Մեկնաբանություն

23.11.2011 13:28


Ինչու՞ Լիսկան չի հեռացվում

Ինչու՞ Լիսկան չի հեռացվում

Սերժ Սարգսյանի գլխավորած թիմի քաղաքական հայեցակարգն ամբողջովին փլուզվել է։ Նրանք ուզում էին «անընդունելի և անհանդուրժելի» երևույթների դեմ պայքարի քողի տակ կյանքի կոչել «մեկ ազգ, մեկ օլիգարխ, մեկ տիրացու, մեկ փեսա» ծրագիրը, սակայն չի ստացվում։

Չի ստացվում, որովհետև հնարավոր չէ երկակի ստանդարտներ կիրառելով հասարակությանը շարունակ «ֆռռացնել»։ Ճիշտ է, «ֆռռացնելու» համար իրենք հաջողացրել են մեկ օլիգարխի հեռուստադաշտ ստեղծել (Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի շնորհիվ, իհարկե), որպեսզի ուղեղների լվացում անեն, բայց դե Հայաստանը փոքր երկիր է և տեղեկատվությունը բերանից–բերան ավելի արագ է հասնում, քան կհասցնեին դա անել «ազատ, բայց սերժատու» հեռուստաալիքները։ Ի վերջո ինտերնետ կա, միշիկական տիրույթից դուրս երկու–երեք կայք կա, ֆեյսբուք կա, բան կա։

Արձանագրենք, որ Սյունիքի մարզպետի «քաջագործությունը» և Բաղրամյան 26–ի տիրակալների շփոթվածությունը վերջնականապես պայթեցրեց նախագահական նստավայրի փչած «անհանդուրժելիության» փուչիկը։ Պարզ դարձավ, որ «ֆուտբոլասեր» նախագահի համար անհանդուրժելի են այն երևույթները և այն պաշտոնյաները, որոնք խանգարում են գերկենտրոնացված տնտեսության կառուցմանն ու հնարավորություն չեն տալիս թուրքմենբաշիզմ ստեղծել։ Մնացած առումներով ամեն ինչ հանդուրժելի է և ընդունելի։

Լիսկայի արածից հետո պարզ դարձավ նաև, որ Սերժ Սարգսյանն այնքան է թուլացել, որ ստիպված է հանդուրժել նրան, քանզի առջևում ընտրություններ են ու եթե նա Լիսկային կպնի, ապա մյուս մարզերի լիսկաները երես կթեքեն «նախաձեռնող» նախագահից, բայց նկատենք, որ եթե նույն այդ լիսկաները մնան իրենց տեղերում, ապա դա հաստատ երաշխիք չէ, որ Սերժ Սարգսյանը կգնա երկրորդ «սռոկի»։ Սարգսյանը սա շատ լավ հասկանում է և անելանելի դրության մեջ է հայտնվել, ու դա է պատճառը, որ կիսաքայլեր է անում։

Լիսկան չի հեռացվում, բայց նրա դեմ քրեական գործ է հարուցվում։ Այդպիսով մի կողմից հասարակությանը փորձում են քծնել ու ցույց տալ, թե «անհանդուրժելի» երևույթները շարունակում են արմատախիլ արվել, բայց մյուս կողմից էլ Լիսկային են քծնում՝ հասկացնելով, որ իրեն չեն պատժելու, իսկ քրեական գործն էլ հարուցվել է ժողովրդին մատուցվող շոու–ծրագրի շրջանակներում։

Այսպիսի կիսաքայլերի մենք դեռ շատ կհանդիպենք մինչև համապետական զույգ ընտրությունները, որոնց ժամանակ արդեն հասարակությունը պետք է խաղի մեջ մտնի ու իր ամբողջական քայլերով քաղաքական դաշտից դուրս մղի անհանդուրժելի և անընդունելի երևույթներին։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը