Մեկնաբանություն

16.11.2011 13:38


Իջևանցիները պատռեցին կոալիցիոն հուշագիրը

Իջևանցիները պատռեցին կոալիցիոն հուշագիրը

Ինչպես հայտնի է, այս տարվա փետրվարին իշխող կոալիցիան ներկայացնող ուժերը հուշագիր ստորագրեցին։ Իր բնույթով հակասահմանադրական այդ հուշագրում ահագին անհեթեթ ձևակերպումներ կային, բայց, չնայած այդ ամենին, ստորագրման արարողությունը տեղի ուեցավ։ Նկատենք, որ դա ավելի շատ Սերժ Սարգսյանին էր պետք՝ իշխանության ներսում սեփական լեգիտիմության սրընթաց անկումը գոնե ժամանակավորապես կասեցնելու և ԲՀԿ–ի դեմն ինչ որ կերպ առնելու համար։ Ժամանակը, սակայն, ցույց տվեց, որ Ս. Սարգսյանի պլանները չիրականացան։

Գագիկ Ծառուկյանը, շատ լավ հասկանալով, որ հուշագիրն այդ իրեն պետք չէ ու որոշակիորեն վնասում է ԲՀԿ–ի իմիջին, այդուհանդերձ ստորագրեց այն՝ մարտավարական զիջումը հետագայում ռազմավարական հաջողությամբ փոխհատուցելու հստակ նպատակով։

Բոլորն էլ հասկանում են, որ կոալիցիոն հուշագիրն այդ որևէ պարտավորեցնող նորմ չունի։ Ի վերջո ժողովուրդն է որոշելու, այլ ոչ թե կուսակցությունները կամ հուշագրերը, թե որ ուժը քանի տոկոս ձայն պետք է հավաքի ընտրություններում։ Իջևանյան  ընտրությունները և ԲՀԿ–ական թեկնածուի համոզիչ հաղթանակը, Սերժ Սարգսյանի և Տիգրան Սարգսյանի հովանավորությունը վայելող Իջևանի արդեն նախկին քաղաքապետի նկատմամբ, ասվածի  վառ ապացույցներից է։

Եթե կոալիցիոն հուշագրի տրամաբանությամբ լինեին այդ ընտրությունները, ապա իջևանցիները ստիպված պետք է շարունակեին հանդուրժել Իջևանի նախկին քաղաքապետի գոյությունը կառավարման համակարգում, սակայն մարդիկ թքած ունեն հուշագրերի և տարատեսակ այլ համաձայնագրերի վրա։ Քաղաքացին ընտրում է սեփական կամքով, այլ ոչ թե «պոլիտբյուրոյի» որոշմամբ կամ Սերժ Սարգսյանի ստորագրած ինքնասատարման թղթերով։

Իջևանցիները, կարելի է ասել, որ իրենց ընտրությամբ ու քաղաքացիական դիրքորոշմամբ պատռեցին կոալիցիոն հուշագիրը՝ ցույց տալով, որ իշխանության միակ ու անփոխարինելի աղբյուրը ժողովուրդն է։ Ահա այս հանգամանքն է, որ հունից հանել է նախագահական նստավայրին։ Իջևանում տեղի ունեցած ընտրությունների արդյունքների կապակցությամբ,  «ազատ, բայց  սերժատու» լրատվամիջոցների բարձրացրած վայնասունն ու ոռնոցը միայն դրանով է բացատրվում։

Սրանք հիմա խնդիր են դրել ՀՀ քաղաքացիներին համոզել, որ Իջևանում Բաղրամյան 26–ի թեկնածուի պարտությունը Ս. Սարգսյանի գիտությամբ ու «դաբրոյով» է եղել։ Նման դեպքերի համար է ասված՝ աղվեսի քիթը խաղողին չհասավ, ասեց խակ էր։

Որպես սրտի մխիթարանք՝ իշխանական լրատվամիջոցները նշում են, թե Ս. Սարգսյանը զիջեց Իջևանը ԲՀԿ–ին, քանի որ այդպես էր պետք։ Այդ «մեսիջը», հավանաբար, ուղղված է պետական ապարատին՝ ՀՀԿ «ճկուն» նախագահի տակից գնացող պետական բուրգը կանգուն պահելու համար, բայց շատերին է արդեն տեսանելի, որ սերժատիգրանական զույգը իշխում է զուտ իներցիայի շնորհիվ։ Ընտրությունները կգան և ամեն ինչ պարզ կդառնա՝ լինեն դրանք հերթական կամ արտահերթ կարգով։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ «Ազատ, բայց սերժատու» լրատվամիջոցները խճճվել են իջեցված պատվերների հակասական բնույթի պատճառով։ Սրանք մի կողմից գրում են, թե ԲՀԿ–ն հաղթեց Իջևանում, քանզի Սերժ Սարգսյանը դեմ չէր, բայց մյուս կողմից էլ չեն կարողանում թաքցնել իրենց կատաղությունն ու «մանթոն» այն առումով, որ ԲՀԿ–ն հաղթել է այլ քաղաքական ուժերի հետ համագործակցության ու ժողովրդի ակտիվության շնորհիվ՝ ի հեճուկս ԲՀԿ թեկնածուի դեմ աշխատող վարչական մեքենայի։

«Սերժատուները», որոնք մինչև վերջերս իրենց ներկայացնում էին իբր ընդդիմադիր տրամադրված լրատվամիջոցներ, ո՜վ զարմանք, նյարդայնացած են իշխանական թեկնածուի պարտությամբ, ԲՀԿ–ի թեկնածուի հաղթանակով ու «մուննաթ» են գալիս, ասենք, ՀԱԿ–ի, ՀՅԴ–ի կամ «Ժառանգության» վրա, թե ինչու են վերջիններիս տեղական կառույցները պաշտպանել ոչ իշխանական թեկնածուին։ Դե ընդդիմադիր լրատվամիջոցը երևի հենց այդպես էլ պետք է լինի. պետք է մտահոգվի Սերժ Սարգսյանի տեղական նշանակության պարտությամբ և ցավ հայտնի առ այն, որ քաղաքական մյուս ուժերը պաշտպանել են ոչ թե ՀՀԿ–ական թեկնածուին, այլ նրա հակառակորդին։

Այստեղից պետք է մի եզրակացության գալ. փաստորեն Բաղրամյան 26–ում ի՜նչ աստիճանի են «վառված» իջևանյան ընտրությունների արդյունքներով, որ առանց երկար–բարակ մտածելու «քսի» են տվել իրենց լրատվամիջոցներին՝ չմտահոգվելով դրանց «փուռը» տալու մասին։

Ափսոս էին լրատվամիջոցները։ Նրանք դեռ այնքա՜ն երիտասարդ էին, բայց արդեն «Նատաշա» են դարձել...

Այս խորագրի վերջին նյութերը