Խմբագրական

04.12.2011 20:57


Լևոն Տեր–Պետրոսյանի երկակի դերակատարումը և առաջիկա զարգացումները

Լևոն Տեր–Պետրոսյանի երկակի դերակատարումը և առաջիկա զարգացումները

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի վերադարձը հրապարակային քաղաքականություն և՛ բացասական, և՛ դրական կողմեր ուներ և ունի։

Նախագահական ընտրություններ

2007ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ Սերժ Սարգսյանը քաղաքական դաշտը անապատացման ենթարկեց և պատրաստվում էր այդ պայմաններում գնալ 2008ի նախագահական ընտրությունների՝ կանխավայելելով «Հայկական թուրքմենբաշի» դառնալու հաճույքը։ Սակայն Լևոն Տեր–Պետրոսյանի վերադարձը խառնեց Սերժ Սարգսյանի ծրագրերը, և վերջինս ստիպված եղավ ժամանակավորապես հետաձգել «մեկ օլիգարխի տնտեսության» կառուցումը։

Այսպիսով. Տեր–Պետրոսյանի վերադարձի դրական կողմն այն էր, որ մրցակցային նախագահական ընտրություններ տեղի ունեցան, այլապես Սերժ Սարգսյանը, ինչպես միջինասիական որոշ առաջնորդներ, իր համար առնվազն 80 տոկոսանոց արդյունք էր պատվիրելու՝ այդտեղից բխող բոլոր բացասական հետևանքներով։

Դրական էր առաջին նախագահի վերադարձը նաև այն առումով, որ քաղաքական դաշտի մի շարք «ականներ» վերջնականապես պայթեցին։ Հայ ժողովուրդը ձերբազատվեց ախքադհոլային գործիչներից։

Բացասական էր Լ. Տեր–Պետրոսյանի ակտիվացումը մեր երկրի համար կարևորագույն՝ հայ–թուրքական հարաբերությունների և Ղարաբաղի հարցերի քիրվայական գաղափարախոսության դոմինանտային կարգավիճակ ստանալու պահով։

Ինչպես հայտնի է, ՀՀ առաջին նախագահը 2007–ի սեպտեմբերի 21–ին «Արմենիա–Մարիոթ» հյուրանոցում ունեցած իր վերադարձի ելույթում վերահաստատեց հավատարմությունը տխրահռչակ «Սերգո՛ ջան, մինչև Ղարաբաղի հարցը չլուծվի՝ լավ չես ապրելու» թեզին կամ, այլ կերպ ասած, Ղարաբաղի հարցի լուծման փուլային տարբերակին։ Դա հերթական անգամ թունավորեց Հայաստանի հասարակական ու քաղաքական  մթնոլորտը, բերեց ժողովրդի պառակտմանը, նպաստեց հակաղարաբաղյան ու հակաղարաբաղցիական տրամադրությունների աճին։ Արդյունքները հայտնի են։

Նախագահական ընտրություններից հետո

Հետընտրական փուլում Սերժ Սարգսյանը խլեց Տեր–Պետրոսյանի քիրվայական դրոշակը և ներքին լեգիտիմության լրջագույն դեֆիցիտը արտաքինով լրացնելու նպատակով գնաց «սերգոջանային» ճանապարհով։ ՀԱԿ առաջնորդի բացասական դերակատարումն այդ փուլում այն էր, որ նա սատարեց «ֆուտբոլասեր» նախագահին՝ այդպիսով Հայաստանը կանգնեցնելով բարդ կացության առաջ։ «Ֆուտբոլային» դիվանագիտությունը, Ալիևի էշության և Էրդողանի կոտոշության պատճառով, բարեբախտաբար սառեցվեց։ Դա հնարավորություն տվեց Ս. Սարգսյանին «հայրենասիրությամբ» զբաղվել և միառժամանակ խուսափել կատակլիզմներից։

Արձանագրենք, որ Ս. Սարգսյանը խայտառակ պարտություն կրեց իր «նախաձեռնողական» արտաքին քաղաքականության արդյունքում՝ ակամայից ցույց տալով քիրվայական գաղափարախոսության սնանկությունն ու հակապետական բնույթը։

Ինչ վերաբերում է ներքաղաքական դաշտում նախագահական ընտրությունից հետո տեղի ունեցող զարգացումներին, ապա 2008–ի մարտի 1–ից սկսած Լ. Տեր–Պետրոսյանն, ըստ էության, ստանձնել էր Սերժ Սարգսյանի «էջմիածնական միաբանի» անպատվաբեր դերը և իրականացնում էր իշխանության կայունության երաշխիքի գործառույթը։

Տեղին է հիշել, որ

1.Տեր–Պետրոսյանը ծառայություններ մատուցեց «ֆուտբոլասեր» նախագահին կոալիցիոն նոր հուշագրի ստորագրման ժամանակ,

2.Տեր–Պետրոսյանն ի օգուտ Ս. Սարգսյանի մարեց երկրում առկա հեղափոխական տրամադրություններն այս տարվա փետրվար–մարտ ամիսներին,

3.Տեր–Պետրոսյանն ամռանը գնաց ՀՀԿ «ճկուն» ղեկավարի շահերից բխող «երկխոսության»՝ դիմացը ստանալով երեք «պահանջների» կատարում։

Այսպիսով. նախագահական ընտրություններից հետո ընկած ժամանակահատվածում Լ. Տեր–Պետրոսյանի դերակատարումը բացասական է եղել։ Հիշեցնեմ նաև, որ այդ ընթացքում ՀԱԿ առաջնորդը Սերժ Սարգսյանին հրապարակավ առաջարկում էր համատեղ ուժերով «ազգային փրկության» կառավարություն կազմել, «ֆուտբոլային» դիվանագիտության կնքահորը համարում էր իր ընկերը, գովեստի խոսքեր էր ասում ալկոհոլի մեծ սիրահար վարչապետ Տիգրան Սարգսյանի մասին և զբաղված էր (Սերժ Սարգսյանի «պասով», իհարկե) բացառապես Ռոբերտ Քոչարյանի դեմ պայքարելով ու պաշտոնաթող 2–րդ նախագահի հասցեին սերժանպաստ որակումներ տալով։

Լ. Տեր–Պետրոսյանի պահվածքն, ըստ այդմ, բերեց այն բանին, որ Ս. Սարգսյանն իրեն հարաբերականորեն պինդ զգաց ու սկսեց տնտեսության գերկենտրոնացման,  սեփականության վերաբաշխման և Հայաստանը մեկ օլիգարխի երկիր դարձնելու հետաձգված ծրագրերի իրականացումը։

Առա՛ջ, դեպի անսերժ Հայաստան

Սերժ Սարգսյանին բազում ծառայություններ մատուցելով՝ ՀԱԿ առաջնորդը, ոչ առանց հիմքի, ակնկալում էր որոշակի փոխհատուցում, բայց Աբդուլա Գյուլի կնոջ պատրաստած կերակուրների մեծ սիրահարն այնքան ագահ գտնվեց, որ իրեն հլու–հնազանդ «էջմիածնական միաբանների» առաջ չբացեց անգամ զուգարանները։ Դրանից հետո Տեր–Պետրոսյանին այլ բան չէր մնում, քան վերջին երեք տարվա մեջ առաջին անգամ անկեղծորեն դուրս գալ Սերժ Սարգսյանի դեմ ու առաջ քաշել «Առա՛ջ, դեպի անսերժ Հայաստան» համախմբման մեծ ներուժ պարունակող կարգախոսը։ Այդ կարգախոսի շրջանակներում ՀԱԿ առաջնորդը չբացառեց ԲՀԿ–ի հետ համագործակցելու տարբերակը։ Սա, անշու՛շտ, դրական պետք է գնահատել։

ՀԱԿ առաջնորդի քաղաքական վերլուծությանն անդրադառնալիս հարկ է նկատել, որ  կարևոր չէ, թե արդյոք կկայանա՞ ՀԱԿ–ԲՀԿ համագործակցությունը և եթե կայանա, ապա ի՞նչ ձևաչափով։ Կարևորն այն է, որ Լևոն Տեր–Պետրոսյանը, ի տարբերություն 2008–ի, երբ նա բոլորին վերևից նայելով առաջարկում էր միանալ իրեն ու դառնալ իր ձեռքի գործիքը, այժմ առաջարկում է հորիզոնական հարաբերություններ և ընդունելի գործընկերություն, ինչն էական ու դրական փոփոխություն է։

Տեր–Պետրոսյանի  ներկա պահվածքի դրական կողմերից է նաև այն, որ դրա հետևանքով պայթում են արդեն լավ քողարկված «ականները», որոնք ֆորմալ առումով ՀԱԿ–ում են, սակայն վաղուց հանդիսանում են Սերժ Սարգսյանի հաճախորդները։ Ասել է թե՝ քաղաքական դաշտը հերթական անգամ սանիտարական հատումների է ենթարկվում։

Թերթերից մեկին տված հարցազրույցով «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զավենի Սարգսյանը ցույց տվեց, թե իրականում ով է ինքը, ինչով է զբաղված և ում շահերն է ներկայացնում։ Սպանված Վազգեն Սարգսյանի եղբայրը, Աստծո անունը հաճախ հնչեցնելով, այնպիսի սատանայությամբ է հիմա զբաղված, որ Արտաշես Գեղամյանը պարզապես սկսնակ հաճախորդ կարող է ընկալվել նրա ֆոնին։ Ի դեպ, ժամանակին Գեղամյանն էլ էր հաճախ տալիս Աստծո անունը և աստվածաշնչյան մեջբերումներ անում իր ելույթներում։ Ինչևէ։

Տեր–Պետրոսյանին վերջին մեկ շաբաթվա ընթացքում հաջողվեց պայթեցնել նաև «ընդդիմադիր» լրատվամիջոցներին, որոնք մինչև այժմ «լևոնականի» անվան տակ հաջողացնում էին հաճելին համատեղել օգտակարի հետ։ Իշխանության հետ «երկխոսող» ՀԱԿ առաջնորդը «երկխոսության» տարատեսակ դռներ էր բացել նաև մեծ ու փոքր «էջմիածնական միաբանների» համար։ Սակայն այժմ այլ վիճակ է ստեղծվել և «ազատ, բայց սերժատուները», նախագահական նստավայրին ծառայելով, ստիպված են թուլանալ և հաճույք ստանալ. պատվիրատուներն այս օրերին սրանց այնպիսի դաժանությամբ են օգտագործում, որ պարզապես պարտավոր են հետագայում «ամուսնանալ» հետները։

Քաղաքական վերլուծություն 2

Լևոն Տեր–Պետրոսյանն, իր քաղաքական վերլուծությունը ներկայացնելիս, չբացառեց ԲՀԿ–ի հետ համատեղ Սերժ Սարգսյանի վարչախմբի դեմ պայքարի ընդհանուր ճակատ կազմելը։ Նա, սակայն, երկու նախապայման առաջ քաշեց՝ նշելով, թե դա հնարավոր կլինի, եթե ԲՀԿ–ն դուրս գա կոալիցիայից և տարանջատվի Ռոբերտ Քոչարյանից։ ՀԱԿ առաջնորդը, փաստորեն, պատրաստակամություն է հայտնում քավել մեղքերը, բայց իր կողմից էլ Գագիկ Ծառուկյանի առաջ առավելապես տեխնիկական բնույթի նախապայմաններ է դնում։

Շատերը հիմա սպասում են, թե ինչ կպատասխանի Ծառուկյանը, բայց կարծում եմ, որ Տեր–Պետրոսյանը նրանից հայտարարություն չի ակնկալում։ Եվ հետո ինչու՞ պետք է ԲՀԿ առաջնորդը հրապարակավ արձագանքի Տեր–Պետրոսյանի քաղաքական վերլուծությանը։ Արձագանքի հազար ու մի ձևեր կան և բացի այդ՝ կա ավելի կարևոր պահ։ Բանն այն է, որ ԲՀԿ–ի և ՀԱԿ–ի առաջիկա քայլերին ու հայտարարություններին սպասում են հասարակական լայն շրջանակները։ Եթե վերջապես կա գիտակցություն քաղաքական համախմբման գնալու միջոցով Հայաստանն առանց Սերժ Սարգսյան դարձնելու, ապա Ծառուկյանն ու Տեր–Պետրոսյանը պետք է քաղաքական «մեսիջներ» հղեն նախևառաջ ՀՀ քաղաքացիներին։ «Մեսիջներն» այդ հետևյալը պետք է լինեն՝

ԲՀԿ–ի մասով՝

Ա. Ներկայացնել երկրի սոցիալ–տնտեսական զարգացման ռազմավարական ծրագիր,  որը հստակորեն կտարբերվի տիգրանսարգսյանական նյուվասյուկիզմից և Սերժ Սարգսյանի բլեֆի քաղաքականությունից։ Ծրագիրն այդ պետք է լինի առարկայական, իր մեջ պարունակի ժամանակային հստակություններ և բխի փոքր, միջին ու խոշոր բիզնեսի, այն է՝ բուրժուազիայի, այսինքն՝ ՀՀ շահերից։

Բ. Քաղաքական բովանդակությամբ լցնել ԲՀԿ–ն և ձևավորել քաղաքական նոր թիմ, որը նախընտարական ժամանակահատվածում իրական կռիվ կտա իշխանական խունվեյբինների դեմ ու ցույց կտա Սարգսյանի վարած քաղաքականության անարդյունավետությունը՝ բացահայտելով «ժելեոտած» խունվեյբինների մտավոր դատարկությունը և «փուչիկությունը», ինչպես նաև այլընտրանքային ուղիներ կառաջարկի երկիրն այս վիճակից դուրս բերելու համար,

ՀԱԿ–ի մասով՝

Ա. Լ. Տեր–Պետրոսյանը պետք է հրապարակայնորեն հրաժարվի քիրվայական գաղափարախոսությունից՝ դրանով իսկ նպաստելով երկրի անվտանգության հետ կապված հարցերում ազգային միասնության ձևավորմանը և ընթացիկ քաղաքական գործընթացներում զանգվածների առավելագույն համախմբմանը,

Բ. Լ. Տեր–Պետրոսյանը պետք է մաքրի ՀԱԿ–ը քաղաքական «ականներից» և ստանա նոր դիմագիծ։

Համոզված եմ, որ ԲՀԿ–ի ու ՀԱԿ–ի նմանատիպ գործողությունները մեծ ընդունելության կարժանանան հանրության կողմից և իրական հնարավորություն կստեղծվի Հայաստանն անսերժ դարձնելու և ազգային–դեմոկրատական թավշյա հեղափոխության գնալու համար։

Նկատենք, որ այս ծրագրի կյանքի կոչման համար ամենևին պարտադիր չէ, որ ԲՀԿ–ն իշխող կոալիցիայից դուրս գա կամ մասնակցի ՀԱԿ–ի հանրահավաքներին։ Յուրաքանչյուրն իր տեղում գործելով ավելի մեծ օգուտ կարող է տալ այնպես, ինչպես եղավ Իջևանում։ Պետք է առաջ գնալ մի քանի շարքերով, որպեսզի իշխանության համար մի քանի ճակատ բացվի։

Շատ կարևոր է նաև, որ ոչ սերժական մյուս քաղաքական ուժերը ԲՀԿ–ՀԱԿ ուղղակի կամ անուղղակի համագործակցության հնարավորությունները չդիտարկեն որպես իրենց քաղաքական շահերի դեմ ուղղված քայլ։

ՀՅԴ–ն, «Ժառանգությունը» և մյուս բոլոր այն ուժերը, որոնք չեն առաջնորդվում «ԱՄՆ–ի դեսպանին եմ հանդիպել ու Սերժի «դաբրոն» ունեմ» էժանագին կոդերով, պետք է կողմ լինեն վերը նշված գործընթացներին ու քաղաքական խանդի անիմաստ տեսարաններ չսարքեն։ Նոր Հայաստանում բոլորի համար էլ տեղ կլինի։

Անդրանիկ Թևանյան

Այս խորագրի վերջին նյութերը