Տնտեսական

20.04.2012 10:00


Սերժ Սարգսյանին (բաց նամակ 4). Հայաստանում 0,5 մլն անդամալույծ, խելապակաս ու դեբի՞լ կա

Սերժ Սարգսյանին (բաց նամակ 4). Հայաստանում 0,5 մլն անդամալույծ, խելապակաս ու դեբի՞լ կա

2011թ. ամռանը` հուլիսին, երբ պաշտոնական վիճակագրությունը փաստել էր, որ ՀՀ-ից մեկնածների թիվը 110 հազարով ավելի է, քան ժամանածներինը, իրար էիք խառնվել։ Խորհրդակցություն էիք հրավիրել ու բոլորիս բացատրեցիք բնակչության թվաքանակի առեղծվածը։ Նախ վարչապետը, հետո ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալության պետ Գ. Եգանյանը հայտարարեցին, բա չեք ասի, սա սեզոնային միգրացիա է, հեսա աշունը կգա, մարդիկ ետ կգան ու ամեն ինչ տեղը կընկնի։ Վարչապետն առիթը չկորցրեց մի հերթական “իմաստուն” միտք արտահայտելու. Եթե նույնիսկ այդ 110 հազ. թիվը ճիշտ լիներ, ապա միևնույնն է, այն անհամեմատելի 1990-1998թթ Հայաստանը լքած 1 մլն քաղաքացիների թվի հետ։ Հետո էկրաններին հայտնվեցիք դուք։ Գեղեցիկ էիք, հաղթական։ Ամփոփեցիք կարճ. սեզոնային միգրացիա է, աշունը կգա մարդիկ ետ կգան։ Իսկապես լավ էր։ Զգացվում էր պետական գործիչը՝ խրոխտ, կոնկրետ, հոգատար (ինչպես ասվում է հայտնի ֆիլմում՝ все об Армении думаете), իր գործն իմացողի պես։ Շուտով էկրաններին հայտնվեց Գ.Սահակյանը։ 1990-1996թթ Հայաստանը լքել է 600 հազ մարդ, հայտարարեց նա։ Ապա կրկին վարչապետը՝ 1992-1995թթ լքել է 800 հազար մարդ։ Մի քանի օր առաջ միգրացիոն գործակալության պետը փայլատակեց՝ 1992-1994թթ Հայաստանը տարեկան լքել է 150-200 հազար մարդ՝ հիշեցրեց նա։ Ինչ կվարտետ եք։ Ոնց եք բոլորին տեղը դնում։ 

 Լավ, իսկ ի՞նչ է եղել։ Հանրապետության մակարդակով բնակչության թիվն էլ հո ստվերային տնտեսություն չէ, որ հաշվառման խնդիրներ լինեն։ Յուրաքանչյուր տվյալ պահին գիտենք (պետք է իմանանք) նախորդ տարվա (կամ հաշվետու ժամանակաշրջանին նախորդող) բնակչության թվաքանակը, ապա հայտնի է ծնվածների, մահացածների և բնական աճի թիվը, իսկ սահմանային անցակետերում էլ հստակ ֆիքսվում են մեկնողներն ու եկողները։ Պատկերավոր ասած շատ հանգիստ հանրապետության հրապարակում կարելի է մի էլեկտրոնային ցուցանակ դնել, որտեղ յուրաքանչյուր օր կարելի է ֆիքսել ինչքան մարդ կար տարեսկկզբին, ինչքան մարդ ծնվեց նախորդ օրը և տարեսկզբից ընկած ժամանակահատվածում, քանիսը մահացան, քանիսը դուրս եկան և քանիսը ներս եկան։ Այս թվերը էլեկտրոնային վահանակի վրա կարելի է ֆիքսել ամենօրյա և կուտակային (ասենք՝ տարեսկզբից) ռեժիմներով։ Կարելի է նաև առանձին սյունակով ֆիքսել 6-ամսյա վաղեմության մուտք ու ելքը, ինչն էլ բնութագրում է ՀՀ մշտական բնակչությունը։ Նշեմ, որ 6-ամսյա ժամկետը ՀՀ-ում օրենսդրորեն սահմանված է իբրև ռեզիդենտի (եկամտահարկի մասին օրենքով 183 օր), բնակչության թվաքանակի հաշվառման (բնակչության պետական ռեգիստրի մասին օրենք) և ընտրություններին մասնակցելու իրավունքի (ընտրական օրենսգիրք)՝ մշտական բնակիչ լինելու հանգամանք։ Եթե առիթ լինի ստանձնելու նման հարցեր լուծելու պատասխանատվություն, ապա վստահեցնում եմ, նման հրապարակային էլեկտրոնային վահանակի տեղադրումը օրերի հարց է։ Անցնենք բուն խնդրին։ Այս նամակում ես լայնորեն կօգտագործեմ իմ կողմից 2011թ սեպտեմբերին հրապարակած “Ո՞րքան է ՀՀ բնակչությունը” հոդվածի նյութերը։ 

Մեթոդաբանությունը։ Նախևառաջ, համառոտակի կանգ առնենք պաշտոնական վիճակագրության թվերի վրա (աղյուսակ 1 )։ Ըստ այդ աղյուսակի ՀՀ բնակչության թվաքանակը առ 01.01.12 կազմում է 3274.3 հազ. մարդ։ Ընդ որում մինչև 2002թ եղել է պաշտոնական վիճակագրության 2 թիվ։ 2001թ մարդահամարից հետո 2002թ սկսած առկա է 1 թիվ։ 

Հիմա տեսնենք թե ի՞նչ պաշտոնեական վիճակագրություն ունենք միգրանտների գծով։ Այստեղ առկա են 3 տեսակի թվեր։ Առաջինը այն մեկնողներն ու ժամանողներն են, որոնք գրանցվել են։ Սրանք միգրանտների մի փոքր մասն են կազմում։ Երկրորդը այն մեկնողներն ու ժամանողներն են, որոնք չեն գրանցվել, բայց արտացոլվել են քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (ՔԱԳՎ) հաշվետվություններում, իբրև միգրանտներ միայն ավիացիայի մասով։ 2002թ սկսած այս թիվը բացի ավիացիայից տրվել է նաև երկաթգծի ու ավտոմոբիլային տրանսպորտի կտրվածքով։ 

Երրորդը թվերն են, որոնք ստուգվել են ԱՊՀ երկրների վիճակագրական կոմիտերի կողմից (հատկապես 1991-1994թթ. համար) հետևյալ սկզբունքով՝ Հայաստանի համար “ելքը” պետք է “մուտք” լինի ԱՊՀ մեկ այլ պետության համար (միգրանտների համապատասխան հոսքի համար)։ Միանգամից նշենք, որ միգրանտների իրական թիվը հնարավոր է պարզել միմիայն ելքի ու մուտքի անձնագրային ծառայության կողմից (ռուսական սահմանապահներ) և ակնհայտ է, կառավարությունը պարտավոր է անընդհատ հրապարակել քանի ելքի և քանի մուտքի կնիք է խփվել։ “Վիճելի” թվերն են 1988-ի երկրաշարժից հետո Հայաստանը լքած քաղաքացիների թվաքանակը, այդ թվում նաև այն քաղաքացիների թվաքանակը, որոնք հետագայում ետ են վերադարձել։ Այս մասով, օրինակ, պաշտոնական վիճակագրությունը նշում է, որ 1990թ հունվարի 1-ի դրությամբ բնակչության թվաքանակի կտրուկ աճը 1989-ի նկատմամբ (175.7 հազ մարդով ԽՍՀՄ վիճպետկոմի թվի նկատմամբ և 14.7 հազ մարդով ՀՀ վիճակագրական ծառայության թվի նկատմամբ) բացատրվում է էվակուացիայից հանրապետություն վերադարձած բնակչությամբ (Статистический ежегодник Армении, 1990год, Ереван, 1991, с.275.)։ Այնուամենայնիվ, այսօրվա ձեր կառավարության վիճակագրությամբ աղետից էվակուացվածների թիվը գնահատվում է 200 հազար մարդ (http://www.backtoarmenia.com/?page=ma )։ “Վիճելի” թվերից մյուսը Ադրբեջանից ներգաղթած փախստականների և բռնի տեղահանվածների թիվն է։ Այս թվի “բացահայտումը” կատարվել է միայն 1994-ին։ “Ըստ ՀՀ Փախստականների հարցերով պետական վարչության տվյալների տարեվերջին (1994թ) հանրապետությունում բնակվում էր փախստականի կարգավիճակ ունեցող 304 հազ. մարդ, այդ թվում 85.4 հազարը չունեն գրանցում և այդ իսկ պատճառով չեն հաշվառվել հանրապետության մշտական բնակչության թվաքանակում (ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2004 թվականի հունվար-դեկտեմբերին, Երևան, 2005, էջ 3)։ Մեկ այլ վիճակագրության համաձայն հայ-ադրբեջանական առճակատման հետևանքով Հայաստանում եղել է 302 հազ փախստական և 74 հազ. բռնի (ներքին) տեղահանված (http://www.memo.ru/hr/hotpoints/karabah/nemcy/Chapter4.htm;http://www.backtoarmenia.com/?page=ma)։ Ըստ այսօրվա ձեր կառավարության տվյալների Ադրբեջանից ներգաղթածների իրական թիվն ավելի մեծ է՝ 420 հազար մարդ (http://www.backtoarmenia.com/?page=ma)։ 

Բոլոր դեպքերում այդ 3 տեսակ թվերից մենք կոնկրետ տարվա համար վերցրել ենք ամենամեծը նույնիսկ եթե այդտեղ եղել է քաղաքական ենթատեքստ։ Այսպես, այն, որ 1992-1998թթ ըստ ՔԱԳՎ տվյալների մեկնողների թիվը 610.6 հազ մարդով ավելի է եղել եկողներից մենք իմանում ենք միայն 1999-ին (Социально-экономическое положение РА в январе-декабре 1998г. Ереван, 1999, с.89)։ Իսկ այդ 610 հազարի բաշխումը ՀՀ ԱՎԾ-ա տալիս միայն 2001-ին՝ մարդահամարի տարում։ Այնպիսի տպավորություն կա, որ այստեղ գործ ունենք նախկին իշխանությունների վրա գործ սարքելու միտումի հետ։ 

Վերլուծությունը։ Անցնենք կոնկրետ թվերի վերլուծությանը։ Ինչպես ասացինք, պաշտոնական մակարդակով ՀՀ ստարտային բնակչությունը տարբեր է՝ 3288 հազ (ԽՍՀՄ վիճպետկոմի տվյալներ) և 3449 հազ մարդ (ՀՀ ԱՎԾ)։ Ակներևաբար այս թվի մեջ ներառված չէ (կամ մասամբ է ներառված) 1989-ին՝ 1988-ի երկրաշարժից հանրապետությունը լքած մարդկանց թիվը։ Ըստ մեր գնահատումների 1988-1989թթ երկրաշարժից հետո հանրապետությունը լքել է 250 հազ. մարդ, որոնցից 175.7հազ. 1990-1991թթ վերադարձել է։ Երկրաշարժի պատճառով Հայաստանը ընդմիշտ լքածները հիմնականում տեղավորվել են ՌԴ Կրասնոդարի և Ստավրոպոլի երկրամասերում, Ռոստովի մարզում և Ուկրաինայում (Ղրիմ)։ ՚1989-1990թթ Հայաստանը լքել է 15.2 հազ գրանցված մարդ, իսկ 1988-1989թ հանրապետությունը լքել է 83.6 հազ մարդ։ Այդ նույն ժամանակ 1989-1990թթ ներգաղթել է 376 հազ մարդ (Ադրբեջանից ժամանած փախստականներ)։ Հետագայում այս թիվը ճշգրտվում է՝ 420 հազ մարդ։ 1990-ին հանրապատությունը լքել է 6.3 հազ մարդ՝ կապված ԽՍՀՄ քայքայման, շրջափակումների, պատերազմի և կենսապայմանների վատթարացման հետ։ Նշված 420 հազարից 370-ը հետագայում լքում են Հայաստանը՝ հիմնականում ապավինելով փախստականների օժանդակության ՄԱԿ-ի, արտասահմանյան տարբեր երկրների ծրագրերին։ Վերը նշված 610 հազարից 370 հազարն այս փախստականներն են։ Խնդիրն այստեղ այն է, որ նրանց մեկնումը Հայաստանից հստակ ֆիքսված է 1992-1998թթ տվյալներով, բայց ահա ժամանումը Հայաստան՝ ոչ։ Արդյունքում, երբ 1994-ին երկիրը առաջին անգամ փորձեց հաշվառել Ադրբեջանից ժամանած փախստականներին, նրանց մի մասն արդեն Հայաստանում չէր, չնայած հաշվառվել էր այսպես ասած ետին ամսաթվով։ 

Այսպիսով, Ադրբեջանից ժամանած փախստականների “մուտքը” Հայաստան կազմակերպված ձևով չարձանագրելը հանգեցրել է հետագայում (1992-1994թթ) արտագաղթի արհեստական ուռճացմանը։ 

Հաշվարկը։ Ընդհանուր առմամբ 1989-2011թթ Հայաստանը լքել է առնվազը 949.9 հազ մարդ, որից 89.9 հազ. 1989-1990թթ, 594.9-ը՝ 1991-1997թթ (դրանցից միայն 224.8 հազ եղել է ՀՀ քաղաքացի) և 265.1 հազ. Հայաստանը լքել է 1998-2011թթ։ Այսպիսով, այսօրվա իշխանությունների վիճակագրությամբ նախկին իշխանության պատերազմի տարիներին Հայաստանը լքել է 224.8 հազ քաղաքացի (չհաշված ավտոտրանսպորտով և երկաթուղով մեկնածների ու եկածների հաշվեկշիռը), իսկ 1998-2011թթ խաղաղ տարիներին՝ 265.1 հազ. (չհաշված 1998-2001թթ ավտոտրանսպորտով և երկաթուղով մեկնածների ու եկածների հաշվեկշիռը)։ Նկատենք, որ մեր կողմից 2012թ հունվարի մեկի դրությամբ ստացված 3177 հազ թիվը էականորեն տարբերվում է ընթացիկ հաշվառմամբ արտահայտված 3274.3 հազ թվից։ Եթե սրան ավելացնենք այն, որ ըստ 2001թ մարդահամարի տվյալների ունենք 258 հազ ժամանակավոր բացակայող (47.5 հազ ժամանակավոր ներկայի պարագայում), ապա 2012-ի հունվարի մեկի դրությամբ ՀՀ առկա բնակչության առավելագույն հնարավոր թիվը կազմում է 2966.5 հազ մարդ։ Այս թիվն իր մեջ չի ընգրկում 1992-2001թթ երկաթուղով և ավտոտրանսպորտով հանրապետությունը լքածներին, ինչպես նաև ոտքով սահմանը հատած քաղաքացիներին։ Նկատի ունենալով տրանսպորտի տարբեր տեսակների միջև 2002-2010թթ ուղևորաշրջանառության ձևավորված համամասնությունը (57%-ը ավիացիա, 43%-ը ավտոտրանսպորտ + երկաթուղի[1]), 90-ականներին օդային տրանսպորտի հեգեմոն դիրքը և այն էքստրապոլյացիա անելով 1992-2001թթ ուղևորաշրջանառության նկատմամբ ստանում ենք 210 հազ թիվը։ Այսպիսով, կարելի է վստահաբար պնդել. ՀՀ բնակչությունը (մշտական) 2756.5 հազ մարդուց ավել չէ։ Իրականում ՀՀ ԱՎԾ ամեն տարի շուրջ (առնվազն) 517.8 հազ մարդով “չափազանցնում” է բնակչության իրական թիվը։ 

