Մեկնաբանություն

19.04.2012 00:00


Չհավատալ Սերժ Սարգսյանին

Չհավատալ Սերժ Սարգսյանին

Դժվարանում եմ ասել, թե ինչու է Սերժ Սարգսյանը որոշել քարոզարշավի ժամանակ շեշտը դնել «հավատալ–չհավատալու» վրա, բայց փաստն այն է, որ ՀՀԿ–ն հանդես է գալիս «Հավատանք, որ փոխենք» անեկդոտների անսպառ աղբյուր հանդիսացող կարգախոսով, իսկ ՀՀԿ համամասնական ցուցակի առաջին համարը ելույթ ունենալիս պարբերաբար կոչ է անում չհավատալ ուրիշների սուտ խոստումներին։

Հարկ է առանձնահատուկ շեշտել, որ ով ով, բայց Սերժ Սարգսյանը պետք է, որ նման կոչերով հանդես չգա, քանզի իր պաշտոնավարման ամբողջ շրջանն ուղեկցվել է սուտ խոստումներով և նյուվասյուկիստական ծրագրերով։

Բոլորիս է հայտնի, թե ինչեր էր խոստացել առաջիկա հինգ տարիների համար ՀՀԿ–ն 2007–ի իր նախընտրական ծրագրով՝ ՀՆԱ, արտահանման և աշխատավարձերի կրկնակի աճ, այնինչ եղավ տնտեսական անկում և բիզնես–միջավայրի վատացում։ Մեզ հիմա ասում են, թե դա միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանք է, բայց մենք չենք մոռացել, որ ըստ վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ այդ ճգնաժամը պետք է շրջանցեր Հայաստանը ու մենք դեռ մի բան էլ պետք է օգտվեինք դրանից։

ՀՀԿ–ն խոստացել էր ներդրումների եռակի աճ և աղքատության մակարդակի նվազեցում 1,5 անգամ, այնինչ առկա է կապիտալի արտահոսք, իսկ աղքատների քանակն ավելացել է՝ ներառելով ՀՀ բնակչության ավելի քան 35 տոկոսը։

Վարչախմբի կողմից խոստացվել էր Դիլիջանը դարձնել միջազգային ֆինանսական կենտրոն, Ջերմուկը՝ առողջարանային կենտրոն, Գյումրին՝ տեխնոպարկ ու «ծովափնյա» քաղաք։ Սերժ Սարգսյանի խոստումների շարքի մեջ էին նոր ատոմակայանի կառուցումը, իսկ Իրան–Հայաստան երկաթգծով հիմա մենք պետք է ուղևորվելիս լինեինք, եթե հավատայինք նախագահի ԱԺ–ում արված ուղերձին։ Ինչպես հայտնի է, այս ամենը բլեֆ դուրս եկավ ու այդպես էլ պետք է լիներ։

Չիրականացված խոստում էր նաև «ֆուտբոլային» դիվանագիտության միջոցով հայ–թուրքական սահմանի բացումն ու դիվանագիտական հարաբերությունների հաստատումը։ «Նախաձեռնողականությունից» մնացին միայն ֆուտբոլի գնդակը, Նալբանդյանի փորձության ենթարկված այտերը, Սերժի հրճվանքը մերոնց գոլ «ուտելուց» հետո և Գյուլի տիկնոջ պատրաստած քյաբաբները։

Հիմա, երբ Սերժ Սարգսյանը հանդես է գալիս խոստումներին չհավատալու կոչով՝ տպավորությունն այնպիսին է, որ նա ինքն իր դեմ է քարոզչություն անում։ Այնպես, որ ՀՀԿ ղեկավարի թիմակիցները ճիշտ կանեն, եթե հուշեն նրան փոխել բառապաշարը և գոնե օգտագործել «Մեզ չհավատացիք ու դրա համար էլ ոչինչ չկարողացանք փոխել կամ ամեն ինչ փոխեցինք դեպի վատը» ձևակերպումը, այլապես անհարմար բան է ստացվում։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.: Եթե վերջին չորս տարիներին իշխանության PR–դեմքը տխրահռչակ Տիգրան Սարգսյանն էր, ապա այժմ նրան ցույց չեն տալիս քարոզչական հոլովակներում։ Երևի ՀՀԿ–ում էլ են հասկանում, որ վարչապետը ստի ու բլեֆ–խոստումների քայլող մարմնավորումն է և պետք չէ ավելորդ տեղը գրգռել ընտրողներին։ Չնայած այդ ամենից հետո էլ վիճակը մնում է նույնը։

Մի խոսքով, Սերժ Սարգսյանի գործն էլ մի բան չի. նա ստիպված է թաղ առ թաղ քարոզել իր համամասնական ցուցակի (Գեղամյան, Մանվել, Շուշան և այլն), ինչպես նաև ՀՀԿ–ի գաղափարական առաջամարտիկներ Սամվելի, Մհերի, Արտակի և մյուսների օգտին։

Ամենաինտրիգային հանդիպումը և քարոզչությունը սպասվում է Վանաձորում։ Հետաքրքիր կլինի տեսնել, թե Սերժն ինչպես է կոչ անելու ձայնը տալ ՀՀԿ–ի մեծամասնական թեկնածու Վիկտոր Դալլաքյանի օգտին։ Հետաքրքիր է նաև այն, թե արդյոք Վիկտորը կրկի՞ն փորձելու է պատգամավոր դառնալ «Ձեր թոշակները ինչի ա ցածր, աշխատավարձերը ինչի ա ցածր։ Որովհետև Սերժը, որ Մոնտե–կառլո ա գնում...» նախադասությունների օգնությամբ։

Այս խորագրի վերջին նյութերը