Մեկնաբանություն

15.11.2011 15:26


Որքա՞ն ժամանակ Տարոն Մարգարյանը կլինի հանդուրժելի և ընդունելի

Որքա՞ն ժամանակ Տարոն Մարգարյանը կլինի հանդուրժելի և ընդունելի

2005–ի սահմանադրական փոփոխություններից գլխավորն առնչվում էր Երևանի կառավարմանը։ Այն ժամանակ իշխանությունները գնացին 1995–ի Սահմանադրության բարեփոխմանը, բայց ոչ մինչև վերջ. քաղաքապետը դարձավ ոչ թե ուղղակի, այլ անուղղակի ձևով ընտրովի։

Ճիշտն, իհարկե, մայրաքաղաքի ղեկավարի ուղղակի ընտրության նորմը սահմանադրորեն ամրագրելն էր, բայց այդ հարցը թողնվեց օրենքի մակարդակով որոշելուն, իսկ օրենսդիրներն էլ որոշեցին, որ միայն Երևանի ավագանին պետք է ուղղակի ընտրվի ու հետագայում իր կազմից ընտրի Երևանի քաղաքապետին։

Գագիկ Բեգլարյան. 2005–ի սահմանադրական փոփոխություններից հետո առայժմ առաջին ու վերջին ինքնուրույն քաղաքապետը

2009–ի ընտրությունների ժամանակ Երևանի առաջին քաղաքապետ դարձավ Գագիկ Բեգլարյանը։ Հարկ է հիշեցնել, որ մայրաքաղաքի ավագանու ընտրությունը տեղի էր ունենում նախագահական ընտրություններից մնացած իներցիայի ֆոնին, այսինքն՝ բավական լուրջ պայքար կար։

Ընտրությունների արդյունքում ՀՀԿ–ն Երևանում վերցրեց ավագանու հսկիչ փաթեթը, և Բեգլարյանը, ով իշխանական ցուցակի գլխավոր դեմքն էր ու ընտրարշավ տանողը, բնականաբար, դարձավ քաղաքապետ։

Անկախ այն հանգամանքից, թե ինչպես անցան Երևանի ընտրությունները, ակնհայտ էր, որ Բեգլարյանը, որպես քաղաքապետ, ինքնուրույնության բավական մեծ աստիճան ուներ, քանի որ իր ընտրվելով շատ քիչ էր պարտական Սերժ Սարգսյանին։ Փոխարենը Ս. Սարգսյանն էր ահագին պարտական Բեգլարյանին Բաղրամյան 26–ում հայտնվելու համար։ Ահա ա՛յս հանգամանքն էր, որ Բեգլարյանին դարձրեց անընդունելի և անհանդուրժելի, այսինքն՝ Դոմինգոն և նախագահականի աշխատակազմի աշխատակցի փորձության ենթարկված այտն ընդամենը հայտնվեցին անհրաժեշտ պահին անհրաժեշտ տեղում։

Երևանի քաղաքապետը հսկայական բյուջետային միջոցներ է տնօրինում, և այդ մասով ինքնուրույն որոշումներ կայացնող Բեգլարյանին չէին կարող հանդուրժել նախագահական նստավայրում և Դոմինգոն երգեց։

Բեգլարյանի դեմ աշխատեց նաև այն հանգամանքը, որ նա դարձել էր իշխանական թիմի ստվերային մենեջերներից, ինչը չէր կարող հունից չհանել երիտսերժականների առաջնորդին, ով ի դեմս Բեգլարյանի մրցակից էր տեսնում։ Համ էլ՝ Սերժ Սարգսյանի երազած «մեկ ազգ, մեկ օլիգարխ, մեկ տիրացու, մեկ փեսա» մոդելը չի ենթադրում ինքնուրույն սուբյեկտների առկայություն ո՛չ պետական կառավարման համակարգում, ո՛չ քաղաքական դաշտում, ո՛չ էլ մասնավոր բիզնեսում։

Կարեն Կարապետյան. «դրայվը» կարճ տևեց

Բեգլարյանի հեռացումից հետո քաղաքապետի պաշտոնը, Սերժ Սարգսյանի կոպիտ միջամտությամբ, ընտրովիից վերածվեց նշանակովիի։ Այդ պաշտոնում նշանակվեց Կարեն Կարապետյանը, ով ենթադրաբար պետք է, պատկերավոր ասած, թեյ խմելիս էլ կապվեր Բաղրամյան 26–ի հետ։ «Հայռուսգազարդից» մայրաքաղաքի ղեկավարի աթոռին հայտնված Կ. Կարապետյանը սկզբում այդպես էլ վարվում էր, և պատահական չէ, որ Երևանի գլխավոր ճարտարապետ նշանակվեց Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի բարեկամներից մեկը։ Սակայն շատ չանցած գլխավոր ճարտարապետ Հասրաթյանը հեռացավ աշխատանքից (կամ էլ հեռացվեց Կարապետյանի կողմից)։ Իսկ դա նշանակում է, որ Կ. Կարապետյանը հայտ ներկայացրեց ինքնուրույն քաղաքապետ դառնալ՝ ինքնուրույնաբար տնօրինելով նաև համայնքի բյուջեն։ Այդ պահից սկսած կարելի է ասել, որ կուլիսային կոնֆլիկտ սկիզբ առավ Երևանի քաղաքապետի ու նախագահական նստավայրի միջև։ Արդյունքում Կարեն Կարապետյանն սկսեց գործ փնտրել «Գազպրոմում»։

Տարոն Մարգարյան. կամակատա՞ր, թե՞ ինքնուրույն քաղաքապետ

Այսօր Երևանի ավագանին ընտրել է նոր քաղաքապետ, բայց դա ընտրություն չէր, քանզի Սերժ Սարգսյանը նախապես նշանակել էր Տարոն Մարգարյանին։ Փաստորեն, Տարոնի վրա է հիմա դրված նախագահականին կից հլու–հնազանդ քաղաքապետ աշխատելու պարտականությունը։ Այսինքն, Տ. Մարգարյանը զրկված է ինքնուրույնությունից (մանավանդ որ Կարեն Կարապետյանը մի կարգին բյուջե էլ չի թողել իրենից հետո, որ Մարգարյանը դրանք տնօրինի ինքնուրույն կամ թելադրանքով)։ Ասում են, թե Տ. Մարգարյանն այս պահին կառավարելի է անգամ նախագահականի լրատվականի աշխատակիցների մակարդակով։

Թե ինչպես կզարգանան իրադարձությունները, և ինչպիսի քաղաքապետ կդառնա Մարգարյանը, պարզ կդառնա շատ կարճ ժամանակահատվածում։  Եթե «ազատ, բայց սերժատու» հեռուստաընկերությունները շարունակեն դրականորեն վերաբերվել նրան, ուրեմն նորանշանակ քաղաքապետն ամբողջովին ենթարկվում է Սերժ Սարգսյանին ու երիտսերժականներին և զրկված է ինքնուրույնաբար ֆինանսական միջոցները տնօրինելու և Երևանում քաղաքաշինական որոշումներ կայացնելու հնարավորությունից։

Տ. Մարգարյանին քաղաքապետ դարձնելը նաև քաղաքական ենթատեքստ ունի։ Ս. Սարգսյանի թիմն ուզում է առաջիկա համապետական ընտրությունների ժամանակ օգտագործել Անդրանիկ Մարգարյանի դրական բրենդի ժառանգորդ որդուն, որից հետո նրան, թերևս, կդարձնեն անընդունելի և անհանդուրժելի, քանզի նախագահական նստավայրի համար Երևանի քաղաքապետի ցանկալի մեկ թեկնածու կա, ում, սակայն, դեռ չեն ուզում կամ չեն կարողանում առաջ բերել. սպասում են հարմար պահի։ Ծանոթացե՛ք Երևանի ավագանու ՀՀԿ–ական ցուցակի հետ, և հասկանալի կդառնա, թե ում եմ ակնարկում։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ Երևանի ավագանու ՀՀԿ–ական մեծամասնությանը, ինչպես միշտ, վերապահված էր «անլեզու» դակիչի դերը, և նրանք «ադաբրյամս» արեցին նախագահականի նշանակած Տարոն Մարգարյանին։ Հարցն այն չէ՝ արժանի՞ էր Տարոնը քաղաքապետ դառնալուն, թե՞ ոչ։ Հարցն այն է, որ «ընտրությունը» կայացավ սովետական կոլխոզի ժողովի ավանդույթով. կար մեկ թեկնածու, ում նշանակել էին «պոլիտբյուրոյից»։

Այս խորագրի վերջին նյութերը