գաղափարին։ Նրանք ուզում են այդ թատրոնը խաղալ մինչև նախագահական ընտրություններ, որից հետո «քցելու» են բոլոր կուտը կերածներին, եթե, իհարկե, հաջողեն լուծել կոալիցիոն փորացավի խնդիրը։ Ինչպես փորձն է ցույց տվել Սերժ Սարգսյանը գործընկերային հարաբերություններ չի պատկերացնում։

Թույլ տամ ինձ կանխատեսել, որ ԲՀԿ–ն չի մտնի կոալիցիա։ Բայց հարցը միայն դրանով չպետք է սահմանափակվի։ «Ա»–ն ասելուց հետո, «Բ»–ն էլ պետք կլինի ասել, և Սերժ Սարգսյանի հետ մրցել նախագահական ընտրություններում, բայց մրցել ոչ թե ֆինանսական ու վարչական ռեսուրսին համանման ռեսուրս հակադրելով (իշխանությունն այդտեղ միշտ կհաղթի), այլ պայքարը տեղափոխելով քաղաքական դաշտ, որտեղ ՀՀԿ–ն անչափ թույլ է և մատ կլինի երկու քայլից։ Այս դեպքում ասում են «Պռապուստիտե տեխ կտո մոժետ», և կինոն պատրաստ կլինի։

Շատ չմնաց։ Տեսնենք, թե ինչ կորոշի ԲՀԿ–ն ու ինչ է սպասվում Հայաստանին ընդհանրապես։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը