Հարցազրույց

03.05.2023 15:16


ԱՄՆ-ն երաշխիքներ չի տալիս Հայաստանին, բայց երաշխիք տալիս է անձամբ Փաշինյանին․ քաղաքագետ

ԱՄՆ-ն երաշխիքներ չի տալիս Հայաստանին, բայց երաշխիք տալիս է անձամբ Փաշինյանին․ քաղաքագետ

Մեր զրուցակիցն է քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը։

-Էրդողանի՝ առողջական խնդիրներ ունենալու մասին տեղեկությունը շատերի մոտ հույս արթնացրեց, որ նա կպարտվի ընտրություններում։ Արդյոք նրա վերընտրվելու հավանականությունը փոքրանո՞ւմ է։

-Քաղաքականության մեջ անհատները, իհարկե, կարևոր են, բայց շատ կարևոր են այն էլիտար խմբերը, որոնց ներկայացնում են այդ անհատները։ Էրդողանի ետևում կանգնած է բավականին կուռ խումբ, որի ֆրոնտմենն է ընդամենը Էրդողանը, և ակնհայտ է, որ խնդիրների պարագայում իրենք կփորձեն ոչ թե վերջնականապես կամ ամբողջապես հանձնել իշխանությունը, այլ իրենց շարքերից այլ մարդու բերել իշխանության։ Օրինակ, միջազգային մամուլում տեսակետներ են հնչել, որ եթե պայմանականորեն Էրդողանը վերընտրվի, բայց հաշվի առնելով առողջական խնդիրները, իշխանությունը կհանձնի ինչ-որ մեկին, որը ներկայացնում է իր իսկ խումբը։ Ինքն էլ կշարունակի իրականացնել այն քաղաքականությունը, այն կուրսը, որը մի քանի տասնամյակ է՝ կառուցում է Էրդողանը։ Պետք է անկեղծ լինենք, Էրդողանը ժամանակակից Թուրքիայի կայացման, զարգացման գործում բավականին մեծ, վճռական դեր կատարած անձնավորություն է։ Ինքը կարողացել է ձևավորել խորքային պետության այնպիսի մեխանիզմներ, որոնք անգամ իր բացակայության պայմաններում կշարունակեն գործել։

-Եթե Էրդողանը զրկվի իշխանությունից, ի՞նչ տեղի կունենա Ադրբեջանում, ինչպե՞ս դա կազդի Ադրբեջանի վրա։

-90-ականների սկզբին, երբ մենք պատերազմում էինք Ադրբեջանի դեմ, Թուրքիայում չկար Ռեջեփ Թայիփ Էրդողան, բայց Թուրքիան ի՞նչ արեց․ երբ Քելբաջարի ազատագրումը հաջողությամբ ավարտեցինք, թուրքերն անգամ պատրաստվում էին պատերազմ սկսել մեր դեմ, ու միայն ԱՊՀ միավորված զորախմբի հրամանատար, գեներալ Շապոշնիկովի՝ Երևան գալն ու հայտարարելը, որ երրորդ ուժերի ներգրավումը պատերազմում երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբ կդնի, կանխեց Թուրքիայի մասնակցությունը պատերազմին։ Բայց դրանից հետո թուրքերը փակեցին Հայաստանի հետ սահմանը, գլոբալ առումով Հայաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառեցին։ Այսինքն՝ Թուրքիայի վերաբերմունքն Ադրբեջանի նկատմամբ պայմանավորված չէ Էրդողանի անձով։ Այս օրինակները 90-ականներից հատուկ բերեցի, որպեսզի ցույց տամ, որ, ամեն դեպքում, իրենք ունեն ծրագրեր ու մոտեցումներ, որոնք իրենք, անկախ ամեն ինչից, կյանքի են կոչում։

-ՀՀ իշխանությունն ամենաբարձր մակարդակում Ռուսաստանին մեղադրանքներ է ուղղում։ Ինչպե՞ս դա կանդրադառնա Հայաստանի Հանրապետության վրա։

-Անկախ նրանից, թե հակառուսական հայտարարությունները կոնկրետ որ պաշտոնյան է հնչեցնում, պետք է հասկանանք այս ամենի տրամաբանությունը։ Նախ, թե ինչպես հայտնվեցինք այն վիճակում, որտեղ հիմա գտնվում ենք։ 44-օրյա պատերազմը կանգնեցնելու հնարավորություն եղավ ռուսական միջնորդությամբ, Ռուսաստանն իր հնարավորությունների սահմաններում՝ մեզ դա դուր է գալիս, թե ոչ, բայց կարողացավ կանգնեցնել պատերազմը՝ հաստատելով որոշակի ստատուս քվո։ Այսինքն՝ գետնի վրա եղած իրողությունները, որոնք սեպտեմբերի 27-ից սկսած ռազմական ճանապարհով փոփոխության էին ենթարկվում, ավարտվեցին նոյեմբերի 9-ի փաստաթղթով։ Այն այդ պահին գործող ստատուս քվոյի դրսևորում էր: Այդ փաստաթղթով մենք Արցախից որոշակի տարածքներ էինք կորցնում, մի շարք փոփոխություններ էլ վերաբերում էին տարածաշրջանային անվտանգային ճարտարապետությանը։ Դա նշանակում էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետք է տեղի ունենար սահմանագծում և սահմանազատում, կոմունիկացիաները պետք է բացվեին, կողմերի միջև պետք է փոխըմբռնելի խաղի կանոններ հաստատվեին, տեղի ունենար կոնֆլիկտի մենեջմենթ։ Շատ կարևոր էր այն, որ թե՛ նոյեմբերի 9-ի փաստաթղթի, թե՛ հետագա եռակողմ հայտարարության մեջ Արցախի կարգավիճակի մասին ոչ մի հիշատակում չկար։ Այսինքն, ռուսական մոտեցումը հետևյալն էր՝ գետնի վրա եղած հարցերը կարգավորեք, ինչ-որ տնտեսական փոխգործակցության մոդելներ ձևավորեք, իսկ արցախյան հարցը կթողնենք՝ հետագայում կարգավորելու համար։ Բայց այստեղ շատ կարևոր է նաև հետևյալը․ իքս պահին Նիկոլ Փաշինյանն անձամբ իր համար ֆիքսեց, որ երբ այդ գործընթացները հասցվեն ավարտին, ինքը ռուսական կողմի համար որպես թիվ մեկ գործընկեր Հայաստանում այլևս չի լինելու, դադարելու է օգտվել այդ կարգավիճակից։ Դա նշանակում է, որ զրկվելու է հնարավորությունից՝ շարունակել պահպանել իր իշխանությունը։ Ռուսական առաջարկած մոդելը տալիս էր անվտանգային երաշխիքներ` իրենց հնարավորությունների սահմաններում այն Հայաստանի համար, որը կգնա նոյեմբերի 9-ի համաձայնագրի կետերով՝ տարածաշրջանում կոմունիկացիաների ապաշրջափակում, դելիմիտացիա-դեմարկացիա։ Այս գործընթացում Ռուսաստանը պատրաստ էր աջակցել Հայաստանին, բայց Նիկոլ Փաշինյանին անձնական երաշխիքներ, որ իրենք կշարունակեն սատարել իրեն, չէին տալիս։ Երբ Փաշինյանն իր համար վերջնականապես ֆիքսեց, որոշեց բանակցային գործընթացը ռուսական հարթակից արևմտյան հարթակ տեղափոխել՝ պահպանելով այնտեղ ձեռք բերված պայմանավորվածությունները։ Դելիմիտացիայի-դեմարկացիայի գործընթացը պետք է տեղի ունենար ոչ թե ռուսական կողմի միջնորդությամբ, ռուսական գենշտաբում առկա քարտեզներով, այլ Արևմուտքի անհասկանալի քարտեզներով և այլն։

