Մեկնաբանություն

29.08.2023 09:15


Նիկոլ Փաշինյանն ու նրա Ավինյանը, ՔՊ-ն, Երևանի քաղաքապետարանը խորապես թքած ունեն օրենքների վրա

Նիկոլ Փաշինյանն ու նրա Ավինյանը, ՔՊ-ն, Երևանի քաղաքապետարանը խորապես թքած ունեն օրենքների վրա

Այն, որ Նիկոլ Փաշինյանն ու նրա ՔՊ-ն Երևանի ավագանու սեպտեմբերի 17-ի ընտրություններում պայքարի մեջ են մտնելու կոպտագույն խախտումներով, վարչական ռեսուրսի գերչարաշահմամբ, ոչ ոք նախապես չէր էլ կասկածում: Բայց նույնիսկ այդ պարագայում անհնար է ուշադրություն չդարձնել այն ծայրահեղ «բեսպրեդելին», որին դիմում են Փաշինյանն ու նրա ՔՊ-ն՝ ներառյալ Տիգրան Ավինյանի տեսքով ներկայացվող «նիկոլփաշինյանը»:

Սույն անձնավորությունը, որն առաջիկա ընտրություններում գլխավորում է ՔՊ համամասնական ցուցակը, դեռևս օգոստոսի 23-ին՝ քարոզարշավի մեկնարկի օրը, հայտարարեց, թե ինքն ու ցուցակում ընդգրկված, այսինքն՝ թեկնածու գրանցված քաղաքապետարանի աշխատակազմի մի ամբողջ շարք ներկայացուցիչներ արձակուրդ են վերցրել կամ արձակուրդի մեջ են:

Հատուկ պետք է ընդգծել, որ այն ժամանակ չասվեց, որ այդ արձակուրդը «տեղ-տեղ» կամ օրումեջ է լինելու, այսինքն՝ երկուշաբթի օրերը կամ էլ երբ Ավինյանի քեֆը տա, արձակուրդն ընդհատվելու է, իսկ ինքն էլ այդ դադարի պահին վերադառնալու է Երևանի քաղաքապետի տեղակալի պարտականությունների կատարմանը:

Այդ՝ «կտոր-կտոր» արձակուրդվելն ինքնին անհեթեթ ու անտրամաբանական է հնչում, և պարզ է, որ այստեղ էլ խախտում կա:

Բայց տվյալ դեպքում հիմնականը շատ ավելի աղաղակող օրինախախտման մասին է: Այսպես, «արձակուրդ վերցրած» Ավինյանը (դեռ այն մյուսներին չհաշված), օգոստոսի 28-ին վարեց Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը, որի ընթացքում մի շարք դրվագներով կոնկրետ ծառայություններ խոստացավ մատուցել ու նաև մատուցեց Երևանի բնակչության տարբեր խմբերի, տվյալ պարագայում՝ նաև ընտրողների:

Սա վարչական ռեսուրսի ոչ թե չարաշահում է, այլ, կներեք, ամենաուղղակի բռնաբարություն, ըստ որում՝ խմբակային (ավագանու ՔՊ-ական այլ թեկնածուներ էլ էին դրանում ներգրավված) և այլասերված եղանակներով (արձակուրդը 1 օրով ընդհատելու պահը):

Այդպիսով, Նիկոլ Փաշինյանը և նրա ՔՊ-ն կոպտորեն խախտել են Ընտրական օրենսգրքի իմպերատիվ պահանջները, որոնց համաձայն արգելվում է, որ պետական ու համայնքային ծառայողներն զբաղվեն նախընտրական քարոզչությամբ, ի լրումն՝ ընտրողներին խոստացել ու մատուցել են միանգամայն կոնկրետ ծառայություններ (սեփականաշնորհման հարց լուծելու, ավտոբուսի երթևեկ կարգավորելու և նման բաներ):

Սա առավել քան բավարար հիմք է, որպեսզի մյուս թեկնածու-կուսակցությունները պահանջեն ՔՊ-ի գրանցման չեղարկում: Պարզ ասած՝ նման խախտումների համար ԿԸՀ-ն պետք է ՔՊ-ի պայմանական ձեռքից բռնի ու անպայմանորեն դուրս շպրտի ընտրության մասնակիցների շարքերից:

Ի դեպ, օրումեջ արձակուրդ մեկնելու մասին: Նախ, դա արդեն իր հերթին է օրենքի խախտում (այս դեպքում՝ «Աշխատանքային օրենսգրքի»), երկրորդ՝ քաղաքապետարանի ծիծաղահարույց պարզաբանումը նման է նրան, որ ասեն՝ «այս կինը միայն երկուշաբթի և ուրբաթ օրերին է հասարակաց տանը ծառայություններ մատուցում, իսկ շաբաթվա մնացած օրերին պարկեշտ տանտիկին է»: Հիմա ՔՊ-ինն ու ՔՊ-ացված քաղաքապետարանինն է:

Լավ, այս ի՜նչ խեղճուկրակ վիճակում են սրանք, որ ամեն գնով, այդ թվում՝ օրենքը ոտաշոր դարձնելով, առաջ հրում ՔՊ ցուցակի առաջին համարին: Այն աստիճան վատ դրության մեջ են, որ ամբողջ քաղաքապետարանում մի կես հոգի չունեն, որ այդ «դիսպետչերականները» վարի, անպայման իրենց թեկնածուին են մեջտեղ ճխտում, որ դեմքը բոլորից շատ երևա:

Արթուր Խայթ

Այս խորագրի վերջին նյութերը