Մեկնաբանություն

09.03.2012 21:39


Մի անտիպ գրքի շնորհանդես

Մի անտիպ գրքի շնորհանդես

Ինչպես արդեն հասցրել է «ազատ, բայց սերժատու» թերթերից մեկին տված հարցազրույցում խոստովանել Արտաշես Գեղամյանը՝ 2003–ին ինքը, Սերժ Սարգսյանի ջանքերի շնորհիվ, չի խանգարել Ռոբերտ Քոչարյանին վերարտադրվել։

Տեղին է հիշեցնելը, որ այն օրերին խոսվում էր Սերժի կողմից Գեղամյանին «մի զրո պակաս»–ի օգնությամբ «հեռուստաբանավեճի» հրավիրելու և «պարտվելու» գնով ընդդիմադիր ձայները կիսելու մասին։ Խնդիր էր դրված այդ «հեռուստաբանավեճով» մոլորեցնել հանրության մի հատվածին՝ Գեղամյանին ներկայացնելով որպես «թունդ ընդդիմադիր»։ Այդ օպերացիան իշխանությունները հաջողությամբ ավարտելուց հետո Գեղամյանին մոռացան, ինչը հունից հանեց «Ազգային միաբանության» առաջնորդին. նա, հավանաբար, այլ ակնկալիքներ էլ ուներ և տեսնելով, որ «քցվել» է՝ վայնասուն բարձրացրեց։ Եթե հիշում եք, Գեղամյանը ագրեսիվ հայտարարություններ էր անում իշխանության ու հատկապես Սերժ Սարգսյանի հասցեին։ Վերջինս Գեղամյանին հակադարձեց՝ նրան «դատարկ դհոլ» անվանելով։

Անցան օրեր ու տարիներ, և այսօր կողմերն այլևս խաղում են բաց խաղաքարտերով։ Գեղամյանը Սերժ Սարգսյանին է քծնում հրապարակավ, իսկ փոխարենը Սերժ Սարգսյանը սիրով մասնակցում է Արտաշես Մամիկոնիչի գրքի շնորհանդեսին։ Գիրք, որտեղ ներկայացված են Գեղամյանի հոդվածները, ելույթները և հարցազրույցները։ Նկատենք, սակայն, որ գրքում շատ ընտրողաբար է ներկայացված Գեղամյանի քաղաքական կարիերայի ընթացքում հայտնած մտքերն ու գնահատականները։ Այդ «մոնումենտալ» աշխատությունում, բնականաբար, բաց են թողնված Սերժ Սարգսյանի հասցեին ժամանակին տված որակումները. հիմա եկել է Սերժին բացահայտորեն ծառայելու պահը։  

Մեր կողմից այժմ, ՀՀԿ համագումարին ընդառաջ, կփորձենք լրացնել այդ բացը և ներկայացնել Գեղամյանի գրքում «պատահաբար» բաց թողնվածը։ Սա էլ թող լինի ԱՄ առաջնորդի անտիպ գրքի շնորհանդեսը, որին հազիվ թե մասնակցեր Սերժ Սարգսյանը (չնայած ո՞վ գիտե, կարող է և մասնակցեր, ի վերջո նախաձեռնող նախագահ ունենք)։

Անհամեստորեն նշենք, որ այս պահին մենք շատ օգտակար գործ ենք անում, մանավանդ եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Գեղամյանն, ամենայն հավանականությամբ, ՀՀԿ–ի ցուցակով մասնակցելու է ԱԺ առաջիկա ընտրություններին։

Եվ այսպես, հատվածաբար ներկայացնենք Արտաշես Գեղամյանի ոչ վաղ անցյալի տեսակետները և գնահատականները՝ առանց մեկնաբանության։

...

«Հանրապետության պետականությունը վտանգված է միայն ու միայն իշխանությունը բռնազավթած Ռոբերտ Քոչարյանի ու նրա միակ հենարանի՝ Սերժ Սարգսյանի պատճառով»։

Արտաշես Գեղամյան, «Առավոտ», 23 հոկտեմբերի, 2003թ.

...

«Ինչ վերաբերում է նրան, որ Սերժ Սարգսյանը ստանձնի ժողովրդավարական ռեֆորմների իրականացումը, ի՞նչ է, դուք ուզում եք ասել, որ հանձին Սերժ Սարգսյանի մենք հնարավորություն ունենք ստանալ բոլորովին նո՞ր մարդ։ Այդ դեպքում դա անգամ տեսականորեն հնարավոր չէ, քանզի մարդն ինքն իր սեփական երգի կոկորդին կանգնել չի կարող։ Չի կարող ռեֆորմատոր լինել մի մարդ, որի կողմից եթե չհովանավորվեր կոռուպցիան, կաշառակերությունն ու ստվերը, ինչպես բազմիցս նշվել է ընդդիմադիր մամուլում, Ազգային ժողովի ամբիոնից, ապա իշխանական մեծ լծակներ ունեցող շատ պաշտոնյաներ կհայտնվեին մեղադրյալների կարգավիճակում»։

Արտաշես Գեղամյան, «Հայկական ժամանակ», 19 ապրիլի, 2005 թ.

...

«Հայաստանի բնակչությունը դեռ չի մոռացել գնդակահարությունը Ազգային ժողովում (27 հոկտեմբերի 1999թ.), երբ զոհվեցին Ազգային ժողովի խոսնակը, վարչապետը, նախարար և պատգամավորներ։ Չի մոռացել և այն, որ այդ ժամանակ Ազգային անվտանգության նախարարն էր Սերժ Սարգսյանը, ընդ որում այդ պաշտոնում աշխատանքի բավական երկար ստաժով...»։

Արտաշես Գեղամյան, «Իրավունք», 3-9. Հունիս, 2005թ.

...

Գեղամյանի «ընդդիմադիր վախտվա» տված գնահատականների այս շարքը երկար կարելի է շարունակել, բայց առայժմ բավարարվենք այսքանով։ Հուսով ենք, որ այս ամենից հետո ՀՀԿ–ում այլևոս որևէ պատճառ չեն ունենա Գեղամյանին իրենց ցուցակում չներառելու։ Անշու՛շտ, Սերժ Սարգսյանին պետք են սկզբունքային, վստահելի և բարեշրջումների հակվածություն ունեցող մարդիկ. Գեղամյանը հենց այդ մարդկանցից է։ Եթե Գեղամյանին էլ ավելացնում ենք տնտեսագիտական մտքի տիտան Տիգրան Սարգսյանին, ապա պարզ է դառնում, որ  ՀՀԿ–ում «երազանքների թիմ» կարող է հավաքվել։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ Երբ «աղջիկ» ժամանակ Արտաշես Գեղամյանին մեղադրում էին, թե Սերժ Սարգսյանի հետ պայմանավորված է խաղում, նա «Առավոտ» թերթի (04.08.2005թ) էջերից հետևյալ կերպ էր արձագանքում. «Հիմա նույն իշխանական լրատվամիջոցներով փորձում են լուրեր տարածել՝ իբր ես ու Սերժ Սարգսյանը պայմանավորվածություն ունենք, բոլոր պրոբլեմները լուծված են, և նախագահական ընտրություններում, իբր, Արտաշես Գեղամյանը պաշտպանելու է Սերժ Սարգսյանին։ Լուրեր տարածողները կրկնակի նպատակ էին հետապնդում. երբ կահաբեկեին Գեղամյանին, բոլոր կասկածները Սերժի վրայից դուրս կգան, որովհետև նախապես հայտարարել են, թե մենք իրար հետ լավ ենք։ Երկրորդ՝ Սերժ Սարգսյանի անվան հետ ում անունը կապվի, վարկաբեկվում է»։

Այս խորագրի վերջին նյութերը