Մեկնաբանություն

18.01.2025 17:29


Ո՞ւմ է հրավիրել իր երդման արարողությանը Թրամփը, և ինչո՞ւ է այս շարքում բացակայում Փաշինյանը

Ո՞ւմ է հրավիրել իր երդման արարողությանը Թրամփը, և ինչո՞ւ է այս շարքում բացակայում Փաշինյանը

Երկուշաբթի՝ 2025 թվականի հունվարի 20-ին, չնայած այն հանգամանքին, որ երկուշաբթի օրը ծանր օր է, Վաշինգտոնում տեղի կունենա ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը։

Շատերին է հետաքրքրում, թե ո՞վ է հրավիրված այդ արարողությանը։

Թրամփի երդմնակալությանը կմասնակցեն նախ՝ աշխարհի երեք ամենահարուստ մարդիկ.Թրամփի ամենամեծ հովանավորը՝ Tesla-ի և SpaceX-ի հիմնադիրը՝ Իլոն Մասկը (կարողությունը գնահատվում է 423 միլիարդ դոլար), Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը, Blue Origin օդատիեզերական ընկերության ստեղծողն ու սեփականատերը, The Washington Post հրատարակչության ղեկավարը (կարողությոնը գնահատվում է 232 միլիարդ դոլար), Facebook սոցիալական ցանցի (Meta Platforms) ստեղծող Մարկ Ցուկերբերգը (կարողությունը գնահատվում է 205 մլրդ դոլար):

Հետաքրքիր է, որ այս շարքից վերջին երկուսն ավանդաբար աջակցել են Թրամփի հակառակորդներին, սակայն ընտրություններից հետո մեղայականով եկել էին Թրամփի մոտ, որպեսզի իրենց բիզնեսները նոր վարչակազմի կառավարման ժամանակահատվածում լուրջ հարվածներ չստանան:

Պարզվում է, այսպես կոչված «օլիգարխների» օրվա կուրսով կողմնորոշվելու «արհեստը» միայն Հայաստանին և հետխորհրդային երկրներին բնորոշ երևույթ չէ:

Պարզվում է, որ նման երևույթը բնորոշ է նույնիսկ ԱՄՆ-ին, որը հայտնի է իր 200 տարվա ժողովորդավարական ավանդույթներով:

Այս «միլիարդատեր կետերին» հետևում են «փոքր» միլիարդատերերը.

-OpenAI-ի գործադիր տնօրեն Սեմ Ալթմանը ( 1,1 միլիարդ դոլար),

-Հանրապետական ​​կուսակցության մեգա-դոնոր Միրիամ Ադելսոնը (32,1 միլիարդ դոլար), ով մոլախաղերի մագնատ Շելդոն Ադելսոնի այրին է,

- Houston Rockets բասկետբոլային ակումբի սեփականատեր Թիլման Ֆերտիտանը (10,2 միլիարդ դոլար), որին Թրամփը նախատեսում է նշանակել Իտալիայում ԱՄՆ դեսպան,

- Chicago Cubs բեյսբոլի թիմի համասեփականատեր Թոդ Ռիկեթսը (4 միլիարդ դոլար), միլիարդատեր Ջո Ռիկեթսի որդին,

-Uber-ի գործադիր տնօրեն Դարա Խոսրովշանին և

-TikTok սոցիալական ցանցի ամերիկյան մասնաճյուղի ղեկավար Շոու Չունը:

Թրամփի ամերիկյան հյուրերի շարքում կլինեն նախկին նախագահներ Բայդենը, Քլինթոնը, Օբաման և Բուշ-կրտսերը:

Հետաքրքիր է, որ հրավիրատոմս ստացել են նաև Միշել Օբաման և Հիլարի Քլինթոնը, որոնք, ըստ լուրերի, չեն մասնակցի արարողությանը:

Ինչ վերաբերվում է օտարերկրյա հյուրերին, այս այս շարքում Թրամփը արևմտյան երկրներից հրավիրել է բացառապես իր գաղափարական կողմնակիցներին, որոնց շարքում են.

-Իտալիայի վարչապետ Մելոնին

-Հունգարիայի վարչապետ Օրբանը

-Սլովակիայի վարչապետ Ֆիցոն,

-Արգենտինայի վարչապետ Մելեյը,

-Լեհաստանի նախկին վարչապետ Մազովեցկին:

Հետաքրքիր է, որ Թրմափի կողմից հրավիրվածների շարքում չկա ոչ մի «լիբերալ» ղեկավար: Նրանց փոխարեն հրավիրվել են այդ երկրների «աջ» թևի ներկայացուցիչները:

Մասնավորապես, Ֆրանսիայից ՝ Էրիկ Զեմուրը, Մեծ Բրիտանիայից՝ Ֆառաջը, Բելգիայից՝ Թոմ Վան Գրիկեն:

Այլ երկրներից հրավիրվածների շարքում են նաև, Չինաստանի, Հնդկաստանի ներկայացուցիչները:

Հասկանալի պատճառով հրավիրված չէ նաև Ռուսաստանի նախագահը:

Այս շարքում զարմանալի չէր նաև, որ հրավիրված չէ նաև Նիկոլ Փաշինյանը:

Նախ, այն պատճառով, որ Փաշինյանը համարվում էր Թրամփի հակառակորդ ճամբարի գործընկեր, բացի այդ, մեր տարածաշրջանը ԱՄՆ-ի համար առաջնահերթներից չի համարվում:

Պարզ է նաև մեկ բան. այս անգամ Թրամփը մտադիր է արմատական փոփոխություններ իրականացնել ԱՄՆ-ում և ԵՄ-ի հետ հարաբերություններում, ինչի մասին վկայում է նաև այն, որ ԵՄ-ից գրեթե ոչ մի ծանրակշիռ ներկայացուցիչ հրավիրված չի արարողությանը:

Իսկ դա ևս մեկ անգամ ապացուցում է, որ Թրամփի օրոք աշխարհին սպասվում են մեծ փոփոխություններ, որոնք իրենց ազդեցությունն են թողնելու նաև մեր տարածաշրջանի և, մասնավորապես, Հայաստանի վրա:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Աղբյուրը՝ Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը