Հարցազրույց

13.03.2012 10:39


Էդուարդ Զորիկյան.

Էդուարդ Զորիկյան.

Հարցազրույց երգահան, հեղինակ կատարող, սցենարիստ և  բեմադրիչ Էդուարդ Զորիկյանի հետ

–Ցանկացած երկում առկա իրավիճակի պատասխանատուն իշխանությունն է։ Սակայն ՀՀԿ 13–րդ համագումարում Սերժ Սարգսյանը ստեղծված իրավիճակը այնքան հրաշալի էր ներկայացնում, կարծես ոչ մի խնդիր էլ չկա։ Դուք ինքներդ ինչպե՞ս եք գնահատում հայաստանյան այսօրվա իրավիճակը։

–Կարծում եմ՝ Սերժ Սարգսյանը սխալ է վարվել (վատ խորհրդականներ ունի ըստ երևույթին), քանզի եթե երկրում իրավիճակը լավ է, ինչպես ինքն է պնդում, ուրեմն ՀՀԿ-ն՝ իր գլխավորությամբ, այլևս անելիք չունի: Իսկ երկրի իրական իրավիճակը բոլորին հայտնի է. Հայաստանը փոքր երկիր է, ու մարդկանց աչքերին թոզ փչելն անիմաստ է: Դրսից պարտք անող ու ներսում բյուջեն փոշիացնող երկրի իրավիճակը չի կարող լավ լինել:

–Ըստ Ձեզ՝ ի՞նչն է պատճառը, որ մեր երկրում ասօր երկու իրականություն կա՝ վիրտուալ և ռեալ։ Եվ արդյոք հասարակությունը կարողանո՞ւմ է իրարից տարբերակել այդ երկու իրականությունները։

–Կարծում եմ, որ երկրում վիրտուալ ու ռեալ իրավիճակների անհամապատասխանությունը գալիս է խոսքի ու գործի անհամապատասխանությունից: Գործն ուղղված է սեփական գրպաններն ընդհանուր ունեցվածքը լցնելուն, իսկ խոսքը ժողովրդին խաբելու միջոց է դարձել, բայց սուտը երկար գոյատևել չի կարող, այն միշտ էլ ջրի երես է դուրս եկել, նույնիսկ նախկինում՝ միապետության պայմաններում: Հասարակությունը, իհարկե, իրարից տարբերակում է այդ երկու իրականությունները, բայց վաղուց դադարել է հավատալ սուտ խոստումներին ու վաղուց ինքն իր գլխի ճարը տեսնում է. ինքն իր պարփակ կյանքով է ապրում ու ստին վերաբերվում է որպես ստի։ Իզուր չէ, որ առայսօր արդիական է «Երկիրս երկիր չէ» արտահայտությունը:

–Շուշան Պետրոսյանը հայտարարել է ՀՀԿ–ի համասնական ցուցակից պատգամավոր դառնալու մասին։ Դուք նմանօրինակ ցանկություն ունե՞ք։

Ոչ, այնտեղ իմ կարիքը չկա: Իսկ կոճակ սեղմողների պակասն ԱԺ-ում երբեք էլ չի նկատվել:

–Հայաստանյան «աստղերի» 90%–ը իշխող կուսակցության նախընտրական քարոզչությանը մասնակցելու պատրաստակամություն է հայնտել։ Ինչո՞վ եք բացատրում սա, և ինչպե՞ս եք գնահատում։

Պատճառը կերակրատաշտակին մոտ լինելու ձգտումն է, իսկ դա թույլատրվում է, եթե դու հաճոյանում ես «տիրոջը»: Հայաստանում տիրող իրավիճակում ազատ արվետագետն իր ընտանիքով հանդերձ սովի է դատապարտված: Այս երևույթի գնահատականն այն է, որ ցայսօր Հայաստանն անկախ չէ, քանզի անկախ ու ազատ երկրում ազատ ու անկախ մարդիկ են ապրում:

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը