Կարծիք

23.08.2023 16:24


Պայմանագիր թող կնքեն ՔՊ-ի հետ նախկին համագործակցողները

Պայմանագիր թող կնքեն ՔՊ-ի հետ նախկին համագործակցողները

Առաջարկություն է հնչել Երևանի ավագանիում ընտրությունների մասնակիցների միջև կնքել պայմանագիր, ինչը, որքան հասկացա, նրանց պարտավորցնելու է չհամագործակցելու ՔՊ-ի հետ: Առաջարկը, որքան հիշում եմ, Ապրելու երկիր կուսակցությունն է արել:

Ըստ երևույթին, այդ պայմանագրի իմաստն այն է, որ քանի որ հանրության մոտ կա խորքային անվստահություն մասնակից կուսակցությունների հանդեպ, որ նրանք ՔՊ-ի արբանյակներն են ու, ներկայանալով որպես ընդդիմադիր, ընտրություններից հետո կարող են դաշինք կազմել կամ մի այլ կերպ համագործակցել դեռևս իշխող ՔՊ-ի հետ, ապա, պայմանագիր կնքելով՝ նրանք կաշկանդված կլինեն անել այն, ինչը բազմիցս, մինչ այդ, արել են:

Առաջանում են հարցեր.

1. Եթե կա նման կասկած, այն էլ հիմնավոր, ապա որն է իմաստը գնալ նրանց ընտրել ու սպասել, տեսնելու համար, թե հետագայում նրանք իրենց խաբելու են, թե ոչ: Առավել ևս, որ նրանցից շատերը եղել են ԵԼՔ դաշինքի ակունքներում, սև ու սպիտակի բաժանման հեղինակներն են, պատերազմից առաջ, ու հատկապես պատերազմից հետո, շարունակել են համագործակցել Փաշինյանի հետ, լինելով նախարարներ, պատգամավորներ և այլն:

2. Եթե այդ ուժերը բազմիցս խաբել են, ապա ինչ խնդիր կա, որ պայմանագիր կնքելուց հետո, ևս մեկ անգամ չեն կարող խաբել: Կարծում եմ, դա իրենց համար առանձնապես խնդիր չէ:

Այնուամենայնիվ, ողջունում եմ այդ առաջարկը, թող նախկինում նրանք, ովքեր ՔՊ-ի հետ համագործակցել են ու գուցե հիմա էլ են համագործակցում, թող կնքեն նման պայմանագիր: Դրա կարիքը նրանք ունեն, նրանց պետք է ժողովրդի առաջ արդարանալու և ընդդիմադիր դիրք գրավելու համար: Հանրությունն էլ թող ևս մեկ անգամ տեսնի, թե նրանց համար ինչ արժեք ունի խոսքը՝ գրավոր, թե բանավոր:

Ինչ վերաբերվում է «Մայր Հայաստան» դաշինքին, ապա մենք նման պայմանագիր կնքելու կարիքը չունենք, մենք երբեք ՔՊ-ի հետ չենք համագործակցել ու, վստահ եմ, որ ոչ ոք չի կասկածում, որ դա հնարավոր չէ:

Հ.Գ. Ի դեպ, հանրությանը խաբելու երևույթը 2018 թվականից չի սկսվել, մինչ այդ էլ շատերը, ներկայանալով որպես ընդդիմադիր, ընտրություններից հետո ստվերային ու ոչ ստվերային պայմանավորվածություններ էին ձեռք բերում իշխող ուժի հետ: Այս արատի արմատները բավականին խորն են:

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը