Հարցազրույց

20.12.2011 10:31


Տիգրան Խզմալյան.

Տիգրան Խզմալյան.

Հարցազրույց «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Տիգրան Խզմալյանի հետ

Ինչպե՞ս անցնող տարին կգնահատեք 2011թ. տեղի ունեցած քաղաքական գործընթացների համատեքստում։

–2011թ. գարնանը 17 ամբողջ օր` մարտի 1-ից մինչև 17-ը, իշխանությունը Հայաստանում դրված էր Ազատության հրապարակում: Հանրահավաքների առաջնորդներից պահանջվեց նրանց ամբողջ քաղաքական և հռետորական վարպետությունը, որպեսզի հավաքված ու փաստորեն հաղթած ժողովրդին համոզեն գնալ տները՝ վերադարձնելով արդեն համարյա նվաճած ազատությունն ու համակարգային փոփոխություններ սկսելու պատմական հնարավորությունը: Դա եղավ սույն տարվա մարտի 1-ին և կրկնվեց 17 օր անց: Հետո էլ սարսափած զավթիչ ադմինիստրացիան վախը բռնեց, հասկացավ, որ նորից փրկվել են, նորից թռփոշացավ ու շարունակեց իր խրախճանքը՝ կեղեքելով ու խաբելով բոլորին, այդ թվում նաև անսպասելի «փրկիչներին»: Այսպես որ, անցնող տարին ձեռքից բաց թողած հաղթանակի, Ռուբեն Հախվերդյանի խոսքով ասած` «կորցրած երազի» տարի էր: Բայց ողբալ պետք չէ` սրա մեջ կա նաև լավ կողմը: Այն է, որ ժողովրդից գողացած իշխանությունը երկրորդ անգամ չգողացվեց, մնաց նույն գողերի մոտ: Սա պարզեցնում է իրավիճակը, հստակեցնում է թիրախը և զգոնություն է պահանջում նոր փորձի ժամանակ սխալը չկրկնելու իմաստով:

–Ընդհանուր առմամբ, 2011թ. ընթացքում որևէ տեղաշարժ գրանցվե՞ց։

–Վիճակը հիշեցնում է հին սովետական անեկդոտը, երբ երեք հոգի հավաքվում ու լռում են, քանի որ ամեն ինչ առանց խոսքերի էլ պարզ է: Մեր փոխարեն այս տարի սկսեց խոսել Սփյուռքը՝ առաջին անգամ քսան տարվա մեջ խախտելով «Հայաստանի մասին կամ լավ, կամ ոչինչ» սկզբունքը, կարծես թե մենք մեռած ենք: Ազնավուրը հենց սոցիալ-տնտեսական վիճակն է բնութագրել որպես «ներքին ցեղասպանություն»: Նրանից առաջ նման դիրքից խոսաց Արամ Ա Կաթողիկոսը, հետո ՀՅԴ ԱՄՆ արևմտյան ափի Կենտկոմը, վերջերս նույն մտահոգությունը հայտնեց Լևոն Հայրապետյանը: Մարտահրավերները կուտակվում են, և քրեական կամ կոմսոմոլական կրթություն ունեցող պաշտոնյաներն անընդունակ են դրանց դիմակայել: Ցեղասպանությունն էլ ինչպես է լինում` արտաքին թշնամու դաժանությունը մեզ կործանելու համար դեռևս բավական չէ, անհրաժեշտ է սեփական առաջնորների բացարձակ ապիկարությունը, ագահությունն ու ծախվածությունը: Հիմա երկրորդ բաղադրիչը առկա է, և Հայաստանի պետականության համար ամենամեծ վտանգը հենց Հայաստանի կառավարությունն է:

Որոշ քաղաքական գործիչներ կարծում են, որ անցնող տարին 2010թ.–ից ոչնչով չի տարբերվել։ Այս տեսակետին համաձա՞յն եք։

–Եթե արաբական երկրներից մինչև Նյու-Յորք, Աթենք, Լոնդոն, Մադրիդ, Հռոմ, Մոսկվա և ամենուր ալեկոծվող մարդկային ծովը աննկատ է մնացել Ձեզ հայտնի «որոշ քաղաքական գործիչների» համար, ապա մեր վիճակն ավելի լուրջ է, քան ես կարծում եմ: Ֆլամանդացի նկարիչ Պիտեր Բրեյգելը մի կտավ ունի, կոչվում է «Կույրերն առաջնորդում են կույրերին»: Շատ արդիական գործ է: Իրականում մենք տեսնում ենք քաղաքացիական հասարակության արթնացումը ողջ աշխարհում, և որքան էլ հմտորեն փորձում են որոշ քաղմասնագետներ մեզ պահել «արջնամկան օրվա» թմբիրի մեջ, մենք էլ ենք արթնանաում: Այս տարին առանձնացավ բազմաթիվ դիմադրության օջախների ստեղծմամբ հասարակական կյանքի ամենատարբեր ոլորտներում` բնապահպանություն և բանակային բռնություն, գործազրկություն և կոռուպցիա, առողջապահական անբարեխղճություն և դիվանագիտություն: Իշխող համակարգը հոգեվարքի մեջ է և գոյատևում է միայն շնորհիվ արտասահմանյան շահագրգիռ կազմակերպությունների ու ուժերի, որոնց ձեռնատու է գաղութացված, թույլ, անմրցունակ ու դատարկվող Հայաստանը: Սակայն Մհերն արդեն արթնանում է, և Վանի երկրաշարժը դրա ողբերգական նախերգանքն էր: Մհերի դուռը շուտով կբացվի:

Ի՞նչ ակնկալիքներ ունեք 2012թ.–ից։

–«Սարդարապատ» նախաձեռնությունը, որի մասնակիցն եմ ես, պատրաստում է համաժողովրդական դիմադրության շարժում` իշխանությունը Հայաստանում ժողովրդին վերադարձնելու նպատակով: Այդ շարժման սկիզբը կարող է հռչակվել եկող տարի:

Զրույցը վարեց Հայկ Ալեքսանյանը

Այս խորագրի վերջին նյութերը