Կարծիք

03.05.2023 14:41


Վաշինգտոնից հետո հայերը նոյեմբերի 9-ի համաձայնագրին երանի են տալու՝ գումարած նոր պատերազմ իր կորուստներով

Վաշինգտոնից հետո հայերը նոյեմբերի 9-ի համաձայնագրին երանի են տալու՝ գումարած նոր պատերազմ իր կորուստներով

ԱՄՆ-ում` Վաշինգտոնի արվարձաններում, 2022 թվականի սեպտեմբերից ի վեր առաջին անգամ, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի միջնորդությամբ բանակցություններ են տեղի ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի միջև, խաղաղության պայմանագրի նախապատրաստման վերաբերյալ։ Փաստաթուղթը, որը ներկայումս քննարկվում է Վաշինգտոնում, կոչվում է «Հարաբերությունների կարգավորման համաձայնագիր»։

Ըստ Բայդենի վարչակազմին մոտ կանգնած փորձագետների, Միացյալ Նահանգները ձգտում են ապահովել, որ կողմերը կարգավորեն իրենց հարաբերությունները, կարողանան միասին ապրել, ինչպես նաև ամրապնդել տնտեսական կապերը և նույնիսկ ապահովել հավաքական անվտանգությունը տարածաշրջանում:

Եթե այս դիվանագիտական ձևակերպումները թարգմանենք մարդկային լեզվով, ապա Վաշինգտոնը ցանկանում է ոչ միայն բարելավել հայ-ադրբեջանական հարաբերությունները, այլև հայ և ադրբեջանցի ժողովուրդներին դարձնել դաշնակից ժողովուրդներ, ովքեր միասին կփորձեն դիմակայել, ասենք Ռուսաստանին և Իրանին: Այսինքն, ամերիկացիների գլխավոր խնդիրը այնպիսի ընդանուր հայտարարի բերել Երևանին և Բաքվին, որ նրանք ոչ միայն իրար թշնամի չնկալեն, այլև դառնան ԱՄՆ-ի դաշնակիցներ՝ ընդդեմ Մոսկվայի և Թեհրանի։ Իհարկե, այս հեռու գնացող ծրագրերը ամերիկացիները դեռ չեն ցանկանում բացել, քանզի դեռ նույնիսկ տարրական հարցերում ընդհանրություն չկա Երևանի և Բաքվի միջև, բայց գործընթացի գլխավոր ուղենիշը հայտնի է:

Իրականում նման երաշխիքը, նշանակում է ամերիկյան զորք բերել մեր տարածաշրջան: Իսկ դա նշանակում է, որ Փաշինյանն առաջարկում է մի բան, որը կհամարվի Թեհրանի և Մոսկվայի կողմից ուղղակի թշնամություն: Իսկ եթե դրան ավելացնենք այն, որ դրան դեմ են նաև Թուրքիան և Ադրբեջանը, փաստացի ստացվում է, որ Փաշինյանն ամերիկացիներից պահանջում է մի քայլ, որին դեմ են մեր տարածաշրջանի բոլոր խաղացողները: Հասկանալի է, որ ամերիկացիները չեն կարող բավարարել Փաշինյանի այս ծիծաղելի պահանջը, գոնե զուտ այն պատճառով, որ պրակտիկ դա հնարավոր չէ: Թուրքիայի, Իրանի, Ադրբեջանի տարածքներով դա հնարավոր չէ, իսկ Վրաստանը նույնպես չի ուզենա հանուն Փաշինյանի փչացնել իր հարաբերությունները: Հասկանալի է, որ նման գործչին այլև չեն հավատում ոչ Թեհրանում, ոչ էլ Մոսկվայում: Անկարայում և Բաքվում նրան դիտարկում են որպես միջոց Արցախը վերացնելու և Հայաստանի թուլացման համար, իսկ ամերիկացիների համար նա ցանկալի գործիչ է, ով թեև ապրում է մանկական երազանքներով, բայց վստահելի է, քանզի գերադասում է Վաշինգտոնին, այլ ոչ թե Մոսկվային։

Ստացվում է, որ Փաշինյանը ամերիկացիներից պահանջում է մի բան, որին դեմ են բոլորը: Այսինքն, Փաշինյանը Հայաստանը փորձում է թշնամացնել տարածաշրջանի բոլոր երկրների հետ՝ նույնիսկ չգիտակցելով դա։

Բայց քանի որ Վաշինգտոնը վերջնարդյունքում այդպիսի երաշխիքներ չի կարողանալու տալ, ստացվում է, որ այդ հարթակում բանակցությունները չեն կարողանալու ունենալ լուրջ հաջողություն:

Դա հասկանում են նաև Բաքվում և Անկարայում: Վերջիններս այս բանակցություններից ունեն մեկ այլ նպատակ: Իրենք հասկանում են, որ միակ հարթակը, որտեղ հնարավոր կլինի հասնել արդյունքի դա մոսկովյան հարթակն է: Բայց այս ամերիկյան հարթակի միջոցով թուրքերն ու ադրբեջանցիները, փորձում են ճնշումներ բանեցնել ռուսների վրա, որպեսզի վերջիններս վերախմբագրեն նոյեմբերի 9-ի համաձայնագիրը՝ հօգուտ Ադրբեջանի։

Այն որ ամերիկյան այս հարթակը չի ունենալու հաջողություն, որովհետև այստեղ չի կարող լինել երաշխիքների իրական ինստիտուտ, հասկանում են բոլորը: Իհարկե տեսականորեն նման սցենարը հնարավոր կլիներ, եթե իհարկե կյանքի կոչվեին Բոլթոնի երազանքները և հայերը հանկարծ իրենց դաշնակից համարեին թուրքերին և ադրբեջանցիներին, իսկ թշնամի հռչակեին ռուսներին և իրանցիներին։ Բայց դա հեքիաթի ժանրից է, և ուրեմն իրենց ծրագրերը չեն կարող կյանքի կոչվել: Բայց այս բանակցային գործընթացը թույլ կտա Ադրբեջանին ևս մի քանի կոշտ քայլեր կատարել Հայաստանից պոկելով ևս մի քանի տարածքներ: Դա կանի այն փուլում, երբ այս ամերիկյան բանակցային տրեկը ավարտվի անարդյունք և Բաքուն կարողանա դրա համար լեգիտիմ ձևով մեղադրել Հայաստանին:

Իհարկե, մինչ այդ կոշտ քայլերը Բաքուն «կհամաձայնեցնի» նաև Մոսկվայի հետ՝ հասկացնելով վերջինս, որ դա այն «պատիժը» պիտի լինի հայկական կողմի համար, որ վերջիններս չեն ընդունում ադրբեջանցիների պայմանները։ Ձեռքի հետ ադրբեջանցիները մինչ այդ կոշտ քայլը կատարելը, նախապես կխոստանան Մոսկվային, որ այդ քայլից հետո պատրաստ կլինեն գերակա համարել բանակցային գործընթացի ռուսական հարթակը:

Այս ամենից կտուժվի բացառապես հայ ժողովուրդը, քանզի Հայաստանը ևս մի քանի նոր տարածքներ կկորցնի, կլինեն մարդկային նոր զոհեր, բացի այդ ադրբեջանցիներին կհաջողվի փոքր ինչ խմբագրել նոյեմբերի 9-ի համաձայնագիրը իրենց օգտին:

Այն, ինչ այսօր կատարվում է, եղել է ուղիղ 100 տարի առաջ, սակայն հայ հանրությունը ոչ մի լուրջ հետևություն չի արել իր սխալներից: Քանզի որպեսզի ժողովուրդը գոնե չկրկնի իր սխալը, պիտի ունենա քաղաքական լուրջ առաջնորդություն, որն այսօր դեռ բացակայում է:

Հայ ժողովուրդը անընդհատ կորուստներ է արձանագրելու այնքան անգամ, քանի դեռ թատերաբեմ դուրս չեն եկել մարդիկ, ովքեր կկարողանան առաջարկել երկրին նոր առաջնորդություն և որը վստահություն կառաջացնի հանրությւան մեծ մասի կողմից:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Աղբյուրը՝ zham.am

Այս խորագրի վերջին նյութերը