Հարցազրույց

30.01.2012 15:07


Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյան

Հարցազրույց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանի հետ

–Ձեր կարծիքով ո՞վ է ղեկավարելու ՀՀԿ ցուցակը։

–Կարծում եմ՝ ճիշտ կլինի, որ այն գլխավորի կուսակցության ղեկավարը։

–Անդրադառնալով մեծամասնական–համամասնական ընտրակարգի շուրջ ծավալվող բանավեճին՝ ինչո՞ւ Հանրապետական կուսակցությունը չի ցանկանում աջակցել 100%–անոց համամասնական ընտրակարգին անցմանը, երբ ՀՀԿ–ական տարբեր պատգամավորներ հայտարարում են, որ կողմ են այդ գաղափարին։

–Մենք կողմ ենք աստիճանաբար համամասնական ընտրակարգի ձևավորմանն անցնելուն։

–Այդ դեպքում ինչո՞ւ է 2007–ից 5 տարի անց դեռ պահպանվում համամասնական–մեծամասնական նույն հարաբերակցությունը։

–Անցել է, բայց որևէ քաղաքական հիմնավորում դեռևս գոյություն չունի, որ հենց համամասնական ընտրակարգի անցումն է լուծելու այն բոլոր խնդիրները, որոնք առկա են ընտրական համակարգում։ Հասարակության մոտ դեռևս մեծամասնական ընտրակարգի արդյունքում (այսինքն՝ իր ընտրատարածքից) ընտրված ներկայացուցիչ պատգամավորի պահանջ կա։ Իհարկե, քաղաքական ուժն էլ է իրենց ներկայացնում, սակայն քաղաքական ուժի խնդիրները քաղաքական են, իսկ մեծամասնական պատգամավորի խնդիրները՝ շատ ավելի ներկայացուցչական, և այս երկուսի համադրումը մեր խորհրդարանում դեռևս պահանջված է։

–2008թ. նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանը հավաքել էր ձայների կեսից ավելին։ Այն պարագայում, երբ ՀՀԿ–ն հայտարարում է, թե իր վարկանիշը չի նվազել և նույնիսկ ավելացել է, համամասնական ընտրակարգին անցնելն ավելի չի՞ նպաստի Հանրապետական կուսակցության հաղթանակին։

–Հանրապետականի համար որևէ տարբերություն չկա՝ մեծամասնականո՞վ կհաղթի, թե՞ համամասնականով։ Խնդիրը քաղաքական համակարգի կայացածությունն է։ Մենք ուզում ենք, որ Հայաստանում զարգանա բազմակուսակցականությունը, իսկ դրա համար մենք չպետք է շտապենք, այլ բոլոր կուսակցություններին զարգանալու հնարավորություն տանք։ Ես զարմանում եմ, որ մեծամասնական ընտրակարգով ընտրվելու հնարավորությունը չեն օգտագործում նաև ընդդիմադիր քաղաքական ուժերը։

–Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ գալիք խորհրդարանը պետք է լինի քաղաքականությամբ զբաղվողների և ոչ թե գործարարների տեղը, սակայն, մյուս կողմից, մեծամասնական ընտրակարգի պահպանումը բերում է խորհրդարանում գործարարների ներկայացվածության։ Չե՞ք կարծում, որ այս երկու գաղափարները հակասում են միմյանց։

–Ո՛չ, դրանք չեն հակասում միմյանց, որովհետև գործարարը և քաղաքական գործիչը տարբեր մարդիկ են։ Քաղաքական գործիչները, որոնք մասնակցում են ընտրական գործընթացին, գործարարները, ինչպես և բոլորը, իրավունք ունեն մեծամասնական ընտրակարգով մասնակցելու ընտրություններին. դա նրանց սահմանադրական իրավունքն է։ Իսկ համամասնականն արդեն քաղաքական ծրագիրն է, որը պետք է իրականացվի քաղաքական գործիչների և ոչ թե գործարարների միջոցով։

Զրույցը վարեց Հայկ Ալեքսանյանը

Այս խորագրի վերջին նյութերը