Կարծիք

06.04.2012 14:44


Իրավիճակի անատոմիան

Իրավիճակի անատոմիան

Մայիսի 6-ին կայանալիք ընտրությունները միայն խորհրդարանական ընտրություններ չեն, այլև՝ կառավարության ընտրություն: Հայաստանի Հանրապետության սահմանադրության համաձայն՝ պատգամավորների մեծամասնությունը ձևավորվում է կառավարությունը: Հետևապես՝ այս կամ այն կուսակցությանը քվե տալով՝ հասարակությունը ոչ միայն ընտրում է պատգամավորներին, այլև վստահում է երկրի կառավարումը կոնկրետ կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի՝ իրական կոալիցիայի համար հիմքեր ձևավորելով:

Կարծում եմ՝ նախընտրական այս փուլում արժե անկեղծ գնահատական տալ երկրի այսօրվա իրավիճակին, մատնանշել դրա պատճառները և շատ ընդհանուր գծերով առաջարկություններ անել, թե ինչպես կարելի է շտկել իրավիճակը:
 Անզեն աչքով անգամ տեսանելի է, որ երկրի սոցիալ-տնտեսական վիճակը ծանր է. այս չորս տարիներին մենք ոչ միայն դոփել ենք տեղում, այլև մի շարք ուղղություններով նահանջ ենք ապրել: Այսօր համախառն ներքին արդյունքն ավելի փոքր է, քան 2008թ., աղքատությունը ավելացել է շուրջ կես միլիոն մարդով, արտաքին պետական պարտքը գրեթե եռապատկվել է և տարեվերջին կհատի 4 միլիարդ դոլարի շեմը, էապես իջել է ժողովրդի կենսամակարդակը, քանզի գնաճը ոչ միշտ է հաջողվել պահել թիրախային միջակայքում, և բնաչության եկամուտների աճը համահունչ չի եղել գնաճին:
Որո՞նք են այս վիճակի հիմնական պատճառները:
 Առաջին, կառավարության կանխատեսելու ունակությունը եղել է շատ թույլ: Նման ունակությունը կարևորագույն հատկանիշ է արտաքին ճգնաժամերի ազդեցությունը նվազագույնի հասցնելու և սեփական տնտեսության զարգացումը ճիշտ ծրագրելու համար:

 Երկրորդ, այս չորս տարիների ընթացքում համապետական կամ տարածաշրջանային բնույթի որևէ մեծ ծրագիր չի իրականացվել. դրանց մասին միայն խոսվել է` Հայաստան-Իրան երկաթգիծ, նոր ատոմակայան, Հյուսիս-Հարավ ավտոմայրուղի, Համահայկական բանկ, Գյումրիի տեխնոպարկ, ֆինանսական կենտրոն և այլն: Այս ծրագրերից ոչ մեկը կյանքի չի կոչվել: Մեծ ծրագրերի իրականացումը կարևորագույն խթան է ու շարժիչ ուժ տնտեսական աճի համար:  

Երրորդ, իշխանությունները լուրջ խնդիր են ունեցել նաև կառավարման հարցերում` առաջադրված խնդիրները լուծելու գործում հետևողականություն չի եղել, մի ձեռքը չի իմացել, թե մյուսն ինչ է անում, իշխանությունների և բիզնեսի սերտաճումը ավելի է խորացել, նկատվել են տնտեսության կենտրոնացման միտումներ, ինչպես նաև սեփականության վերաբաշխման վտանգավոր գործընթացներ:

Չորրորդ, ելնելով զուտ քաղաքական նպատակահարմարությունից, ինչպես նաև նեղ անձնական, հատվածական և կուսակցական շահերից, իշխանությունները չեն համարձակվել իրականացնել տնտեսության զարգացման համար խիստ կարևոր երկրորդ և երրորդ սերնդի բարեփոխումները:
 Հինգերորդ, կառավարության տնտեսական քաղաքականությունը սխալ թիրախներ է նախանշել: Անցած չորս տարում նշակետ է վերցվել սղաճի զսպումը և մեծացող բյուջեի կատարումը: Երկու դեպքում էլ իշխոնությունները դիմել են այնպիսի միջոցների, որոնք միայն խոչընդոտել են տնտեսական աճը: Առաջինի դեպքում վարել են զսպողական դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականություն, պարբերաբար և հետևողական բարձրացրել վերաֆինանսավորման տոկոսադրույքը և ազգային ռեզերվների հաշվին պայքարել դրամի արժեզրկման դեմ: Այս բոլորը տնտեսական աճի անտիդոտներ են: Ինչ վերաբերում է բյուջեին, ապա այն իրականացվել է ոչ այնքան ստվերի, որքան փոքր ու միջին բիզնեսի հաշվին, որը մեր տնտեսության ողնաշարն է և որի՝ հարկային պարտավորություններով ծանրաբեռնումը միմիայն խոչընդոտում է տնտեսական աճին:
 Այդ թերությունները կարելի է շուտափույթ շտկել և երկիրը դնել կայուն զարգացման ուղու վրա: Դրա համար անհրաժեշտ է նախ ազատ և արդար ընտրությունների արդյունքում ստեղծել նոր կառավարություն, որտեղ ներգրավված կլինեն պրոֆեսիոնալներ՝ ունակ ճիշտ կանխատեսումներ անելու, ստեղծագործական միտք բանեցնելու, մեծ ծրագրեր իրականացնելու և երկիրն արտաքին աշխարհի համար բացելու, ինչպես նաև ժողովրդական աջակցության այնպիսի պաշար ունենալու, որը նրան համարձակություն կտա կյանքի կոչել նույնիսկ ամենախորքային բարեփոխումները:
 Եվ վերջապես, այս կառավարությունը իր գործունեության հիմնական թիրախ պետք է ընտրի տնտեսական աճը, աշխատատեղերի ստեղծումը և յուրաքանչյուր քաղաքացու կենսամակարդակի շարունակական բարձրացումը: Մյուս բոլոր տնտեսական խնդիրներին պետք է նայել միայն ու միայն վերը նշված թիրախների համատեքստում: 

Վարդան Օսկանյան

Այս խորագրի վերջին նյութերը