Մեկնաբանություն

17.03.2012 16:37


Նեոբոլշևի՞զմ, թե՞ ժողովրդական կապիտալիզմ

Նեոբոլշևի՞զմ, թե՞ ժողովրդական կապիտալիզմ
Գաղտնիք չէ, որ Հայաստանում առկա տնտեսաքաղաքական հարաբերությունները կլանա–օլիգարխիկ բնույթի են։ Ո՞վ է մեղավոր այս ամենի համար հարցն արդեն երկար ժամանակ է հնչում։ Կան բազմաթիվ պատասխաններ, բայց դրանք արդեն արդիական չեն։ Հիմա շատ կարևոր է գտնել «ի՞նչ պետք է անել և ի՞նչ կառուցել» հարցերի պատասխանները և կոնկրետ գործողությունների գնալ։

Մենք հիմա երկու ճանապարհ ունենք. Հայաստանը կա՛մ կընտրի «մեկ ազգ, մեկ օլիգարխ, մեկ տիրացու, մեկ փեսա» կառուցելու տարբերակը, որը կործանարար կլինի, կա՛մ անցում կկատարի ժողովրդական կապիտալիզմի, որի դեպքում բարեկեցություն կապահովվի բոլորի ու յուրաքանչյուրի համար, կկանխվի արտագաղթը և տնտեսական իրական զարգացում կունենանք ։

Առաջին տարբերակի շրջանակներում Սերժ Սարգսյանն ու Տիգրան Սարգսյանը «բարեշրջումների» անվան տակ պատերազմ են հայտարարել բիզնեսի բոլոր շերտերին ու մարտահրավեր նետել մեր պետությանն ու հասարակությանը։ Վարչախումբն իր տնտեսական քաղաքականությամբ, «մեծ բյուջեի» մահակով ու հարկային տեռորով չի էլ թաքցնում, որ ուզում է մի քանի տասնյակ կլանների վրա հիմնված ներկայիս համակարգը վերափոխել՝ այն դարձնելով է՛լ ավելի գերկենտրոնացված։ Դա, ըստ էության, թուրքմենբաշիզմ է, որը քաղաքագիտական ձևակերպմամբ նեոբոլշևիկյան հարաբերություններ է ենթադրում։

Մյուս տարբերակը ժողովրդական կապիտալիզմն է, որի մասին խոսում են մեր երկրի ապագայով մտահոգ մարդիկ և ուժերը, և որի մասին ԲՀԿ 6–րդ համագումարում հստակորեն խոսեց նաև Գագիկ Ծառուկյանը։ Ժողովրդական կապիտալիզմը ենթադրում է կլանա–օլիգարխիկ համակարգից անցում դեպի շուկայական մրցակցային տնտեսության, որի պարագայում մենք շանս կունենանք հաղթանակով դուրս գալ և՛ Ադրբեջանի հետ «սառը» պատերազմից, և՛ ներքին խնդիրների պատճառով առաջացած իրավիճակներից։

Թե ո՞ր տարբերակը կհաղթի Հայաստանում՝ ցույց կտան ԱԺ առաջիկա ընտրությունները։ Մեկ բան ակնհայտ է. հանրային լայն համախմբմամբ և Սերժ Սարգսյանի ազդեցության տիրույթից դուրս գտնվող բոլոր քաղաքական ուժերի համատեղ ջանքերով հնարավոր կդառնա Հայաստանում ազգային–դեմոկրատական կամ, որ նույնն է,  բուրժուա–դեմոկրատական անցնցում հեղափոխություն իրականացնել։

Նեոբոլշևիզմը Հայաստանում պետք է տեղ չունենա, որպեսզի մենք կարողանանք Նոր Հայաստան կառուցել ու 21–րդ դարին վայել մարդկային դեմքով ժողովրդական կապիտալզմ ստեղծել։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը