Մեկնաբանություն

09.05.2009 17:24


Քարոզարշավ՝ օրորոցային

Քարոզարշավ՝ օրորոցային

Երրորդ հանրապետության պատմության մեջ Երևանի քաղաքապետի առաջին ընտրությունը, երևի, կտպավորվի ամենատխուր քարոզարշավով։ Գոնե առայժմ՝ այն օրորոցայինի տեմպ ունի։ Անհետաքրքիր, քարոզողների ու քարոզվողների համար շեֆի ծնունդին պարտադիր գնալու պես մի բան է դարձել այս քարոզարշավը։ Ասել, թե երևանցին քաղաքապետի ընտրություններից սպասելիք չունի՝ կնշանակի Երևանը մահացած քաղաք է։ Սակայն այն, ինչ առաջարկում են թեկնածուները, հարիր է միայն աղբանոցի, անապատի կամ ավերակների վերածված քաղաքին։ Զայրույթս էլ հենց դա՛ է, որ իմ քաղաքի մարդիկ հավաքվում են «բեսեդկայախեղդ», «գարաժախեղդ» և աղբախեղդ բակերում ու, կներեք արտահայտությանս, զոմբիի նման լսում մաքուր քաղաքի, արժանապատիվ կեցության, համահասանելի բուժսպասարկման, համատարած ասֆալտապատ ապագայի ու կրակի գնով եվրոջրամատակարարման մասին, մաշված ասեղով, պատիֆոնի պես ձանձրալի ճառերը։ Լսում են, բայց հաստատ գիտեն, որ այդ «բաղձալի» հանդիպումից հետո էլ իրենց բակում ասֆալտ չի արվելու, գիտեն, որ աղբահանությունը նորից լինելու է հաջորդ շաբաթ, գիտեն, որ հարևանությամբ գործող «օբյեկտի» շատրվանների կամ ջրավազանների շահագործման օրվանից՝ ջրամատակարարումը լինելու է ինչպես բլոկադային Լենինգրադում... Գիտեն ու ձայն չեն հանում, որովհետև նույն ճառերը լսել են խորհրդարանական, նախագահական, համայնքապետական բոլոր ընտրությունների ժամանակ։ Լսել են ու գիտեն, թե ո՞ր կուսակցության թեկնածուներին՝ իրենց բակից ո՞վ և ի՞նչ հարց է տալու։

Մի տրագիկոմիկ իրադարձության ականատես եղա անցած օրը։ Համայնքներից մեկում, տարիներ շարունակ, կուսակցություններից մեկի կին ներկայացուցչին նույն տատիկը տվել է նույն հարցը, թե ե՞րբ են ասֆալտապատելու և լուսավորելու իրենց բակը։ Տարիներ շարունակ նույն կուսակցական գործիչը, նույն առոգանությամբ, պատասխանել է, թե իրենց «տիեզերական» մասշտաբների քաղաքական կուսակցությունը միայն օրինաստեղծ ձիրք ունի, և որ ասֆալտը համայնքապետի պարտականությունն է. «Մեր թեկնածուի փոխարեն ում ընտրել եք՝ նրանից էլ պահանջեք»,- եղել է անփոփոխ պատասխանը։ Այս քարոզարշավին «ֆորս մաժոր» էր. տատիկը մահացել է (Աստված հոգին լուսավորի) և այս անգամ չկար մեկը, որ բարձրացներ այդքան տեղին հարցը, որի պատասխանը նախապես անգիր էր արված։ Կուսակցության թեկնածուները ստիպված էին ջրամատակարարման խնդիրներից խոսել, բայց շարքերից մեկը, միամտորեն, նկատեց, որ իրենց թաղամասում ջրամատակարարման պրոբլեմ չկա։ Հասկանալի է, որ դրանից հետո բնակիչների հետ հանդիպումն անցավ «2020 թվականին մայրաքաղաքի ստորգետնյա անցուղիներում հասարակական զուգարաններ տեղադրելու» ազգափրկիչ կարգախոսների ներքո։

Քարոզարշավն անհետաքրքիր է նաև արդյունքների նկատմամբ կանխակալ տպավորությունների տարածման առումով։ Քանի որ հիմնական թեկնածուները մարտավարական և ռազմավարական հատույթում միմյանցից գրեթե ոնչով չեն տարբերվում, սկսել են հավատալ իրեց իսկ հորինած թվերին ու իրարից բացատրություններ են պահանջում, երբ որևէ մեկը «խախտում է կոնվենցիան»։

Իրականությունը մի բացատրություն էլ ունի։ Ցավոք, քաղաքական բազում իրադարձություններով գերհագեցած մեր օրերում, Հայաստանի բնակչության մեկ երրորդին կենցաղային հարցերով թմրացնելու համար՝ ավելի լավ միջոց, քան քաղաքապետի ընտրությունն է, դժվար թե գտնվի։ Հատկապես, որ այս ընրությունների քաղաքական անտուրաժը միայն կուսակցական անվանումների հապավումներն են ապահովում՝ այդ կուսակցությունների բուն առաքելությունը թողնելով միայն նորագույն պատմության դասագրքի երեկվա անցած դասի թեմային։ Հուսով եմ, որ այս ընտրությունների միակ դրական արդյունքը կլինի այն, որ քաղաքական մի քանի հապավումներ երկար ժամանակով (միգուցե մշտապես) դուրս կնետվեն քաղաքական բանավեճերի բառապաշարից, որովհետև ամբողջ կուսակցություններով մասնակցել մայրաքաղաքի աղբահանության կամ ասֆալտապատման բաց տենդերին (այլ կերպ սա անվանել հնարավոր չէ), քաղաքական կուսակցության համար անթույլատրելի ճոխություն է։

Ահա թե ինչու է այս քարոզարշավից օրորոցայինի ձայն գալիս։

Էդուարդ Սարիբեկյան

«7 օր» կայքէջի խմբագիր

Այս խորագրի վերջին նյութերը