-Այսինքն, Արևմո՞ւտքն է այժմ Փաշինյանին անձնական երաշխիքներ տվել։

-Արևմուտքը, ի տարբերություն Ռուսաստանի, անձնական անվտանգության երաշխիքներ, քաղաքական լոյալության երաշխիքներ Փաշինյանին տալիս էր, բայց Հայաստանին չէր տալիս։ Այսինքն՝ տեսեք ռուսական և արևմտյան մոտեցումների տարբերությունը․ մի կողմը երաշխիքներ է տալիս իր հնարավորության սահմաններում Հայաստանին, բայց երաշխիք չի տալիս Նիկոլ Փաշինյանին, մյուս կողմն անձնական երաշխիքներ է տալիս Նիկոլ Փաշինյանին, բայց Հայաստանին երաշխիքներ չի տալիս։ Փաշինյանի համար տրամաբանական էր, որ ինքն ընտրեց Արևմուտքի միջնորդությունը։ Արևմուտքում շատ անկեղծ են այն հարցում, որ իրենք որևէ անվտանգային երաշխիք չեն տալիս։ Երբ որ ասում են՝ գնացեք Ադրբեջանի հետ առանց միջնորդների բանակցություններ վարեք, այսինքն` առանց Ռուսաստանի ներգրավման, ինչո՞ւ են դա ասում․ որովհետև, եթե դու միջնորդ ես, պիտի կարողանաս որոշակի անվտանգային երաշխիքներ տրամադրել կողմերին։ Հայաստանին իրենք դա չեն կարող տրամադրել, դրա համար էլ ասում են՝ գնացեք, ինքներդ բանակցեք, շատ պարզ է իրենց մոտեցումը։ Բայց ընտրությունը կատարված է դեպի Արևմուտք, որովհետև միայն Արևմուտքի աջակցությամբ են իրենք տեսնում հնարավորություն՝ իրենց իշխանությունը պահելու, իրենց անվտանգությունն ապահովելու։ Եթե այս ճանապարհին այնպիսի իրավիճակ ստեղծվի, որ ստիպված լինեն տարածքային զիջումների գնալ, դրա՝ կներեք արտահայտության համար, ատմազկան էլ է պատրաստ՝ մենք հիմա տեսնում ենք, որ ամեն ինչում մեղադրում են Ռուսաստանին։ Պաշտոնյաների բոլոր այս հայտարարությունները պետք է այս կոնտեքստում նայել։ Արևմուտքն Ադրբեջանի կազմում է տեսնում Արցախի Հանրապետությունը, բայց իրենց համար կարևոր է, որ այս գործընթացը մինչև վերջ իրականացվի, որպեսզի Հարավային Կովկասից Ռուսաստանի ազդեցությունը հանեն, կարողանան Ադրբեջանին ներգրավել իրենց ծրագրերի մեջ, Ադրբեջանի ձեռքով վերահսկեն Իրանի հետ սահմանը, Հայաստանի տարածքներն էլ վերածեն Իրանի դեմ հնարավոր հարձակման պլացդարմի։ Արևմուտքին սա է հետաքրքրում, բայց ոչ թե այն պատճառով, որ իրենք մեր ոչնչացումն են ուզում կամ Հայաստանի դեմ դավադրական ինչ-որ ծրագրերի մաս են կազմում, այլ շատ պարզ, եթե դու քո ձեռքով պատրաստ ես ոչնչացնել քո անվտանգային համակարգը, իրենք փորձելու են դրանից օգտվել։ Այսինքն՝ այստեղ էլ Արևմուտքից նեղանալու պատճառ չունենք։

-Արցախում սահմանադրական փոփոխություններին ինչպե՞ս եք վերաբերվում։

-Անկախ նրանից, թե Արայիկ Հարությունյան անձի նկատմամբ ինչ վերաբերմունք կա, մենք պետք է հասկանանք մի բան՝ Արցախի պետականության մնացորդները բոլոր հնարավոր մեթոդներով պետք է պահել, իսկ Արցախի ներկայիս սահմանադրությամբ, եթե Արայիկ Հարությունյանը չկարողանար կատարել իր պարտականությունը կամ հրաժարական տար, խորհրդարանն էր ցրվելու, ինչը հանգեցնելու էր նրան, որ պետական մարմինները, պետական ինստիտուտներն Արցախում դադարելու էին գոյություն ունենալ, և դե յուրե մենք ֆիքսելու էինք Արցախի պետականության մահը։ Դրա համար ներկա փուլում ցանկացած գործողություն, որը միտված է լինելու, որ այս կրիտիկական պահին ապահովի Արցախի պետականության շարունակականությունը՝ այդ բոլոր գործողություններին պետք է ըմբռնումով մոտենալ։

-Բայրամովը հայտարարեց, որ ԱՄՆ-ի շնորհիվ Հայաստանը վերադարձավ բանակցությունների սեղանի շուրջ։ Ի՞նչ է դա նշանակում։

-Ներկա փուլում Միացյալ Նահանգներն են փորձում գլխավոր միջնորդի դեր ստանձնել հայ-ադրբեջանական բանակցությունների տրամաբանության շրջանակներում՝ անվտանգության երաշխիքներ տալով Փաշինյանին, բայց ոչ Հայաստանին։ Լաչինի միջանցքում տեղի ունեցող այս իրադարձություններն ունեն մի քանի կոմպոնենտ։ Դրանցից առաջինն Ադրբեջանի ցեղասպան մտադրություններն են, հանցագործություններ կատարելու ձգտումն է, որ իրենք փորձում են ոչ միայն Արցախի, այլև, առհասարակ, հայկական պետականության վերջը տալ։ Երկրորդ կոմպոնենտը՝ անցած տարի Վաշինգտոնում սեպտեմբերին Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն են, որ հաստատվել են բարձրագույն մակարդակով՝ 2022 թ. հոկտեմբերին, Պրահայում, երբ Փաշինյանը, Միշելը, Ալիևը և Մակրոնը բանակցում էին: Այդ բանակցությունների արդյունքում ծնվեց հայտնի հայտարարությունը հրապարակային, որոնց կուլիսային գործընթացների վերաբերյալ դեռևս չունենք ամբողջական տեղեկություն։ Դա խոսում էր այն մասին, որ Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ հղում կատարելով Ալմա-Աթայի հռչակագրին, և այն մեկնաբանությունը, որը դրվել էր այդ հայտարարության հիմքում, այն էր, որ Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի սուվերենությունն Արցախի նկատմամբ։ Երբ որ դու դա անում ես, ուղղակի ոչնչացնում ես 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը։ Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ֆիքսել էր իրողությունը, և չնայած Արցախը շատ մեծ հարված էր ստացել, սակայն Արցախի սուբյեկտայնության վերաբերյալ, կարգավիճակի վերաբերյալ ոչ մի նշույլ չէր եղել։ Սա մեզ համար պատմական պատուհան էր բացում՝ հետագայում այդ հարցը կարգավորելու համար, բայց Նիկոլ Փաշինյանը, ելնելով վերոշարադրյալից, ինքն ընտրեց արևմտյան տարբերակը։ Այդ արևմտյան տարբերակը Վաշինգտոնում ծնված փաստաթուղթ է, և Բայրամովի ակնարկն այն էր, որ եթե Վաշինգտոնը սկսել է այս գործընթացը, ապա պետք է մինչև վերջ հասցնի։ Իրենք ակնկալում են, որ Հայաստանի վրա ճնշումները կշարունակվեն, և մայիսին արդեն հնարավոր է Փաշինյան-Բլինքեն-Ալիև եռակողմ հանդիպում լինի։ Եթե մինչ այս պահը Ադրբեջանի բանակի կանոնավոր զորքի ներկայացուցիչները Լաչինի միջանցքը դեռևս տանկերով, ԲՏՌ-ներով չեն փակել, եթե ցանկացած մեքենա, որ մտնում է այնտեղ, չեն ոչնչացրել, ապա դա հետևանքն է այն բանի, որ Պրահայում ձեռք բերված համաձայնությունը դեռևս ստորագրված փաստաթղթի տեսք չունի։ Հենց այդ հարցը լուծվի, ես Ձեզ վստահեցնում եմ, իրենք կիրականացնեն այն, ինչի մասին Փաշինյանն ասում էր՝ խոսքն էթնիկ զտման մասին է։

Աղբյուրը՝ hraparak.am

Այս խորագրի վերջին նյութերը