Հարցազրույց

12.04.2012 15:12


Մանվել Սարգսյան.

Մանվել Սարգսյան.

Հարցազրույց Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի գիտական մասի գծով տնօրեն Մանվել Սարգսյանի հետ

Դուք տարբեր առիթներով հայտարարել եք, որ Հայաստանում ընտրությունների միջոցով որևէ փոփոխության հասնել հնարավոր չէ, նույն կարծիքի՞ն եք մնում։

–Մենք վերլուծական կենտրոն ենք և, փաստորեն, փորձագիտական կարծիքներ ենք ներկայացնում։ Դա է մեր կարծիքը։ Կարծում եմ՝ բավական մանրամասն ենք ներկայացրել այն հանգամանքը, որ լիարժեք ընտրություններ անցկացնելու համար, առավել ևս՝ եթե այդպիսի խնդիր է դրված իշխանափոխության հասնելու, իհարկե պետք է մտածել այդ մասին։ Ինչպե՞ս  կարելի է դա անել, եթե երկրում չի գործում ազատ ընտրությունների մեխանիզմը. դա կարևորագույն, ֆունդամենտալ հարց է։

–Ինչպե՞ս է այդ կարծիքը համատեղվում այն հանգամանքի հետ, որ հետազոտական կենտրոնի հիմնադիրը Րաֆֆի Հովհաննիսյանն է, ով քաղաքական կուսակցություն է ներկայացնում, որը մասնակցում է ընտրություններին՝ դրանից բխող բոլոր նպատակներով։

–Դա ինչ–որ տեղ ապացույց է այն բանի, որ մենք բազմիցս կրկնել ենք, որ վերլուծական կենտրոնը ապակուսակցական մարմին է, և մենք չենք կուսակցականացվում։ Կուսակցություններն իրենց տեսակետն ունեն, բայց մենք կարծում ենք, որ բոլորը պետք է լուրջ մտածեն՝ հնարավո՞ր է կուսակցությունների ջանքերով ընտրությունների ժամանակ հասնել նրան, որ ընտրական մեխանիզմն աշխատի։ Եթե քաղաքական կուսակցությունները Հայաստանում գտնում են, որ հնարավոր է, դրա համար, փաստորեն, փորձեր են արվում տարբեր ձևեր գտնել և կանխել այն մեթոդները, որոնք պարարտացնում են ընտրական մեխանիզմը։ Ընտրությունները ցույց կտան՝ հնարավո՞ր է դա անել, թե՞ ոչ։

Այդ դեպքում ընտրությունների վերահսկողության միասնական շտաբի աշխատանքը որքանո՞վ կարող է նպաստել ազատ ընտրությունների անցկացմանը։

–Առաջինը՝ այդ շտաբը պետք է կայանա, որը բարդ խնդիր է։ Երկրորդ՝ շտաբը պետք է ոչ թե դեկլարատիվ ասի՝ «մենք ունենք միջոցներ ազդելու, որպեսզի ընտրակեղծիքներ չլինեն», այլ պետք է ցույց տա, թե ով է դա անելու։ Եթե դա ժողովուրդն է անելու, պետք է իմանա՝ ինչպես անի։ Եթե կուսակցություններն իրենց ջանքերով կարող են կանխել բացասական երևույթները, դա պետք է ցույց տրվի։ Ես դա դեռ չեմ տեսնում, որովհետև տեսնում եմ, թե ոնց է աշխատում ադմինիստրատիվ մեխանիզմը, և ոնց են գործում իշխանությունները. մասսայական ժողովրդին քշում են միտինգներ. թեկուզ երեկվա Հանրապետական կուսակցության միտինգը, որը եղել է Էջմիածնում, կարծում եմ՝ վառ օրինակ է։ Այսինքն, աչքի առաջ կատարվում են բացասական պրոցեսներ, և մեծ մասշտաբով է դա արվում։ Ընտրությունները միայն քվեարկության օրը չէ և քվեաթերթիկները չեն։ Հրազդանի քաղաքապետի ընտրությունները ցույց տվեցին, որ ամեն ինչ կարելի է նախօրոք անել և որևէ հույս չթողնել, թե  քվեարկության օրը մարդիկ կփորձեն թույլ չտալ ընտրակեղծիքներ։ Իշխանությունները նոր տեխնոլոգիաներ են հորինում։

–Այդ դեպքում՝ ելնելով Ձեր ղեկավարած Կենտրոնի դիրքորոշումից, ի՞նչ է ձգտում փոխել «Ժառանգությունը»։

–Ես բազմաթիվ անգամ տվել եմ իմ տեսակետը։ Կենտրոնը որևէ դիրքորոշում չունի. դա էքսպերտների դիրքորոշում է։ Էքսպերտներ կան, որ կարող է՝ լրիվ հակառակ կարծիք արտահայտեն։ Դա լավ է. փորձում ենք հետևել, տեսնել՝ որքանով ենք ճիշտ, որքանով՝ սխալ։

Հարցազրույցը վարեց Նարեկ Սանթուրյանը

Այս խորագրի վերջին նյութերը