Հարցազրույց

28.03.2012 15:01


Ռիփփի

Ռիփփի

Հարցազրույց երգչուհի Ռիփփիի հետ

–Հայաստանյան շոու բիզնեսի չկայանալու երկու պատճառաբանություն կա. նախ՝ մեր կատարողները չափից շատ կաշկանդված են, և երկրորդ՝ չափից ավելի, նույնիսկ անթույլատրելիության աստիճանի ազատ։ Անձամբ ո՞ր տեսակետի կողմնակիցն եք։

–Ոչ մեկին էլ կողմնակից չեմ։ Հայաստանում շոու բիզնեսը բավական աճ ունի, ու աղջիկների ազատությունն ու փակվածությունը բացարձակ դրա հետ կապ չունեն։ Ուղղակի շուկան է փոքր, ընտրությունն էլ՝ քիչ։

–Իսկ տղամարդկանց մասին ի՞նչ կարծիքի եք։ Ե՛վ շոու բիզնեսի, և՛ ընդհանրապես հայ տղամարդիկ իրենց արժանավայել պահել գիտե՞ն։

–Հա՛, իհա՛րկե։ Շատ լավ տղաներ կան այսօր, որ իրենց պահում են ջենթլմենների պես, նույնիսկ զարմանալիորեն։ Կարծում եմ՝ դա դաստիարակությունից է. մարդ կա՝ վատ է դաստիարակվել, մարդ կա՝ լավ։

–Բայց թեկուզ երբ արտաքինից նայում ենք, կարծես մեր տղաների մոտ տղամարդկությունը չի՞ պակասել։ 

Չեմ կարծում, որ այդպես է։ Բոլոր ժամանակներում էլ եղել են տղամարդիկ, ովքեր ավելի շատ նմանվել են աղջիկների։ Բայց դա եղել է բոլոր ժամանակներում՝ մի քիչ ավել, պակաս։ Նորմալ տղամարդը նորմալ տղամարդ է մնում։

–Իսկ տղամարդ քաղաքական գործիչների շրջանում որևէ մեկը կա՞, ում համակրում եք կամ երկրպագում։

–Իրականում ես բացարձակ կապ չունեմ քաղաքականության հետ ու նույնիսկ անուններով չգիտեմ այդ մարդկանց. դրա համար էլ չկա այդպիսի մեկը։

–Հետևաբար, ինչպե՞ս եք վերաբերվում նրան, որ շուո բիզնեսի ներկայացուցիչներն ընդգրկվում են քաղաքականության մեջ։ Օրինակ՝ Շուշան Պետրոսյանը դարձավ ՀՀԿ անդամ և ցանկանում է պատգամավոր դառնալ։

–Շատ լավ եմ վերաբերվում, որովհետև ամեն մարդ իրավունք ունի անել այն, ինչ ինքն ուզում է։ Եթե Շուշան Պետրոսյանին հարմար է, ու ինքն այդպես ճիշտ է գտնում, ուրեմն շատ լավ է անում։ Դա մարդու իրավունքն է։

–Եթե որևէ կուսակցության անդամագրվելու առաջարկ ստանաք, կհամաձայնվե՞ք։

–Դեռ չգիտեմ։ Քանի որ ես քաղաքականության հետ քիչ կապ ունեմ, երևի երկար կմտածեմ, կուսումնասիրեմ ոլորտը և հետո նոր կպատասխանեմ այդ հարցին։

–Բայց խորհրդարանում կուզենայի՞ք լինել ու ի՞նչ նպաստ կբերեիք։

–Ինձ շատ անհանգստացնում են դրսի կենդանիները, որոնք տեր չունեն, և բնապահպանությունը։ Երևի այդ իմաստով ինչ–որ բան կկարողանայի անել, եթե լինեի էնտեղ։

–Առաջիկայում խորհրդարանական ընտրություններն են, ու պարզ է, որ մեզ հայտնի սցենարով երգիչներին կրկին կընդգրկեն նախընտրական քարոզչության մեջ։ Նման հրավեր ստանալու դեպքում կհամաձանվե՞ք։

–Չգիտեմ. դեռ հրավեր չի եղել։ Բայց եթե կարողանամ ինչ–որ մարդկանց օգնել, կօգնեմ, եթե ինձանից օգնություն խնդրեն։ Ինչո՞ւ չէ։

–Բայց դա ընտրողներին մոլորեցնելու միջոց չէ՞։

–Ամեն դեպքում, շոու բիզնեսը քիչ կապ ունի քաղաքական դաշտի հետ, ու դու հիմնականում քո արվեստն ես ցույց տալիս և դրա միջոցով ինչ–որ մարդկանց օգնում։ Միևնույն է, մարդիկ ընդունում են ամեն ինչ այնպես, ինչպես իրենք են ուզում։ Ես միգուցև դա անեմ անմեղ ձևով՝ ուղղակի։ Ինչ–որ ծանոթ մարդիկ եթե խնդրեն՝ կգա՞ս երգես, ես հաճույքով կերգեմ, առանց ինչ–որ վատ բան տեսնելու դրա մեջ։

–Իսկ նշանակություն ունի՞, թե հրավիրողը որ կուսակցությունն է։ Օրինակ՝ Կոմունիստական կուսակցության համար կմասնակցե՞ք այդ քարոզարշավին։

–Դա դժվար... Բայց էլի եմ ասում, քանի որ լավ տեղեկացված չեմ, մի հատ ամեն դեպքում կուսումնասիրեմ՝ ոնց, որտեղ և այլն։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը