Հարցազրույց

01.05.2009 18:20


Կարեն Մխիթարյան.

Կարեն Մխիթարյան.

Հարցազրույց «Ալիք» արհմիութենական կազմակերպության նախագահ Կարեն Մխիթարյանի հետ

-Այսօրվա մեր իրականության պայմաններում որքանո՞վ են պաշտպանված աշխատողի շահերը։

-Հաշվի առնելով այսօրվա իրավիճակը, այդ թվում նաև համաշխարհային ճգնաժամը՝ չափազանց դժվար է պաշտպանել աշխատողի շահերը։ Այս պայմաններում արհմիութենական կազմակերպությունները, աշխատողի շահերը պաշտպանող կառույցները պետք է նպատակաուղղված աշխատեն ներկայիս մարտահրավերներին դիմակայելու համար։

-Իսկ մինչև տնտեսական ճգնաժամը, արդյո՞ք Հայաստանում աշխատողը որևէ կերպ պաշտպանված էր։

-Աշխատավորի շահերի պաշտպանության տեսանկյունից մենք ունենք մի  քանի փուլ. առաջինը՝ օրենսդրության բացակայության պայմաններում աշխատողի իրավունքների պաշտպանելու մեխանիզմների բացակայություն, երկրորդ փուլ՝ արհմիությունների մասին օրենքի  ընդունումը և երրորդ փուլ՝ աշխատանքային օրենսգրքի ստեղծմամբ՝ օրենսդրական նախապայմաններ ստեղծվեցին աշխատավորների շահերը պաշտպանելու համար։ Այս ամենով հանդերձ աշխատողի իրավունքների պաշտպանության հարցում լուրջ խնդիրները դեռ պահպանվում են։

-Այսօր խոշոր բիզնեսը սերտաճած է իշխանության հետ։ Այս պայմաններում որքանո՞վ է իրատեսական պաշտպանել աշխատողի շահերը, և արդյո՞ք եղել է նախադեպ, երբ մեզ հայտնի որևէ խոշոր գործարարի մոտ աշխատող կարողացել է իր իրավունքներին տեր կանգնել։

-Խոշոր գործարարների պարագայում չափազանց բարդ է պաշտպանել աշխատավորի շահերը. գրեթե անհնար։  Դա մի քանի պատճառ ունի. առաջինը՝  այդ գործարարները իրենք անվերահսկելի են, առավել,  ևս որ շաղկապված են իշխանությունների հետ։ Այս պայմաններում ոչ միայն աշխատավորական կոլեկտիվների, այլև պետության համար է շատ դժվար վերահսկել իրավիճակը։ Երկրորդ՝ շատ կան աշխատավորական կոլեկտիվներ, որոնք ունեն ընդհանուր շահ։ Սակայն, չգիտես թե ինչու, նրանք միասնաբար չեն պայքարում սեփական իրավունքը պաշտպանելու համար։ Ընդահանուր առմամբ գործատու-գործառու նորմալ հարաբերությունների կայացմանը խանագարում է մեր այսօրվա իրողությունը, մեր օրենսդրական դաշտը, հասարակության մտածելակերպը։

-Ստացվում է, որ հատկապես խոշոր գործատուի մոտ աշխատողը իր իրավունքները ոչ մի կերպ չի՞  կարող պաշտպանել։

-Հիմնականում ոչ։ Աշխատողի պաշտպանված չլինելը մի քանի տեսանկյունից պետք է նայել։ Աշխատողն ինքն իրեն արժանապատիվ աշխատանքի մեջ չի տեսնում։ Մեզ մոտ այնպիսի բնութագրերով աշխատանքները, որոնցում աշխատավորը իրեն լավ է զգում, որը նրա սրտով է՝ շատ քիչ են։ Հայաստանում աշխատողը աշխատում է գոյատևելու համար և դրանից նա բոլորովին իրեն լավ չի զգում։ Նա պատրաստ է կատարել ցանկացած աշխատանք՝  միայն թե գոյատևի։

-Իսկ ի՞նչ են անում մեր արհմիութենական կազմակերպությունները։

-Ձևական առումով արհմիությունները գործում են, սակայն բովանդակությամբ նրանք մնացել են այնպիսին, ինչպիսին որ էին Խորհրդային Միության ժամանակ։ Եվ եթե այն ժամանակ արհմիությունները որոշակի գործառույթներ ունեին,  ապա այսօր իրավիճակը լրիվ այլ է։

-Փաստորեն ստացվում է, որ Հայաստանում աշխատողի շահերը, մեծ հաշվով, պաշտպանող չկա՞։

-Հայաստանում աշխատողը շատ հարցերում մնում է մեն-մենակ։ Գուցե ժամանակ է հարկավոր, որ մեր հասարակության մոտ ձևավորվի սեփական շահերը պաշտպանելու մտածողություն։

-Այսօր այնպիս է ստացվել, որ դժգոհում  են և՛ գործատուն, առաջին հերթին փոքր և միջին բիզնեսը, և՛ գործառուն։ Դա ինչպո՞վ է պայմանավորված։

-Գործատուների դժգոհությունը պայմանավորված է աշխատուժի որակի հետ կապված խնդիրներով։ Այն պահանջները որոնք այսօր դնում է գործատուն շատ դեպքերում չեն կարողանում ապահովել գործառուները։ Սա արդեն պետության խնդիրն է՝ ապահովել աշխատուժի մասնագիտական վերապատրաստավորում, չթողնել, որ այն ժանգոտի...

-Դա հասկանալի է։ Որքանո՞վ է ներկայիս տնտեսական քաղաքականությունը նպաստում գործատու-գործառու հարաբերությունների կարգավորմանը։

-Այսօրվա տնտեսական քաղաքականությունը չի նպաստում գործատու-գործառու հարաբերությունների նորմալացմանը։ Այն ավելի շատ ուղղված է օրվա խնդիրների լուծմանը։ Գործատու-գործառու հարաբերությունների կարգավորման ծրագրերը պետք է հաշվարկվեն տասնյակ տարիների կտրվածքով։ Իսկ այդպիսի նպատակաուղղված քաղաքականություն այսօր Հայաստանում չկա՝ այն գոյատևման, օրվա խնդիրները լուծելու քաղաքականություն է։

-Իսկ այսօրվա մթնոլորտը, քաղաքական գործընթացները ինչպե՞ս են անդրադառնում բիզնես դաշտի վրա։

-Ինչպես ամբողջ աշխարհում, այդպես էլ մեզ մոտ ցանակացած քաղաքական գործընթաց այս կամ այն կերպ անդրադառնում է աշխատաշուկայի վրա։ Հատկապես վերջին  տարիների գործընթացները, բնականաբար, բացասական անդրադարձ են ունեցել։

-Ձեր կանխատեսմամբ՝ իրական արհմիութենական շարժում Հայաստանում երբ կձևավորվի՞։

-Իմ կարծիքով դրա համար արդեն նպաստավոր պայմաններ կան։ Տնտեսական ճգնաժամի ավարտից հետո, շատ հնարավոր է լինեն և՛ քաղաքական, և՛ տնտեսական բնագավառներում, ընդահանուր վերադասավորումներ ամբողջ աշխարհում։ Ինձ թվում է, որ մեր հասարակությունը կարող է ընկալել արհմիությունների գոյության անհրժեշտությունը՝ մանավանդ հիմա։ Կարծում եմ, որ այս առումով երեք, չորս տարի հետո Հայաստանում նոր իրողություն կլինի։

Զրույցը վարեց Վախթանգ Մարգարյանը   

Այս խորագրի վերջին նյութերը