Կարծիք

17.06.2023 03:02


«Կարճ ասած»․ Նույն ստերը, բայց արդեն՝ ակնոցով (տեսանյութ)

«Կարճ ասած»․ Նույն ստերը, բայց արդեն՝ ակնոցով (տեսանյութ)

Երկիրը գերլարված վիճակում է, երեկ հրադադարի բուռն խախտման օր էր։ Դարձյալ Երասխում կրակել են, միջազգային հանրությունը զրո արձագանք է տվել, Հայաստանի ՊՆ-ն ասում է, թե մեզ մոտ տոն է, դրա համար են կրակում, ոչինչ, տոների հետ կանցնեն կրակոցները, ԱԱԾ-ն լուր է տարածել, թե ադրբեջանցիները փորձել են դրոշ դնել մեր տարածքում, չի ստացվել, բայց պարզվում է՝ լավ էլ ստացվել է, ունենք վիրավոր սահմանապահ։ Էս ծանր վիճակում Նիկոլ Փաշինյանը գնում է Ազգային ժողով ու փոխանակ խոսի կրակոցներից, վիրավորներից, փոխանակ պատասխանի Էրդողանին, տեղը դնի Ալիևին, խոսում է գերբի վրայից Արարատ լեռը, Նոյյան տապանը և մյուս ամեն ինչը հանելու «ահավոր կարևոր թեմայի» մասին։ Ի՞նչ կապ ունեն նրանք մեզ հետ, ի՞նչ կապ ունի առյուծը, դինաստիաները։ Էս է իր թեման։ Աշխարհի որևէ երկրի գերբ չի էլ նայել, ըստ երևույթին։ Լավ, բայց ինչո՞ւ է զինանշանի ու հիմնի հետ այս մարդը կռիվ տալիս, այն էլ այս օրերին։ Հարց՝ օրհներգը, զինանշանը փոխելու պահանջը ինքնաբո՞ւխ է, թե՞ Թուրքիայի, Ադրբեջանի պահանջն է։ Թե՞ սահմանադրությունը փոխելու ժամանակ կերևա։ Ինչո՞ւ մինչև հիմա ոչ մեկի մոտ չի առաջացել նման հարց․ մարդիկ ապրել են մեր այս փոքրիկ երկրում՝ վստահ լինելով, որ շարունակելու են ապրել-արարել այստեղ ու շատերն էլ հույս են ունեցել, որ կորցրած մյուս բոլորը ինչ-որ պահի հնարավոր գուցե լինի հետ բերել, ինչպես որ Արցախ հետ բերելը հնարավոր եղավ։ Դուք եկել եք իշխանության, ու հասել ենք էնտեղ, որ խոսում ենք՝ կկարողանա՞նք այստեղ ապրել ապագայում, թե չէ։ Ո՛չ Օսմանյան Թուրքիայի ժամանակ ենք ունեցել էդ կասկածը, ոչ Սովետական Միության ժամանակ ենք ունեցել, հիմա ունենք։ Քեզ ընդամենը մի բան է մնում անել՝ գրել, թե որտեղ է ավարտվում Հայաստանի պատմությունը։ Մայրաքաղաքներից ես խոսում, թե նախկինները չեն խնամել և այլն․ դո՞ւ ինչ ես արել։ Նախկիններից ամեն մեկը կառավարել է 10 տարի, 5 տարի էլ արդեն դու ես կառավարել, դրա կեսը, նրանց կեսի չափ բան արել ե՞ք։ Արտաշատի համար, Վաղարշապատի համար, Արմավիրի համար և մյուսների համար ի՞նչ ես արել։ Շինարարական բումից ես խոսում, բա ինչի՞ եք Երևանում սարքում, բա տարեք Արմավիրում ու Արտաշատում սարքեք։ Ինչի՞ նստավայրդ չես տանում Շիրակ, Տավուշ։

Ամեն վայրկյան մտավախություն կա, որ թշնամին մեր երկիր կմտնի, սա խոսում է նախկին նախագահների ժամանակ նրանց անվտանգությունից ու համեմատում։ Ասում է՝ ուզում եք ասել, որ այսօր իմ անվտանգության վրա ավելի շատ միջոց է ծախսվում, քան Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի՞: Ինչի տենց չէ՞։ Գլուխ է գովում, թե էն ժամանակել էր այսպես, ուղղակի ոստիկանները անավտո էին, բայց հիմա, իր անվտանգության համար ծառայող ոստիկանները յուղը վրեն մեքենաներով են․ բայց մի րոպե էլի, իսկ կարող ե՞ս բացատրել՝ ինչի՞ պետք է քո ճամփեն բացող ու հսկող ոստիկանը ունենա յուղը վրեն մեքենա, իսկ մեր բոլորիս անվտանգությունը պահող զինվորը սաղ-սաղ վառվի, որովհետև խրճիթում է ապրում ու բենզինով տաքանում։ Ասում ես չկա մի բան որ չենք արել զինվորի համար, որովհետև փող չկա․ էդ դեպքում, եթե փող ունես, բայց զինվորդ խրճիթում ա քնում ու վառվում, ուրեմն դիտմա՞մբ ես արել։ Բա ո՞ւր են ձեր մոդուլային կացարանները, ո՞ւր են ձեր բերած զենքերը, էն զենք ու զինամթերք ու սպառազինությունը, որ ոչինչ չացրեցիք՝ նվեր թողեցիք Ալիևին։ Էդ ինչի՞ որոշեցիր, որ քեզ պետք է անընդհատ ավտոպարկ թարմացնես․ էդ ո՞նց է, մեր երկրի ամենակարևոր մարդը դու ե՞ս․ ո՞վ է որոշել, Ալիևը՞։ Ի՞նչ ավտոմեքնայով էր տեղաշարժվում Քոչարյանը, ինչ ավտոմեքենայով ես տեղաշարժվում դու։ Բոլորս էլ այս երկրում ենք ապրել, ամեն բան մենք էլ ենք տեսել։ Ո՛չ Քոչարյանը, ու ոչ էլ Սերժը որ պետք է մարզ գնային, ամեն ծառի տակ ոստիկան չէր կանգնում, սենց ախռանա, ոչ մի ղեկավարի ժամանակ չի եղել, հեքիաթներ մի պատմի։ Քոչարյանը որ գնում էր մարզ, գյուղերի փողոցների վրա չէին կանգնում դիպուկահարներ, բոլոր գյուղերի սկզբնամասերում ոստիկաններ չէին կանգնում, որ գյուղացիները չհելնեն բողոքի ցույցի։ Դպրոցի բացմանը դիպուկահարներով եք գնում, աշակերտները, ուսուցիչները-տեսնում վախենում են։ Քա՞նի ծնողի են Եռաբլուրում ջարդել, քաշել-լցրել ավտոմեքենան նախկինում, որ նախագահը Եռաբլուր գնա, տենց բան ո՞վ է տեսել։ Մի հատ ֆոտո, վիդեո, հոդված ցույց տուր, որ Քոչարյանը 2 հազար ոստիկան է հանել ոտքի, որ կառավարության շենքից նախարարությունների շենք գնա։ Իբր էն վախտերն էլ նույնն է եղել։ Հեքիաթ մի պատմիր։ Նույնը չի եղել։ Քո պես, սեփական կոմֆորտի ու անվտանգության համար, ծախսեր չի արել։ Որ ուզում ես իմանաս, քո տված արդյունքով դու պետք է լավագույն դեպքում Զապառոժեցով տեղաշարժվեյիր, ոչ թե արդեն որերորդ նոր, յուղը վրեն «S» դասի զրահապատ Մերսեդեսով։ Ո՜ւմ հետ ես համեմատվում։

Դիակներից ես խոսո՞ւմ։ Նիկոլ Փաշինյանը խոսում է դիակների՞ց։ Շարասյունդ խեղճ աղջկան լղճեց մեքենայի տակ, դու էլ մեջը նստած, իսկի չկանգնեցիք օգնեիք։ Հետևից թողնված դիակներից ես խոսո՞ւմ, Նիկոլ։ Դու նկատել ե՞ս, որ երբ պետք է անցնես փողոցով, ոստիկանները բոլոր զեբրաները փակում են, որովհետև սովորություն ունես մարդկանց լղճել-սպանելու։ Դիակներից խոսող Փաշինյանին ուզում եմ հարցնել՝ ՀՀ բնակչության քա՞նի տոկոսն է զոհվել-մահացել քո իշխանության ժամանակ, ձեր թե՛ գործունեության, թե՛ հանցավոր անգործության արդյունքում։ Էդ զոհերի թիվը հաշվարկում ես կառավարման տարիներիդ կտրվածքով, ամեն օրվա հաշվարկով 10 զոհ ես տվել։ Կորոնավիրուս ասեմ, պատերազմ ասեմ, հետպատերազմյանն ասեմ, հրդեհից զոհերն ասեմ, պայթյունից զոհերն ասեմ, սահմանն ասեմ։ Ինչ եկել-չես եկել, մարդիկ են զոհվում, վառվում, մահանում, աջ ու ձախ դագաղ ես բաժանում ու խոսում ես դիակների՞ց։ Հայաստանի Հանրապետության մարզերով, գյուղերով գնալիս հանդիպում ես բազմաթիվ գերեզմանոցների ու նրանցում կան շիրիմներ՝ վրան դրոշ․ բոլորը թարմ են, դա քո ժամանակ է եղել, Նիկոլ։ Ասում ես՝ ստացվում է, որ մեր զինվորներին փաստորեն ես եմ սպանել, ադրբեջանցիները չեն սպանել: Ձգանը Ադրբեջանցին է քաշել, կարող ա, իսկ ո՞վ օդը անպաշտպան զինվորին տարավ պատերազմի դաշտ, ո՞վ դրոնի փոխարեն սելֆիի սամալյոտ առավ, ո՞վ կես ժամով Լելե թեփեն պահելու համար մոգոնեց էդ օպերացիան։ Դու խոսում ես դիակների՞ց։ Քո օրոք կասկածելի հանգամանքներում մահացել են՝ 1 ԱԱԾ նախկին տնօրեն, 1 ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ, 1 նախկին ոստիկանապետ, 2 ՊՊԾ նախկին փոխնախարար և այլն և այլն և այլն ու նման բազմաթիվ դեպքեր։ Մահանում են ուժային կառույցների, հատկապես ԱԱԾ-ի՝ ինֆորմացիա ունեցող բարձր պաշտոնյաները։ Մի հատ պատահական մարդ բողոքի ակցիայի ժամանակ նստել էր ԱԺ նախագահի աթոռին, կամրջի տակ դիակը գտան։

Ժողովրդավարության մասին է խոսում, էն էլ՝ միջազգային կառույցների արձանագրած․ հենց էսօր փաստաբանները երթ էին անում դեպի միջազգային կառույցի գրասենյակ, որ քո ժողովրդավար երկրում ժողովրդավար ոստիկանները փաստաբաններին ջարդում են հենց նրա համար, որ ռիսկ են արել իրենց վստահորդին պաշտպանել։ Էդ ե՞րբ ենք հիշում, որ մեր երկրում փաստաբաններ բողոքի ակցիա անեն։ Չի եղել, նման բան։ Հիմա են անում, քո ժամանակ, անում են, որովհետև արդարություն չկա, արդարադատություն չկա։ Թիմակիցներդ լինելով պետական պաշտոնյա՝ էլիտար թաղամասերում ամիսը մի հատ տուն են առնում, ու դու խոսում ես կոռուպցիայի՞ց։ Ասում է՝ վերջին անգամ ե՞րբ եք լսել, որ պարեկային ոստիկանը մեկից 1000 դրամ վերցնի: Դուք չեք լսե՞լ։ Կարդում եմ հակակոռոիպցիոն կոմիտեի հաղորդագրությունը՝ պարեկներին կաշառք են տվել, ու 100 հազար դրամանոց ակտը դարձրել է 10 հազար դրամ, պարեկները 220 հազար դրամ են վերցրել ու թույլատրել ապօրինի ուղևորափոխադրումները։ Ճանապարհային մայորն ու կապիտանը 13 հոգուց կաշառք են վերցրել ու խախտումները չեն արձանագրել ու բազմաթիվ նման բացահայտված դեպքեր։ Սաղ ժողովրդի մոտ էն կարծիքն է ձևավորված, որ վաղը Նիկոլը ու թիմի շատ անդամներ Հայաստանում չեն ապրելու։ Սա ասում է՝ շատ իրական մեղավորներ լքել են և այսօր հետախուզման մեջ են: Հարց եմ տալիս՝ իսկ քա՞նի կոռուպցիոներ է լքել Հայաստանը ձեր թույլտվությամբ, ի՞նչ է ձեզ մուծվելով չե՞ն թռնում։

Կարճ ասած՝ եթե չեք լսել դեռևս Նիկոլ Փաշինյանի ելույթը, ասեմ, որ այնտեղ նորություն չկար․ ասաց նույն բաները, նույն ստերը, ուղղակի այս անգամ՝ ակնոցներով։ Փաշինյանն ասում է՝ Հայաստանի գերբը կապ չունի այսօրվա Հայաստանի հետ․ խմբագրեմ՝ Հայաստանի հետ կապ չունի Հայաստանում գործող այսօրվա իշխանությունը։ Նիկոլն ինչո՞ւ է ուզում հիմնի վերջին բառերը փոխել․ էնտեղ խոսվում է ազգի, հայրեիքի ազատության համար զոհվելու մասին, փառաբանում է հանուն հայրենիքի զոհվելը։ Սրանք ասել են՝ հանուն հայրենիքի զոհվելը հավասար է հանուն ոչնչի զոհվելու։ Հարց, իսկ ո՞րն է իրենց հայրենիքը։

Սևակ Հակոբյան

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը