Հարցազրույց

22.11.2011 18:08


Սարհատ Պետրոսյան.

Սարհատ Պետրոսյան.

Հարցազրույց ճարտարապետ, քաղաքաշինարար Սարհատ Պետրոսյանի հետ

–Ինչպե՞ս եք վերաբերվում այն փաստին, որ հնարավոր է՝ Երևանի կենտրոնում 50–հարկանի շենք կառուցվի, այսպես կոչված՝ «Պարսկական աշտարակը»։

–Երևանում նման շենք կառուցելուն վերաբերվում եմ դրական, կենտրոնում՝ վերապահումով։ Մի քանի վայրերում կարող եմ պատկերացնել նման շենք միայն։ Դրան, բնականաբար, հաջորդելու է կոնկրետ շենքի ճարտարապետական ու ծավալային լուծումների գնահատման ու լավագույնի ընտրության «մարտահրավերը»։ Այն միանշանակ պետք է լինի տպավորիչ ու արժանի համաշխարհային ճարտարապետական քարտեզում հայտնվելուն։ Այն կարող է և պե՛տք է հանդիսանա Երևանի 21–րդ սիմվոլը։ Միայն այդ դեպքում կարելի է հանրային գույքով փոխհատուցել նման ծրագրի իրականացումը՝ տեղափոխելով այն քաղաքաշինորեն ընդունելի միջավայր։

–Արդյոք սա վտանգավոր չէ՞. մենք գտնվում ենք երկրաշարժավտանգ գոտում։

–Այդ մասին վերջնական դիրքորոշում պետք է հայտնեն մասնագետները, սակայն կարծում եմ՝ տեխնիկապես նման շինություն հնարավոր է կառուցել երկրաշարժային գոտիներում։ Հատկապես պետք է դիտարկել դրա՝ քաղաքաշինորեն սեյսմիկ անվտանգությունը ու նկատի առնել անհրաժեշտ նորմատիվ պահանջները։

–Ի՞նչ քայլեր կարելի է անել այս շինարարությունը կանխելու համար։

–Պետք է հանրային քննարկման ենթարկել՝ կարևորելով մասնագիտական դիրքորոշումը։ Հասարակությունն ու մամուլը նույնպես կանեն առավելագույնը։

–Արդյոք կառավարության միջամտությունը պետք չէ՞։

–Կառավարությունը, հարգելով միայն ընդունված օրենքները հանրային քննարկումների և այլ գործընթացների առումով, ինչպես նաև ենթաօրենսդրական ու նորմատիվային այլ պայմանները, ինքն իրեն կհանգի տվյալ տարածքում 4 հարկը չգերազանցող կառուցապատման թույլտվությանը։ Հաշվի առնելով նաև այս կարգի շինարարական աշխատանքների դրական ազդեցությունը՝ պետք է անել ամեն ինչ նման խոշոր ծրագիրը Երևանի այլ հատվածում իրականություն դարձնելու համար։

Զրույցը վարեց Հեղինե Հարությունյանը

Այս խորագրի վերջին նյութերը