Լրահոս

23.03.2012 16:23


Լեռնիկ Ալեքսանյան. «Վիկտոր Դալլաքյանը միշտ էլ եղել է իշխանության կողքին»

Լեռնիկ Ալեքսանյան. «Վիկտոր Դալլաքյանը միշտ էլ եղել է իշխանության կողքին»

ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Լեռնիկ Ալեքսանյանը մեկնաբանելով ՀՀԿ համամասնական ցուցակը և այդ ցուցակում հայտնված «հյուրերին»՝ ասել է.

ՀՀԿ համամասնական նախընտրական ցուցակը շարունակությունն է Սերժ Սարգսյանի վարած քաղաքականության։ Կուսակցության նախագահի որդեգրած քաղաքականությունը մեր հասարակության միավորումն է. կուսակցական ուժերի միավորումն է համար մեկ խնդիրը հանրապետության նախագահի համար։

Լեռնիկ Ալեքսանյանն ասել է, որ Արտաշես Գեղամյանի, Վիկտոր Դալլաքյանի, Մանվել Գրիգորյանի և նախկինում ընդդիմադիր կեցվածք ընդունած այլ մարդկանց ներառումը ցուցակ պայմանավորված է նրանով, որ ՀՀԿ–ին պետք են «պրոֆեսիոնալ քաղաքական գործիչներ, ովքեր ճիշտ են հասկանում քաղաքականությունը».

–Քաղաքականության մեջ պարտադիր չէ, որ դու 100 տոկոսով նվիրված լինես այս քաղաքական կուսակցությանը և այս նախագահին, որ կարողանաս ճանապարհ անցնել. դա հնարավորին հասնելու արվեստ է։ Այսօր ո՞ւմ պաշտպանի Վիկտոր Դալլաքյանը, եթե ոչ Սերժ Սարգսյանին։ Եթե նա այսօր ցուցակում է, չի նշանակում, որ հետո էլ չի քննադատելու Սերժ Սարգսյանին։ Քննադատելը, թերություններ ասելը դեռևս բացասական երևույթ չէ։ Մեր ներքին խոհանոցում շատերն են Հանրապետականի թերություններն ասում։

Լրագրողների հարցին՝ ինչպես կարող են Սերժ Սարգսյանն ու Վիկտոր Դալլաքյանը նույն կուսակցության անդամ լինել, երբ Վիկտոր Դալլաքյանը մեղադրել է Սերժ Սարգսյանին պետբյուջեի գումարները խաղատներում վատնելու մեջ, Լեռնիկ Ալեքսանյանը պատասխանել է.

–Եթե Վիկտոր Դալլաքյանը քննադատել է, չի նշանակում, որ նա չի կարող նաև պաշտպանել այդ գիծը։ Վիկտոր Դալլաքյանը միշտ էլ եղել է իշխանության հետ. ինչքան էլ քննադատեր, նա միշտ եղել է Սերժ Սարգսյանի կողքին և ճիշտ է արել։

Արտաշես Գեղամյանի մասին էլ Ալեքսանյանն ասել է.

–Սերժ Սարգսյանի նախագահ եղած ժամանակ ընդդիմադիր չի եղել, նա կանգնել է նախագահի կողքին և շատ ճիշտ է արել։

Անդրադառնալով գեներալ Մանվել Գրիգորյանի՝ ՀՀԿ համամասնական ցուցակում հայտնվելուն և շրջանառվող խոսակցություններին՝ կապված գեներալի՝ նախկինում ընդդիմադիր կեցվածք ընդունելու հետ, Լեռնիկ Ալեքսանյանը նշել է, որ չգիտի՝ Մանվել Գրիգորյանը դա բնազդո՞վ է արել, թե՞ քաղաքական մտածողությամբ, բայց այդպիսի մարդիկ պետք է լինեն խորհրդարանում։ Ըստ բանախոսի՝ անկախ կրթության մակարդակից՝ Մանվել Գրիգորյանը հերոս է և 2008–ին էլ «ամենապետական մոտեցումն է դրսևորել»՝ հրաժարվելով պայքարել Սերժ Սարգսյանի դեմ, ինչպես նախկինում էր հայտարարել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը