Հարցազրույց

19.03.2012 15:23


Ստյոպա Սաֆարյան

Ստյոպա Սաֆարյան

Հարցազրույց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանի հետ

–Ի՞նչ սկզբունքով և տրամաբանությամբ է կազմվել «Ժառանգության» համամասնական ցուցակը, հատկապես առաջին յոթնյակը։

–«Ժառանգության» ցուցակը պետք է կազմվեր երեք ավազանից՝ բուն «Ժառանգության» ավազանից, «Ազատ դեմոկրատներից», որոնց հետ ընթանում էին բանակցություններ, և քաղաքացիական հասարակության ավազանից, որոնց ներկայացուցիչներին դուք տեսնում եք։ Մարդկանց ընտրությունն էլ կատարվել է՝ հաշվի առնելով, թե մեզանից յուրաքանչյուրն ինչ որոշում է կայացրել, այդ թվում՝ մեծամասնական ընտրակարգով առաջադրվելու հարցում։ Բնականաբար, առաջին տեղերում ավելի շատ տեղ ենք տվել քաղաքացիական հասարակության և նաև «Ժառանգության» շատ ավելի քիչ անդամներին։

–Ինչո՞ւ է Արմեն Մարտիրոսյանը ցուցակի այդքան հետին հորիզոնականում հայտնվել։

–Մենք յուրաքանչյուրս 2007–ին պատրաստ ենք եղեկ մեր անունը լսել և չլսել որևէ տեղ, հետևաբար, նաև պատրաստ էին անել դա։ Եվ հիմա հավատում ենք մեր հաղթանակին և դրա համար չենք կարծում, որ այդ տեղը շատ հետ է։ Այն ոչ մի բանից հետ չէ, և ես վստահ եմ, որ իմ գործընկերներից և՛ Անահիտը, և՛ Արմենը հաստատ կլինեն խորհրդարանում։

–Ասում եք, որ «Ժառանգության» երիտասարդներին եք ընդգրկել առաջին հորիզոնականներում, բայց շատ ակտիվ երիտասարդների անուններ չկան, օրինակ՝ Դավիթ Սանասարյանինը։ Ինչո՞ւ։

–Դավիթ Սանասարյանը միանգամայն ոգևորված է այս ցուցակով և միանգամայն նորմալ է համարում այն տեսքը, ինչ որ կա։

–Վարդան Խաչատրյանի ընդգրկվե՞լն ինչով եք բացատրում։

–Բացատրում եմ ի՛ր անձնական որոշմամբ, որ ինքը հետ է գալիս «Ժառանգություն»։

–Բայց «Ժառանգությունից» ոչ թե նա էր հեռացել, այլ Դո՛ւք էիք հեռացրել։

–Այո՛, դա 2009 թվականն էր, հիմա՛ նա որոշել է հետ վերադառնալ այն կուսակցություն, որտեղ կար։

–Այսինքն, անառակ որդու վերադա՞րձ էր։

–Ես նման բառերը չեմ հաստատի և չեմ խրախուսի։ Ամեն մեկը ամեն պահի կայացնում է մի որոշում և հետագայում իրավունք ունի այդ որոշումը վերանայելու։ Դա այն է, ինչը Վարդան Խաչատրյանն արել է, այսինքն՝ անձամբ վերանայել է իր որոշումը և վերասահմանել իր պատկանելիությունը։

–Ձեզ չե՞ն մտահոգում այն խոսակցությունները, որ Վարդան Խաչատրյանը Սերժ Սարգսյանի եղբայր Լևոն Սարգսյանի հետ մտերիմ հարաբերություններ ունի։

–Հայաստանը փոքր երկիր է, և յուրաքանչյուրս կարող է շատ ուղղակի կպցնել որևէ մեկին, որովհետև շատ պարզ պատճառով իրար ճանաչում ենք և տեսնում։ Նրանք, այո՛, նույն հաստատության մեջ դասախոսներ են։ Նույն կերպ մեզանից յուրաքանչյուրի մասին եղել են տարբեր հերյուրանքներ և խոսակցություններ։  

–Ձեր ցուցակի 6–րդ հորիզոնականում Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի (ՄԶՄԿ) տնօրեն Թևան Պողոսյանի ընդգրկվե՞լն ինչով է պայմանավորված։

–Թևան Պողոսյանը և նաև ցուցակի մյուս անդամներն այս տարիների ընթացքում եղել են «Ժառանգության» Ռազմավարական և ազգային հետազոտությունների կենտրոնի սերտ գործակիցները։

–Այդ դեպքում ինչպե՞ս էր Թևան Պողոսյանը կողմ արտահայտվում հայ–թուրքական արձանագրություններին։

–Ես կարծում եմ՝ հայ–թուրքական արձանագրություններին կողմ են արտահայտվել շատերը, և այսօր փոխել են իրենց դիրքորոշումները։

–Այսինքն, Թևան Պողոսյանը փոխե՞լ է իր դիրքորոշումը։

–Կարծում եմ՝ ինքը «Ժառանգության» ներսում իր դիրքորոշումները կահամաձայնեցնի «Ժառանգության» հետ։ Մենք կուսակցության ներսում էլ հին անդամների շրջանում ունեցել ենք մարդիկ, որոնց վերաբերմունքը միարժեք չի եղել, բայց կուսակցության ամբողջական դիրքորոշումը եղել է դեմ։ Հետևաբար, ես դրանում խնդիր չեմ տեսնում, և այդպիսին լինելու է այժմ, առավել ևս՝ «Ժառանգության» 7–րդ համագումարի բանաձևում ամրագրվել է արձանագրությունների հետ կանչը, և դա ամրագրել է «Ազատ դեմոկրատների» կուսակցության համագումարը։ Այնպես որ, ես լուրջ խնդիր գոնե այդ դաշտում չեմ տեսնում։

–Բացի դրանից,Թևան Պողոսյանը նաև ընկալվում է որպես իշխանության մարդ, ով մոտ է Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հետ, իսկ 2008–ին սատարել է Սերժ Սարգսյանին։

–Իսկ Դուք հարցրե՞լ եք՝ 2007–ին Թևան Պողոսյանն ում է սատարել կուսակցություններից։

–«Ժառանգությա՞նն» է սատարել։  

–Հարցրե՛ք իրեն։ Ես կարծում եմ՝ այո՛։

–Ինչպե՞ս է պատահել, որ «Ժառանգությանը» սատարելով՝ սատարել է Սերժ Սարգսյանին։

–Դա իր անձնական որոշումն է եղել։ Նա ազատ քաղաքացի է եղել, չի հարել որևէ քաղաքական ուժի, և պարտադիր չէ, որ նրա բոլոր վարքագծերը համընկնեին «Ժառանգություն» կուսակցության անդամի վարքագծերին։ Բայց այն, որ նա, իր թիմը, իր ընկերները եղել են «Ժառանգություն» կուսակցության բարեկամները, համակիրները, գովազդողները, դրանում կասկած չկա։

–Բա որ 2012–ին էլ սատարի Սերժ Սարգսյանին։

Կարծում եմ՝ Թևան Պողոսյանը միանգամայն գիտակցում է՝ ուր է եկել, և ով կարող է լինել կամ չլինել «Ժառանգության» թեկնածուն։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը