Մեկնաբանություն

01.05.2009 18:03


Ունենք վերջին շանսը

Ունենք վերջին շանսը

«7 օրի» հետ ունեցած զրույցում ԼՂՀ ԱԺ անկախ պատգամավոր, «Անալիտիկոն» վերլուծական ամսագրի խմբագիր Գեղամ Բաղդասարյանը ներկայացրել է Արցախում տիրող քաղաքական տրամադրությունների որոշ մանրամասներ. «ԼՂՀ Ազգային ժողովի առաջիկա արտահերթ նիստն ու դրանում ընդունվելիք հայտարարությունը, ըստ իս, շրջադարձային և ուղենշային են լինելու, եթե, իհարկե, առկա ընթացքն իր տրամաբանական ավարտին հասցվի։

         Հարցն, իմ կարծիքով, պիտի դիտարկել երկու տեսանկյունից։ Նախ՝ երկրորդ հայկական պետականության իշխանությունը տարիների նիրհից հետո վերջապես հասկացել է, որ նահանջի ու խուսանավելու տեղ այլևս չկա, ինչպես որ չկա պատասխանատվությունից խուսափելու կամ այն ուրիշի վրա բարդելու ռեսուրս։ Տարածաշրջանային վերջին զարգացումները, Հայաստանի և Թուրքիայի երկկողմ հարաբերությունների նորմալացման, ինչպես նաև ղարաբաղյան հիմնախնդրի քաղաքական կարգավորման գործընթացներն ու նոր աշխարհակարգի ձևավորման միտումները տեսանելի են դարձրել մոտալուտ հանգուցալուծման հեռանկարները։ Այս առումով, ղարաբաղյան կողմը կորցրածը ետ բերելու և դեռևս մնացած շանսերն օգտագործելու հրամայականի առաջ է կանգնել։ Ղարաբաղը կամա թե ակամա, ավելի շատ՝ ճարահատ, պիտի ինքնուրույն ռազմաքաղաքական գործոնի հայտ ներկայացնի։ Այս հայտը վաղուց պիտի ներկայացվեր, այս հայտը ձեռնտու պիտի լիներ հայկական երկու կողմերին, սակայն սուբյեկտիվ պատճառներով այն չեղավ, և Հայաստանն էլ մենաշնորհեց հայկական երկու կողմերի իրավասությունները։

         Սակայն այստեղ մի կարևոր հանգամանք կա։ Որքան էլ մեծ լինի երկու հայկական պետականությունների դիրքորոշումներն իրար հակադրելու գայթակղությունն, ավելին՝ օգտակար լինի դրանց տարանջատումն ու հստակեցումը, մի բան հարկ է հասկանալ՝ սա, ամենայն հավանականությամբ, «ռեալ պոլիտիկի» ոլորտից է։ Հայկական կողմերն այնպիսի ծանր կացության մեջ են դրել իրենց, որ ստիպված են օգտագործել վերջին ռեսուրսը, «մատեան գունդը»։ Իրականում սա վերջին ռեսուրսը չպիտի լիներ, այլ առաջինը, բայց, դե, ունենք այն, ինչ ունենք։ Իսկ ունենք ամենակարևորը, ավելի ճիշտ՝ դեռ ունենք ամենակարևորը, այն է՝ շանս։ Միգուցե վերջին շանսը, որովհետև այլ ռեսուրս այլևս չունենք, մսխել-վատնել ենք ամեն ինչ աջուահյակ»։

Այս խորագրի վերջին նյութերը