Մեկնաբանություն

06.12.2011 16:44


Հերթական ընտրություններ և հերթական բլեֆ

Հերթական ընտրություններ և հերթական բլեֆ

2007թ. ԱԺ ընտրություններից առաջ ՀՀԿ–ի ցուցակը գլխավորող Սերժ Սարգսյանն իր նախընտրական ելույթում խոստանում էր Հայաստանը նանոտեխնոլոգիաների երկիր սարքել։ Հետո եկավ Տիգրան Սարգսյանը և խոստացավ Գյումրիում ծով «քաշել», դիլիջանցիներին դարձնել միջազգային ֆինանսական կենտրոնի, իսկ ջերմուկցիներին՝ մոծակազերծ տարածաշրջանային առողջարանական կենտրոնի բնակիչներ։

Այդ ամենը, բնականաբար, բլեֆ էր։ Այն, ինչ իրականում հաջողվեց վերջին տարիներին Սերժ Սարգսյանին ու նրա գործիք վարչապետին, Հայաստանում երկնիշ տնտեսական անկում և երկնիշ գնաճ ապահովելն էր։

«Նանոտեխնոլոգներին» հաջողվեց նաև աղքատությունն ավելացնել երեք անգամ և նույնքան անգամ էլ՝ երկրի արտաքին պարտքը։ Այնինչ 2008թ. ընտրություններից հետո ձևավորված կառավարությունը խոստացել էր ՀՆԱ–ի իրական աճ՝ 8-10%–ի չափով, աղքատության կրճատում, ներդրումների աճ, զբաղվածության ավելացում և այլն, և այլն, և այլն։

Հիմա սպասվում են ԱԺ նոր ընտրություններ, և Սերժ Սարգսյանը կրկին դիմում է խոստումներ տալու հնարքին։ Ճիշտ է, այս անգամ բլեֆի դոզան քիչ է, սակայն դրանից իշխանության քայլերի էությունը չի փոխվում։

Ինչպես հայտնի է, «Թումո» կենտրոնում ՀՀԿ–ն հերթական տնտեսական կոնֆերանսն էր հրավիրել։ Վարչապետը ելույթ է ունեցել և բավական սահուն խոսել տնտեսական թեմաներով։ Ականատեսների վկայությամբ՝ նա հարբած չի եղել։ Ասում են նաև, որ միջոցառման կազմակերպիչներն այս անգամ միկրոֆոնը ճիշտ տեղում են դրած եղել։ Մի խոսքով, հոգեբանական էքսցեսներից հաջողվել է խուսափել, բայց չի հաջողվել խուսափել հեքիաթներից։

Տիգրան Սարգսյանն իր խոսքում այլևս ծովերի ու օվկիանոսների մեծության խոստումներ չի տվել, բայց ՀՀԿ–ի տնտեսական կոնֆերանսում խոսք է եղել մինչև 2020թ. արդյունաբերության որոշակի ուղղությունները զարգացնել այնպես, որ արտահանումը միլիոնավոր դոլարներով աճի։

Ուշադրությո՛ւն դարձրեք. Տիգրան Սարգսյանի տնտեսական թիմը թվեր է խոստանում հեռավոր 2020թ. համար, որպեսզի այսօր ու վաղը խուսափի կոնկրետ հարցերի պատասխանելուց՝ «Մինչև 2020–ը յա էշը կսատկի, յա էշատերը» տարբերակով։  Բացի դա՝ չկա որևէ հիմնավորվածություն, թե ինչպես են արվել որոշակի թվերի կանխատեսումները, ո՞ր մեթոդոլոգիայով են հաշվարկներն իրականացվել։ Ակնհայտ է, որ թիվ են «կրակել» ու նախընտրական «փուչիկ» փչել։ Այսինքն՝ սա էլ մի յուրօրինակ բլեֆ է։ Բլեֆ, որի գնահատականն ընտրողները կտան շատ շուտով։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ ՀՀԿ–ի կոնֆերանսում Տիգրան Սարգսյանի հնչեցրած մտքերից ամենաուշագրավն այն էր, որ նա 1996-2008թթ. գնահատեց որպես կայուն զարգացման փուլ։

Հիշեցնեմ, որ երբ ՀՅԴ–ն Կառավարությունից պարզաբանումներ էր պահանջել տնտեսական ճգնաժամի թեմայով, Տիգրան Սարգսյանը տնտեսության մեջ 2009թ.–ից արձանագրված բացասական ցուցանիշները պաշտոնապես հիմնավորել էր նախորդ իշխանությունից ստացած ծանր ժառանգությամբ։ Հիմա, փաստորեն, եկել է գնահատականները վերախմբագրելու ժամանակը, քանզի սեփական ձախորդությունները նախորդ իշխանություններին քարկոծելու միջոցով ծածկելու փորձ անելով՝ Սերժ Սարգսյանն ու Տիգրան Սարգսյանը քարկոծում էին նաև Անդրանիկ Մարգարյանի կառավարությանը։ Հավանաբար զգալով, որ ներկուսակցական կոնյունկտուրայից ելնելով՝ ճիշտ քայլ չեն արել, իշխանության նեղ թիմը որոշել է քծնել նախորդ ժամանակաշրջանի կառավարիչներին։

Հ.Գ.–2։ Վարչապետը ծրագրել է հայկական կոնյակի արտահանման աշխարհագրությունը դիվերսիֆիկացնել և, մասնավորապես, մտնել չինական շուկա։ Գաղափարը վատը չէ։ Կոնֆերանսի մասնակիցներին ասվեց, որ բազմամիլիոնանոց ակնկալիքներ կան այդտեղից։ Ներկաներին չասվեց, սակայն, թե արդյոք չինական շուկայի նկատմամբ Տիգրան Սարգսյանի հետաքրքրությունը պայմանավորվա՞ծ է այն բանով, որ իր եղբայրն այնտեղ արտակարգ և լիազոր դեսպան է և որ Սարգսյան եղբայրները հաջողված բիզնես նախագծեր են իրականացրել նույն Չինաստանում։

Իշխանության և բիզնեսի տարանջատումը, որի մասին այդքան շատ է սիրում խոսել Սերժ Սարգսյանը, երևի, հենց այդպես պետք է լինի։ Բիզնեսը պետք է տարանջատվի իշխանությունից Հայաստանի ու Չինաստանի միջև առկա հեռավորության չափ, հայաստանցիների աչքից հեռու։

Այս խորագրի վերջին նյութերը