Հարցազրույց

13.01.2012 16:27


Մկրտիչ Վասակյան

Մկրտիչ Վասակյան

Այսօր դատարանում Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի փաստաբան Մկրտիչ Վասակյանը պատասխանել է լրագրողների հարցերին

–Ըստ Ձեզ՝ վկա Ստեփան Սեդրակյանի վրա ճնշումներ եղե՞լ են՝ հաշվի առնելով այն, որ նա դատարանում շարունակ հայտարարում էր, թե ոչինչ հստակ չի հիշում։

–Ես իրեն ճնշումների վերաբերյալ հարց տվեցի։ Նա նշեց, որ որևէ հարցով կաշկանդված չի եղել, իսկ իր ցուցմունքներում հակասությունները կապված են զուտ իր հիշողության և առողջության հետ։

–Այդ հակասական ցուցմունքները որքանո՞վ կարող են հիմք ընդունվել վերջնական վճռի համար։

–Թե դատարանը հետագայում վճիռ կայացնելուց հակասություններն ինչես կգնահատի՝ արդեն դատարանի խնդիրն է։

–Ձեր կարծիքով որքանո՞վ են արժանահավատ Ստեփան Սեդրակյանի ցուցմունքները։

–Ըստ իս՝ արժանահավատ չեն, իհա՛րկե արժանահավատ չեն։

–Ինչ–որ ընթացակարգ կա՞ վկային դատաբժշկական փորձաքննության ենթարկելու և կոնկրետ այս դեպքում պարզելու՝ վկան իրո՞ք չի հիշում, թե՞ այդպիսով խուսափում է ճշմարտությունն ասելուց։

–Այո՛, կա այդպիսի ընթացակարգ։ Ընթացքում մենք կաշկանդված չենք միջնորդություն անել։ Մինչև դատական վիճաբանությունների փուլի ավարտը մենք որ փուլում էլ ուզենանք, կարող ենք նման միջնորդությամբ հանդես գալ։

–Բոլոր վկաները նշում են, որ իրենք առնչվել են Մախմուրյանի կամ Կարախանյանի հետ։ Այսինքն, Մարգար Օհանյանը բացառո՞ւմ է, որ ինքը որևէ կապ է ունեցել բենզինի տրամադրման, բաշխման հետ։

–Նախաքննության ընթացքից մինչ այսօր մենք հենց դա ենք ասում։ Մարգար Օհանյանն իրեն ինչո՞ւ մեղավոր չի ճանաչում, որովհետև ինքը բաշխման հետ որևէ առնչություն չի ունեցել՝ թե՛ առաջին գումարտակի բենզինի հետ, թե՛ երկրորդ գումարտակի։ Դա այսօր ապացուցում են նաև վկաների ցուցմունքերը. առաջին գումարտակը բենզինը ստացել է տեխնիկ Սամվել Մախմուրյանից, երկրորդ գումարտակի ներկայացուցիչ վկան էլ ասաց, որ ստացել է Ստեփան Կարախանյանից։ Դա ա՛յն է, ինչ որ մենք ասում ենք։

–Փաստորեն, չեք վիճարկում չարաշահման փաստը, բայց վիճարկում եք այն, որ դրանից տեղյակ է եղել Մարգար Օհանյա՞նը։

–Մարգար Օհանյանը և՛ յուրացման փաստից տեղյակ չի եղել, և՛ չարաշահման։ Իսկ ինչ վերաբերում է պաշտոնական դիրքի չարաշահմանը, ընդհանրապես այդպիսի բան չէր կարող լինել։

–Կարծում եք՝ հնարավո՞ր է, որ բենզինի այդքան մեծ չափերի չարաշահում լիներ, բայց ՃՈ պետը դրանից տեղյակ չլիներ։

–Դատաքննության ընթացքում դեռ պետք է պարզաբանվի նաև այդ մեծ լիտրերի հարցը։ Մենք չենք գտնում, որ այդքան խոշոր չափերի յուրացում է կատարվել։

–Եթե Մարգար Օհանյանն իրեն մեղավոր չի ճանաչում, ինչո՞ւ է վերականգնել պետությանը հասցված վնասը և պետբյուջե գումար փոխանցել։

–Դա իր պատվի և արժանապատվության խնդիրն էր։ Եթե գտել են, որ յուրացում է եղել, նա այդ գումարը պետբյուջե է փոխանցել։

–Իսկ եթե պարզվի, որ իրականում այնքան չի յուրացվել, որքան Մարգար Օհանյանը փոխհատուցել է պետական բյուջե՞։

Պետությունն այդ գումարը հետ է տալիս, պարտադի՛ր։

Հարցազրույցը ներկայացրեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը