Հարցազրույց

17.11.2011 16:24


Արամ Հարությունյան.

Արամ Հարությունյան.

Հարցազրույց «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանի հետ

–Ինչպե՞ս եք գնահատում պետական ապարատում վերջին պաշտոնանկություններն ու տեղափոխությունները։

–Կարծում եմ՝ հաջորդ զոհաբերությունը վարչապետինն է, սակայն դեռ նրա հերթը չի հասել, բայց համոզված եմ, որ իրեն էլ կհասնի։ Թե արդյոք դրան կնպաստի՞ նրա ոչ սթափ լինելը, թե ոչ, ուրիշ խնդիր է, բայց վարչապետի ժամանակը եկել է, ու նախագահը դա կօգտագործի որպես «PR» վերջին հրաժարականների շարքում։

–Քաղաքական դաշտում Իջևանի քաղաքապետի ընտրությունները հնարավո՞ր է դառնան նոր գործընթացների սկիզբ։

–Այդ ընտրությունները ցույց տվեցին, որ իշխող Հանրապետական կուսակցությունն այսօր ժողովրդի մեջ, համենայնդեպս, չունի մեծ վարկանիշ։ Ինչքան էլ իրենք փորձեն ժխտել, ի վերջո, ամբողջ կուսակցությունը կենտրոնացել էր այդ ընտրությունների վրա, քանի որ դա սկզբունքային հարց էր, ու պարտվեցին։ Դա արդեն շատ բան է ցույց տալիս իրավիճակի և իշխանությունների նկատմամբ ժողովրդի վերաբերմունքի մասին։

–Լուրեր են շրջանառվում, թե Սերժ Սարգսյանը հնարավոր է գնա արտահերթ նախագահական ընտրությունների։ Որքանո՞վ եք իրատեսական համարում նման սցենարը։

–Դա տարբերակներից մեկն է, բայց ես չեմ կարծում, որ նա նման ռիսկի կգնա, որովհետև ամեն դեպքում այսօր որքան էլ թվա, թե քաղաքական կուսակցությունները պատրաստ չեն, այդպես չէ։ Հետևանքները դեռ պարզ չեն, եթե նա գնա արտահերթ ընտրությունների, որովհետև դա առաջին հերթին կնշանակի ՀԱԿ–ի հաղթանակ գաղափարական իմաստով։ Չեմ կարծում, որ նախագահը կգնա այդ ռիսկին։

–«Ազգային համաձայնություն» կուսակցությունն ի՞նչ ձևաչափով է մասնակցելու 2012թ. խորհրդարանական ընտրություններին։

–Մենք բանակցությունների մեջ ենք տարբեր ուժերի հետ, դեռևս վերջնական հայտարարի չենք եկել։ Մոտ ժամանակներս, հավանաբար, որևէ հայտարարի կգանք, և այդ մասին հայտարարություն կարվի։ Սակայն մենք պայմանավորվել ենք դեռևս անուններ չտալ ավելորդ  սև «PR»–ից խուսափելու համար։

Զրույցը վարեց Հայկ Ալեքսանյանը

Այս խորագրի վերջին նյութերը