Մեկնաբանություն

23.04.2012 16:05


Վարչապետը, Ջերմուկի մոծակները և կովի պտուկները

Վարչապետը, Ջերմուկի մոծակները և կովի պտուկները

ՀՀԿ ընտրարշավը Սերժ Սարգսյանը մենակ է տանում։ Նախընտրական տեսահոլովակներում խոսում են նաև այլոք, բայց հանդիպումների ժամանակ նախագահը մենակ է։ Նա հետը «տեղ» չի տանում նույնիսկ իր սիրելի վարչապետին, ում ատամներով պահեց այն դեպքում, երբ Տիգրան Սարգսյանը ձախողումը ձախողման հետևից էր արձանագրում։

ՀՀԿ վերջին համագումարում Սերժ Սարգսյանի ելույթից էլ պարզ դարձավ, որ նախագահը չի ընդունում քննադատությունները և վարչապետի վարած տնտեսական քաղաքականությունը դրական է գնահատում։ Այդ դեպքում հարց է առաջանում, թե ինչու՞ նախընտրական շրջանում վարչապետին հետևը գցած ման չի տալիս նախագահը։ Եթե Տ. Սարգսյանի աշխատանքը դրական է գնահատվել և տնտեսությունը լավ է կառավարվել, ապա նրան պետք էր PR–դեմք սարքել, այլ ոչ թե հանրության աչքից հեռու պահել։

Ըստ երևույթին, Սերժ Սարգսյանին ինչ որ մեկը հուշել է, որ վարչապետին պետք չէ առաջ քաշել, քանզի նա միայն  վնաս կբերի ՀՀԿ–ին ու անձամբ Սերժ Սարգսյանին։ Դա է, հավանաբար, պատճառը, որ Տիգրանը սկզբում հայտնվեց ՀՀԿ ցուցակի 3–րդ հորիզոնականում (այնինչ «միջազգայնագետը» առնվազն երկրորդ տեղի հույս ուներ), ապա ամբողջությամբ դուրս մղվեց քարոզչական գործընթացից։ Նշանակու՞մ է դա արդյոք, որ նախագահն ընդունում է, որ սխալվել է կադրային քաղաքականության ու տնտեսության կառավարման հարցում, դժվար է ասել։

Հետաքրքրական է, որ ՀՀԿ նախընտրական բուկլետում կետ կա այն մասին, թե պատրաստվում են փոխել տնտեսական քաղաքականությունը։ Այսինքն՝ ՀՀԿ–ն ոչ թե խոստանում է շարունակել վերջին տարիներին իրականացվածը (ինչը միշտ փայլուն է գնահատել), այլ առաջ է քաշում քաղաքականության փոփոխության հարց։ Այդ դեպքում ինչու՞ էր նախագահը չորս տարի շարունակ հիանում Տիգրան Սարգսյանով ու չէր ընդունում այլոց քննադատական գնահատականները։ Եթե ամեն ինչ լավ է եղել, ապա ինչու՞ են ուզում փոխել, այլ ոչ թե բարելավել կամ շարունակել ընտրած կուրսը։ Նկատենք, որ դա արդեն պոպուլիզմ է և խաբեություն.  չորս տարի շարունակ ասել, որ ամեն ինչ լավ է և ճիշտ քաղաքականություն է վարվում, իսկ նախընտրական փուլում էլ հայտարարել, թե խոստանում ենք տնտեսական քաղաքականության փոփոխություն։

Եթե ՀՀԿ–ում ընդունում են, որ ձախողել են տնտեսական քաղաքականությունը, ապա պետք է հրապարակավ հայտարարեն այդ մասին, իսկ վարչապետին էլ համապատասխան գնահատական տան, այլ ոչ թե «պախկվոցի» խաղան հասարակության հետ և առաջարկեն «հավատափոխություն»։

Տիգրան Սարգսյանի տնտեսական քաղաքականությունն ամբողջությամբ տապալվել է, ինչը նշանակում է, որ իշխող ուժը պետք է պատասխանատվություն կրի դրա համար։ Նախևառաջ քաղաքական պատասխանատվություն։ Ասել է թե՝ ՀՀԿ–ն պետք է զրկվի քաղաքական մենաշնորհից, քանզի ներկա վիճակի գլխավոր պատճառը անվերահկելի իշխանության առկայությունն է։

Ինչ վերաբերում է վարչապետի «բարեշրջումներին», ապա  դրանցից հանրության հիշողության մեջ կմնան Ջերմուկը միջազգային առողջարանային կենտրոն դարձնելու շրջանակներում մոծակների դեմ պայքարը, Թաթայի համերգին ունեցած «պատմական» ելույթը, Գյումրին ծովափնյա քաղաք դարձնելը և կթելուց առաջ կովի պտուկները գոլ ջրով լվալու խորհուրդները։

Հետաքրքիր է, իսկ ի՞նչ կմնա Սերժ Սարգսյանի կառավարումից հետո, եթե, իհարկե, չհաշվենք Նալբանդյանի քաշքշված թշերը Ցյուրիխյան գործընթացի ժամանակ։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը