Հարցազրույց

15.02.2012 17:26


Ռուբեն Բաբայան.

Ռուբեն Բաբայան.

Հարցազրույց  Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի հետ

–Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի վիճակը թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական, թե՛ մշակութային առումներով։

–Իմ գնահատականը կարող է լինել որպես ոչ մասնագետի գնահատական։ Նորություն ասած չեմ լինի, եթե ասեմ, որ տնտեսական վիճակը լավ չի։ Չեմ ուզում խորանալ, թե որոնք են պատճառները։ Կարծում եմ՝ երեք ասպարեզներում էլ բացակայում է մի շատ կարևոր բաղկացուցիչ, որը նպաստում է  այդ ոլորտների զարդացմանը։ Դա մրցակցությունն է, հավասար մրցակցությունը։

–Տեսակետներ են հնչում, թե Հայաստանի ներքաղաքական կյանքում ստեղծվել է կոնսենսուս մինուս մեկ իրավիճակը, երբ մի կողմում իշխող Հանրապետական կուսակցությունն է, իսկ մյուս կողմում՝ մնացած բոլորը, ինչպես, օրինակ, համամասնական–մեծամասնական ընտրակարգի շուրջ ծավալվող բանավեճում։ Կիսո՞ւմ եք այդ տեսակետը։

–Կարծում եմ՝ Հայաստանի խնդիրը մի փոքր այլ է։ Իշխանություն կորցնելը որևէ ասպարեզում չպետք է դառնա ողբերգություն։ Ցանկացած քաղաքական ուժ պետք է հասկանա, որ նորմալ ընթացք է որոշակի ժամանակ իշխանության մեջ, որոշակի ժամանակ ընդդիմության մեջ լինելը։ Սա՛ է քաղաքական կյանքի ճիշտ գործընթացը։ Երբ այդ ընկալումը գերակշռի, մնացած բոլոր հարցերը կլուծվեն։ Իսկ երբ մշտապես իշխանության մեջ ես, այդ գործընթացները բերում են ճահճացման։ Կոնսենսուս մինուս մեկի հիմնական պատճառը, կարծում եմ, իշխանություն կորցնելու վախի արտահայտությունն է։

–Շատերը նշում են, թե մեր երկիրը կանգնած է բեկումնային փոփոխությունների նախաշեմին։ Դուք տեսնո՞ւմ եք դրանց նախադրյալները։

–Կարծում եմ՝ դրանց նախադրյալ կարող է ծառայել մտածողության փոփոխությունը։ Մինչև չփոխվեն հոգեբանությունն ու մտածելակերպը, որևէ փոփոխություն ակնկալելն անիմաստ է։ Մենք չենք կարող դառնալ ժողովրդավար քաղաքական կյանքի մեջ՝ չլինելով ժողովրդավար և հանդուրժող անձնական կյանքում, ընտանիքում, շրջապատում։ Ես չեմ ընկալում, երբ ժողովրդավար են դառնում միայն ընդդիմություն դառնալով, իսկ երբ իշխանություն են, ապա դառնում են ամենակոշտ գծի կողմնակիցները։ Խոսքը ներքին փոփոխության մասին է։ Այս առումով հույսս կապում եմ երիտասարդության հետ, որովհետև ինքս եմ ակտիվորեն շփվում նրանց հետ։ Հասարակական մտածողության փոփոխությունը տեսնում եմ հասարակական շարժումների, մասնավորապես բնապահպանական նախաձեռնությունների ակտիվացման մեջ։ Այս շարժումներն իրենց ձեռքը մշտապես պահում են հասարակության պահանջների զարկերակի վրա, ոչ թե քաղաքական կուսակցություների պես ընտրությունից ընտրություն։

–Իշխանության բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ նախագահն ու վարչապետը, բազմիցս հայտարարել են, որ գալիք խորհրդարանական ընտրությունները որակական առումով տարբերվելու են նախորդներից։ Դուք ակնկալո՞ւմ եք արդար ընտրություններ։

–Ժամանակը ցույց կտա։ Նորից հարցին մոտենամ մասնագիտական տեսանկյունից։ Ես կարող եմ բազմաթիվ խոստումներ տալ, նկարագրել, թե ինչ հրաշալի ներկայացում է լինելու, սակայն գնահատականը բեմադրությունից հետո տալու է հանդիսատեսը։ Ասեմ ավելին՝ ինչքան քիչ է բեմադրիչը դրական կերպով խոսում իր ապագա բեմադրության մասին, այնքան ավելի լավ է ստացվում, և ընդհակառակը՝ ինչքան շատ է նկարագրում, թե ինչ հրաշալի ներկայացում է լինելու, այնքան ավելի մեծ է վտանգը, որ հանդիսատեսը հիասթափված կհեռանա։

Զրույցը վարեց Հայկ Ալեքսանյանը

Այս խորագրի վերջին նյութերը