Հարցազրույց

04.05.2009 18:14


Տիգրան Թորոսյան.

Տիգրան Թորոսյան.

Հարցազրույց  ԱԺ  նախկին նախագահ, պատգամավոր Տիգրան Թորոսյանի հետ

-Ինչպե՞ս եք գնահատում Լևոն Տեր-Պեըրոսյանի մայիսի 1-ի ելույթի այն հատվածը, որը վերաբերում էր հայ-թուրքական հարաբերություններին և ղարաբաղյան հիմնահարցի կարգավորմանը։

-Դեռևս մարտի վերջին առիթ եղել է, «Օտար խաղեր» հոդվածը տպագրելիս, արձանագրելու, որ Լևոն-Տեր Պետրոսյանի և այսօրվա իշխանությունների տեսակետները Ղարաբաղյան խնդրի կարգավորման, և արդեն վերջնականապես պարզ դարձավ, որ նաև հայ-թուրքական հարաբերությունների առումով՝ իրարից առանձնապես չեն տարբերվում։ Սա ստեղծում է մի նոր իրավիճակ։ Թեև չի կարելի համաձայնվել Տեր-Պետրոսյանի հետ, որ իր գլխավորած ուժը միակ ընդդիմությունն է Հայաստանում, որովհետև նման բան որևէ տեղ երբեք չի լինում, սակայն այսօր, փաստորեն, ընդդիմության մեջ առավել մեծ ազդեցություն ունեցող քաղաքական ուժը, մեր երկրի, մեր ժողովրդի համար բախտորոշ երկու հարցերի առումով ունի իշխանությունների դիրքորոշման հետ միանգամայն նմանվող տեսակետներ. և սա, ընդհանրապես,  արտառոց բան է։ Մեր քաղաքական կյանքում ստեղծվում է նոր իրավիճակ։ Թերևս, առաջիկայում տարբեր քաղաքական ուժերի կողմից որոշ վերանայումներ կլինեն։

-Ասվածը կարո՞ղ ենք համարել որպես  իշխանություն-ընդդիմություն փոխհարաբերությունների նոր ձևաչափի ստեղծում։

-Ոչ, ես արձանագրում եմ փաստը։ Նման գնահատական տալու համար ավելի մանրամասն վերլուծության անհրաժեշտություն կա։ Այլ խնդիր կա. այսօր իշխանություն-ընդդիմություն հարաբերությունների տեսակետից ստեղծվում է ակնհայտորեն մի նոր իրավիճակ, որի վերաբերյալ, եթե նախկինում կարելի էր անել ենթադրություններ, ապա այսօր արդեն կարող ենք խոսել փաստերի մասին։

-Կա՞ ալընտրանքային այն ուժը, որը կկարողանա դիմակայել Ձեր նշած նոր վիճակին։

-Այլընտրանքային գաղափարներ Հայաստանում կան՝  շատ առողջ գաղափարներ։ Սա մեկ։ Երկրորդ՝  կարծում եմ, այլընտրանքային քաղաքական ուժի դեռևս հայտ չներկայացնելու հանգամանքը չպետք է ստեղծի այն տպավորությունը, թե նման ուժ չկա և չի լինելու Հայաստանում։

-Եթե երկրի համար բախտորոշ հարցերում վտանգավոր զարգացումներ լինեն՝ կա այն ուժը, որը կկարողանա դրա դեմն առնել։

-Առնվազն կա ժողովուրդը։ Ինչ վերաբերում է քաղաքական ուժին, ապա, վստահաբար, իրադարձությունների զարգացումը կարող է խթան հանդիսանալ՝  հավաքական նոր քաղաքական ուժի ի հայտ գալու համար։

-Որքանո՞վ եք հավանական համարում, որ Արցախի քաղաքական վերնախավը ստեղծված իրավիճակում դեմ արտահայտվի Հայաստանի իշխանության և ընդդիմության տեսակետներին։

-Արցախի իշխանությունները որևէ խնդիր չունեն որևէ մեկի դեմ դուրս գալու համար։ Սակայն կա մեկ խնդիր, որը, ես հուսով եմ, ԼՂՀ իշխանությունների համար ամենաթանկն է. դա Լեռնային Ղարաբաղի ինքնիշխանության, ԼՂ անկախության խնդիրն է։ Այս առումով, ես հուսով եմ, որ ԼՂ իշխանությունը, ինչպես որ ցույց տվեցին վերջին օրերի զարգացումները, ցանկացած հարցի, այդ թվում նաև Ղարաբաղյան խնդրի  վերաբերյալ, պատրաստ է հստակ արտահայտելու իր տեսակետը։ Այլ բան, որ այդ տեսակետը չհամընկավ Հայաստանի իշխանությունների տեսակետների հետ։

- Ինչպե՞ս  եք գնահատում ՀՅԴ-ի դուրս գալը կոալիցիայից։

-Ճիշտն ասած, չեմ ուզում գնահատել, որովեհետև, գոնե իմ կարծիքով, արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ՀՅԴ-ի դիրքերի պահպանումը և արված հայտարարությունը համատեղելի չեն։

-Դուք նշեցիք, որ իշխանության և ընդդիմության դիրքորոշումներն առանձնապես իրարից չեն տարբերվում։ Այս առումով, առաջիկա քաղաքապետի ընտրություններում որքանո՞վ են հնարավոր  քաղաքական սակարկությունները։

-Ցավոք սրտի, Հայաստանում սակարկություններն ամեն ինչի վերաբերյալ են տեղի ունենում։ Դա, թերևս, միակ մեխանիզմն է՝ որով շատ ու շատ հարցեր են լուծվում։ Այնպես որ, կարծում եմ սակարկություններն ու քաղաքական գործընթացները չարժե միմյանց հետ կապել։

-Ինչպիսի՞ն է լինելու Ձեր հետագա քաղաքական գործունեությունը, ի՞նչ դերակատարմամբ ենք հանդես գալու։

-Ճիշտն ասած, այս պահին որևէ նոր դերակատարություն ես չեմ տեսնում։ Շարունակելու եմ անել այն, ինչը որ միշտ արել եմ։ Իշխանությունից դուրս գալուց հետո, մեր երկրի համար կարևորագույն հարցերի վերաբերյալ միշտ ներկայացրել եմ իմ տեսակետները։ Շարունակելու եմ դա անել։ Բավականին ակտիվ աշխատել եմ լրատվամիջոցների հետ։ Մնացածը կյանքը կթելադրի, թե ինչ է պետք անել։

Զրույցը վարեց Վախթանգ Մարգարյանը

Այս խորագրի վերջին նյութերը