2011թ հոկտեմբերին մարդահամար անցկացրեցիք։ Իմ հաշվառմամբ (դատելով ԱՎԾ պետի հայտարարություններից) մոտավորապես ծախսվել է շուրջ 10 մլն դոլար, այդ թվում 3-ը բյուջեից։ Բոլոր դեպքերում խոսքը միլիոնավոր դոլարների մասին է։ Նախնական թվեր եք հայտարարել՝ հաշվեգրված բնակչություն՝3.285 հազ. մարդ, առկա բնակչություն՝ 2871.5 հազ մարդ։ Մշտական բնակչության թիվը չեք հայտնում։ Ասում են պատրաստ կլինի 2012-ի հոկտեմբերին։ Միաժամանակ տեղեկանում ենք, որ մշտական բնակչության տակ ՀՀ ԱՎԾ-ն հասկանում է տվյալ տարածքում մշտապես բնակվող և հաշվառման պահին ներկա ու ժամանակավոր բացակայող բնակչության հանրագումարը։ Իբրև ժամանակավոր բացակայող դիտարկվում է մարդահամարի պահին իր հիմնական (մշտական) բնակության վայրից մինչև մեկ տարի ժամկետով բացակա անձը (տես՝http://www.armstat.am/file/doc/99469158.pdf)։ Առաջ անցնելով ասեմ, որ սա խայտառակություն է, վոլյունտարիզմ։ Այն պարզ պատճառով, որ, ինչպես ասացինք վերևում, ՀՀ մշտական բնակչությունը օրենսդրորեն սահմանված է իբրև ռեզիդենտի (եկամտահարկի մասին օրենքով 183 օր), բնակչության թվաքանակի հաշվառման (բնակչության պետական ռեգիստրի մասին օրենք) և ընտրություններին մասնակցելու իրավունքի (ընտրական օրենսգիրք)՝ մշտական բնակիչ լինելու հանգամանք։ Իսկ այտեղ ահա մինչև մեկ տարի։ Պատկերացնում եք երևի, որ ԱՎԾ խաղեր է տալիս։ 6 ամսվա տեղը 1 տարի։ Դե դա թույլ կտա մի 5-7%-ի “լուֆտ” ունենալ։ Պետք կգա։ ԱՎԾ պետը մտածում է, մեկ էլ տեսաք նորից նախագահ ընտրվեցիք։ Ավանսով լավություն է անում։ Ու մեկը չկա դրա մի լավ տեղից բռնի ու ասի, սիրելի բարեկամ մենք մշտական բնակչության ու ռեզիդենտի օրենքներ ունենք, մենք մարդահամարներ ենք անցկացրել 1926, 1939, 1959, 1970, 1989 և 2001թթ։ Եվ ուրեմն, որպեսզի այդ թվերը լիարժեք լինեն միշտ էլ քննարկել ենք 6 ամսյա ժամկետը՝ իբրև մշտական բնակչության ատրիբուտ։ Մեկ տարին ո՞րն է։ Հասկանում եք, որ վերը նշված միլիոնները պարզապես ջուրն են լցրել։ Չէ, չեք հասկանում։ Այլապես դա չէիք անեի։ 

Կորուստները։ Եթե մեզ հաջողվեր կանխել արտագաղթը, ապա ՀՀ բնակչությունը 01.01.2012 պետք է կազմեր 4269.9 հազ մարդ (3205 + 949.9 + 115[2])։ Այս լրացուցիչ մեկ միլիոն հարյուր հազարը լիուլի բավարար էր Ղարաբաղն ու նրան հարակից տարածքները բնակեցնելու, հիմնախնդիրը քաղաքական հարթությունից նաև հումանիտար հարթություն տեղափոխելու համար։ Սա էր մեր միակ հաղթաթուղթը։ Սրա փոխարեն հայերը ստիպված գերադասում են տեղափոխվել և ՀՆԱ-ն գեներացնել այլ երկրներում։ Սա արդեն ավելի շատ նման է մարդկանց արտահանման, քան արտագաղթի։ Հայերն իրենց ընտանեկան եկամուտները գնալով աճող չափերով վաստակում են իրենց երկրի սահմաններից դուրս։ Ստացվող տրանսֆերտներն էլ ոչ այլ ինչ են, եթե ոչ ռենտային վճար արտահանված աշխատուժի օգտագործման համար։ Եվ եթե կա իշխանություների կողմից քարոզվող “հայկական աշխարհ”, ապա այն հենց սա է։ Ուրիշ առանձնահատուկ, ուշադրության արժանի “աշխարհաստեղծ” գործոն հայությունն այսօրվա վիճակով չունի։ Եվ սրա մեղքը Ձերն է ու Ռ.Քոչարյանինը։ Այդ նույն Լաչինում միայն 1994թ ծանր տնտեսական տարում բնակություն հաստատեց 22 հազ մարդ, այսօր այդ թիվը 8 հազարից ավելի չէ։ Մինչդեռ միլիոն պետք է լիներ։ Հետո էլ ով դուրներդ չի գալիս թուրք եք անվանում։ Ինքներդ դատեք, թե ո՞վ է թուրքը։ 

2008-2009թթ տնտեսական ճգնաժամը։ Վերլուծությունը ցույց է տալիս, որ ճգնաժամը ավելի խորն է եղել աշխատանքային ռեսուրսների դեֆիցիտ ունեցող երկրներում, որոնք ստիպված են դիմելու ներգաղթողներին (չնայած, առերևույթ հասարակական հնչեղություն ստացած միգրանտոֆոբիային)։ Այս երկրներն են՝ ԱՄՆ-ն, Կանադան, Ռուսաստանը, Ավստրալիան, Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ը, Իտալիան, Եվրամիության այլ երկրներ և այլն։ Կազմակերպված ներգաղթը թույլ է տալիս բարձրացնել աշխատանքի սահմանային արդյունքը, էժանացնել միավոր արտադրանքի ինքնարժեքը և բարձրացնել հայրենական արտադրության մրցունակությունը։ Ճգնաժամը շատ ավելի թույլ հետևանքներ ունեցավ այն երկրներում, որտեղ առկա էր աշխատուժի ավելցուկ. Չինաստան, Հնդկաստան, Պակիստան, բարձր ծնելիություն ունեցող մահմեդական երկրներ և այլն։ Վերջապես, ճգնաժամն աղետալի հետևանքներ ունեցավ այն երկրներում, որտեղ առկա է աշխատուժի դեֆիցիտ (աշխատանքի շուկան դեֆիցիտային է), բայց, այնուամենայնիվ, տեղի ունի բացասական միգրացիա։ Այդպիսի երկրները քիչ են. Հայաստան, Լատվիա, Ուկրաինա։ Պատահական չէ, որ հենց այս երկրներում է առկա երկնիշ թվերով տնտեսական անկում։ Դեֆիցիտային աշխատանքային շուկայի պայմաններում արտագաղթն իջեցնում է աշխատանքի սահմանային արդյունքը և երկրի տնտեսությունը դարձնում անմրցունակ։ Պատահական չէ, որ 2002թ դոլարային գներով հաշված ՀՀ արտահանման ծավալներն անընդհատ անկում են ապրել։ 8 տարում դրանք մնացել են միևնույն մակարդակի վրա։ եղել են. 2002թ - 507.2, 2003թ - 633.7, 2004թ - 624.5, 2005թ - 775.5, 2006թ - 765.9, 2007թ - 825.2, 2008թ - 762.1, 2009թ - 499.0 և 2010թ 624.8 մլն դոլար։ Այսինքն, առկա է արտահանման բացարձակ ծավալների անկման միտում։ Բացատրություն էլ պարզ է. ի՞նչու արտահանել ապրանքներ ու ծառայություններ, եթե կարելի է գնալ (այսինքն՝ արտագաղթել) և տեղում արտադրել։ 

Կապը։ Այժմ փորձենք վերլուծել արտագաղթի և ՀՆԱ-ի ու արտահանման ծավալների ցուցանիշների միջև եղած կապը 2002-2010թթ։ Վերլուծությունը ցույց է տալիս, 2002-2010թթ արտագաղթի և ՀՆԱ հավելաճի տեմպերի միջև կապը (կորելյացիան) հավասար է -0.761-ի, իսկ արտագաղթի և արտահանման ֆիզիկական ծավալների միջև եղած կորելյացիան -0.315 է։ Առաջին դեպքում առկա է բարձր (բայց ոչ համընդհանոր) բացասական (հակադարձ) կորելյացիա քննարկվող փոփոխականների միջև։ Տնտեսագիտորեն այս կապը կարելի է բնութագրել այսպես. ՀՆԱ դրական տեմպերով աճը հարաբերականորեն նվազեցնում է արտագաղթը, սակայն նկատի ունենալով ՀՀ տնտեսության մեջ աշխատուժի արդյունավետության (աշխատանքի արտադրողականության) ցածր մակարդակը, միևնույնն է չի կասեցնում այն։ Միգրացիայի դրական հաշվեկշիռը ստացվում է սկսած 7.4% տնտեսական աճից, իսկ արտագաղթը կարելի ամբողջությամբ դադարեցնել ապահովելով ՀՆԱ տարեկան հավելաճ 15%-ի շրջանակներում։ -0.315 գործակիցը (կորելյացիան արտագաղթողների և արտահանման միջև) մեզ հուշում է այն մասին, որ արտահանմանը չմիտված տնտեսական աճը չի կարող արտագաղթի արմատական լուծման հիմք ծառայել։ Հիմա Ձեզ հասկանալի է, որ 2010թ 2.1 և 2011թ 4.6% տնտեսական աճերը (եթե դրանք նույնիսկ եղել են) ոչ մի հարց չեն լուծում։ Հիմնախնդիրը խորանում է։ Ձեր այս նախընտրական ծրագրով խոստացածը կատարելու դեպքում (եթե հանկարծ դուք նորից հաղթեք) միմիայն ծանրանալու է Հայաստանի վիճակը։ 

Կառուցվածքը։ Այժմ մի քանի խոսք արտագաղթի հետևանքով ՀՀ բնակչության կառուցվածքի աղավաղումների մասին։ Արտագաղթը ոչ միայն նվազեցնում է երկրի համար մեկ ռեսուրսի՝ աշխատուժի ծավալները, այլև խեղում է այդ նույն աշխատուժի կառուցվածքը։ Ի՞նչ ձևով ու տնտեսագիտական բովանդակությամբ են հադես գալիս այդ խեղումները։ 

1.Արտագաղթի է դիմում բնակչության, որպես կանոն, կրթված ու համեմատաբար երիտասարդ հատվածը։ Ամերիկացիներն, օրինակ, իրենց երկիրը գնահատում են 130 տրլն դոլար, որից 40-ը ազգային հարստությունն է (նյութական ակտիվներ), իսկ 90-ը մարդկանց արժեքը (1 ամերիկացին գնահատվում է 300000 դոլար)։ Մի շարք կորպորացիաներ իրենց հաշվեկշիռների մեջ ներառում են մարդկանց (անձնակազմը)։ Այսպիսով, միջազգային գներով մագիստրական կրթություն ստացած մեկ մասնագետի ծախսը 300 հազ դոլար է (կարևոր չէ, ինչքան է փաստացի կրթավճարը)։ Եթե 1991-2010թթ արտագաղթած 1100 հազ մարդուց 500-ը ունեցել է բարձրագույն կրթություն, ապա Հայաստանի 150 մլրդ դոլարով սուբսիդավորել է այն երկրներին, ուր մեկնել են մեր հայրենակիցները։ Այսքանից հետո ոմանք դժգոհություն են հայտնում հայ միգրանտներից։ 

2.Արտագաղթում է ձեռնարկչատիրական եռանդ ունեցող հատվածը։ Հայտնի է, որ լավագույն դեպքում Արևմուտքում ձեռնարկչատիրական եռանդ է դրսևորում բնակչության 40 տոկոսը։ Մեր հաշվարկներով Հայաստանում այդ թիվը կազմում է 7 տոկոս (առանց գյուղացիական տնտեսությունների, որոնք արտադրող միավորներ են, բայց ձեռնարկչատիրության կրողներ չեն)։ Գնահատականները ցույց են տալիս, որ արտագաղթին դիմած մարդկանց մեջ ձեռնարկչատիրական եռանդը 30% է։ 

3.Արտագաղթի հետևանքով խեղվում է բնակչության սեռական կառուցվածքը։ Իջնում է տղամարդկանց կշիռը, ավելանում կանանց կշիռը։ Արդյունքում իջնում է ամուսնությունների թիվը, նվազում է մնացած (չարտագաղթած) բնակչության բնական աճը։ 

4.Արտագաղթի հետևանքով խեղվում է բնակչության կառուցվածքը. իջնում է երիտասարդների թիվն ու տեսակարար կշիռը, ավելանում թոշակառուների ու հաշմանդամների տեսակարար կշիռը։ 

Բնակչության թվաքանակի ստուգումը տնտեսապես ակտիվ բնակչության թվաքանակով։ Մինչև այս պահը մենք բնակչության թվաքանակի բացարձակ մեծությունը քննարկել ենք գործող վիճակագրության թվերի վրա հենվելով։ Ենթադրել ենք, որ դրանք դիտավորյալ խեղաթյուրված չեն։ Արդյունքում ստացանք, որ ՀՀ բնակչությունը լավագույն դեպքում 2756.5 հազ մարդ է և պաշտոնական թվից տարբերվում է 517.8 հազ մարդով։ Այսինքն, հենց պաշտոնական թվերով իրականում իշխանությունները խորամանկում են ավելի քան կես միլիոնով։ Այնուամենայնիվ, որոշ այլ վերլուծություններ թույլ են տալիս մեզ եզրակացնելու, որ նույնիսկ այդ պաշտոնական թվերը հեռու են (կարող են հեռու լինել) իրականությունից։ Ասվածի լավագույն ապացույցն է տնտեսապես ակտիվ բնակչության (ՏԱԲ) տեսակարար կշռի կտրուկ իջեցումը մշտական բնակչության (ՄԲ) մեջ։ Ինչպես հայտնի է, ՏԱԲ-ը աշխատանքային ռեսուրսների այն հատվածն է, որը ներկայացնում է աշխատանքային շուկան (անկախ այն բանից, նրանք աշխատում են, թե՝ ոչ)։ Աշխատանքային ռեսուրսներից ՏԱԲ-ի մեջ չեն մտնում սովորողներն ու ուսանողները, տնային տնտեսություն վարողները, խնամողները, աշխատանք չփնտրող անձինք։ Բնակչության թվից ՏԱԲ-ի մեջ չեն մտնում թոշակառուները, անդամալույծները, հիվանդները, խելապակասները, մտավոր թերություն ունեցողները (դեբիլները) և այլն։ Մեր երկրում ստեղծվել է առանձնահատուկ (աշխարհի մասշտաբով) իրավիճակ։ ՏԱԲ-ը կազմում է ՄԲ-Ի 36.2 տոկոսը։ Այդպիսի ցածր ցուցանիշ ունի, օրինակ, Սոմալին, Ջիբութին, Պակիստանը կամ Սուդանը, ուր բնակչության բնական աճը անցնում է տարեկան 2 տոկոսից ավելի քան 3 տասնամյակ շարունակաբար։ Հայաստանը, որտեղ բնակչության սեռա-տարիքային կառուցվածքը նման է ՌԴ-անը կամ Ուկրաինային, ինչպես տեսնում ենք, ունի վերջիններիցս անբնականորեն տարբերվող ՏԱԲ տեսակարար կշիռ։ Եթե, օրինակ Ռուսաստանի ՏԱԲ-ի ցուցանիշը (53.3%) կիրառում ենք Հայաստանի նկատմամբ, ապա ՀՀ բնակչությունը պետք է կազմեր՝ 1182.2/0.533 = 2218 հազ մարդ։ Եթե վերցնում ենք Ուկրաինայի ՏԱԲ-ի ցուցանիշը (45.8%), ապա ՀՀ բնակչության առավելագուչն թվաքանակը պետք է կազմի 1182.2/0.458 = 2581.2 հազ մարդ։ Դուք հասկանում եք սա ի՞նչ է նշանակում։ Վերը բերված 2756.5 թվից առաջինը տարբերվում է 538.5 հազ մարդով, իսկ երկրորդից՝ 175.3 հազ մարդով։ Այսինքն, հնարավոր է, մեր երկրում կա շուրջ 0.2-0.5 մլն հիվանդ, անդամալույծ, խելապակաս ու դեբիլ։ Այսինքն, չի բացառվում, որ պաշտոնական վիճակագրությունը թաքցնում է մինչև 1056.3 հազ մարդու բացակայությունը երկրից։ Ու՞ր ենք հասել։ Ե՞րբ է վերջանալու այս մղձավանջը։ Ե՞րբ։ 

Հրանտ Բագրատյան

տնտեսագիտության դոկտոր (Ռուսաստան, Ուկրաինա, Հայաստան), Փիլիսոփայության դոկտորի թեկնածու (ԱՄՆ), Երևանի ռուս-հայկական համալսարանի պրոֆեսոր, Ուկրաինայի ազգային բանկի (Կիև) համալսարանի պրոֆեսոր, ամբիոնի վարիչ, Միչիգանի համալսարանի (ԱՄՆ) և ՌԴ նախագահին կից, Ժողովրդական տնտեսության ակադեմիայի հրավիրյալ դասախոս, ՌԴ հումանիտար ակադեմիայի ակադեմիկոս, Արժույթի միջազգային հիմնադրամի խորհրդական (Վաշինգտոն, 1997), ՀՀ վարչապետ (պաշտոնակատար) 1991, 1993-1996թթ, Ազատություն կուսակցության նախագահ, ՀԱԿ տնտեսական հանձնաժողովի համակարգող 

Այս խորագրի վերջին նյութերը