Հարցազրույց

20.04.2012 11:56


Արարատ Զուրաբյան

Արարատ Զուրաբյան

Երեկ էլեկտրոնային լրատվամիջոցներից մեկում տեղեկություն կար, թե «Ազատ դեմոկրատներ» կուսակցության հիմնադիր-անդամ Արարատ Զուրաբյանին նորից առաջարկվել է որևէ կերպ մասնակցություն ունենալ «Ժառանգության» նախընտրական շտաբի աշխատանքներին և քարոզչությանը, սակայն Զուրաբյանը դրա դիմաց Րաֆֆի Հովհաննիսյանից պահանջել է թիվ 4 ընտրատարածքի մեծամասնական պայքարից հանել Զարուհի Փոստանջյանին և սատարել«168 ժամ» թերթի խմբագիր Սաթիկ Սեյրանյանին: Զուրաբյանի այս պահանջը, սակայն, չի ընդունվել, ինչը երեկ «Հայկական ժամանակի» հետ զրույցում չի հերքել նաև ինքը` շեշտելով, որ լրատվամիջոցն իրենից լավ է տեղեկացված: Ներկայացնում ենք Զուրաբյանի հետ զրույցը.
-Կմեկնաբանե՞ք, թե ինչու չեք մասնակցում քարոզարշավին և ընդհանրապես որևէ միջոցառման:

-Կուսակցության շարքային անդամ եմ, իմ ձայնը կտամ համապատասխան միավորին, և բնականաբար, կարծում եմ` մասնակցության ձևը և չափը յուրաքանչյուր ոք ինքն է իր համար որոշում:

-Դուք ընդհանրապես գնո՞ւմ եք «Ժառանգության» շտաբ, մասնակցո՞ւմ եք որևէ աշխատանքի:

-Ես հանդիպում եմ իմ ընկերներին, փորձում եմ աջակցել նրանց` ինչով կարող եմ: Զուտ տեխնիկական աշխատանքով շտաբում չեմ զբաղվում և կարծում եմ, որ ամենակարևոր էլեմենտը չի դա:

-Նեղացա՞ծ եք «Ազատ դեմոկրատներից»` «Ժառանգության» հետ միավորվելու համար:
-Ինչի՞ց պետք է նեղանամ: Ընդհանրապես, եթե ինչ-որ բան ինձ դուր չի գալիս, ասում եմ:

-Իրական պատճառը ո՞րն է, որ ցուցակում չկաք:

-Ես ասել եմ, որ եթե լինի համահավասարազոր քաղաքական դաշինք, լինի քաղաքական դաշինք, ես կմասնակցեմ այդ ընտրություններին և կլինեմ այդ դաշինքի համամասնական ցուցակում: Սակայն, եթե պիտի մեկ կուսակցության շրջանակներում տեղավորվի այս գործընթացը, այնպես, ինչպես հիմա է, ապա մասնակցություն չեմ ունենա: Ընտրվել է այս մի ձևը, ես գտնում եմ, որ այդ ձևը ոչ նպատակահարմար է:

-Հնարավո՞ր է` դուրս գաք կուսակցությունից` ի նշան բողոքի:

-Նման խնդիր չի բարձրացվել, նման հարց չկա, ես ինքս նման հարց չեմ բարձրացրել երբևէ:

-Իսկ ձեզ գոհացնո՞ւմ է այն քարոզարշավը, որ հիմա տանում է «Ժառանգություն»-ը:

-Ընդհանրապես, այն գործընթացները, որ այսօր Հայաստանում տեղի են ունենում ընդհանուր քաղաքական դաշտի հետ կապված, այն նախընտրական գործընթացները, որ հիմա տեղի են ունենում, մի քիչ հեռացել են քաղաքականությունից: Ցավում եմ, որ այսօր այս վիճակն է մեր երկրում, լինի դա «Ժառանգության» պարագայում, թե այլ քաղաքական ուժերի:

Ընտրությունների վերահսկողության միասնական շտաբի աշխատանքները «Ժառանգության» կողմից բոյկոտելը ճի՞շտ եք համարում։

–Ճիշտն ասած` եթե այդ շտաբը կամ նմանատիպ շտաբ կայանա, ու հաջողվի քաղաքական ուժերին կայացնել այդպիսի մի միավոր, որը իրական վերահսկողություն կկարողանա իրականացնել, ապա, բնականաբար, շատ ավելի նպատակահարմար կլիներ, որպեսզի մասնակցությունը լիներ։ Ինչևէ, ես չեմ այդ հարցի որոշողը, ես կարծում եմ, որ թե՛ «Ժառանգության» և թե «Ազատ դեմոկրատների» մեջ համապատասխան ներուժ կա, որպեսզի հարցի վերջնական և ճիշտ լուծումը գտնեն։ Կարծում եմ` այս հարցի վերաբերյալ շահարկումները մի քիչ ավելի արհեստածին են, և ավելի գնահատելի կլիներ, որ Հայաստանում գոնե մի անզամ ստացվեր ինչ-որ մի հարթակ ստեղծել, որը կերաշխավորեր արդար ընտրությունների անցկացումը։

-Կարո՞ղ է այս շտաբը լինել այդ հարթակը։

–Եթե այս քաղաքական ուժերին հաջողվի իրականացնել այդ գործընթացը, բնականաբար` չեմ բացառում, որ այդ հնարավորությունը առկա է։

Այս խորագրի վերջին նյութերը