Մեկնաբանություն

12.04.2023 21:35


Փաշինյանը չի կարող խաղաղություն ստանալ, եթե անգամ շատ ցանկանա

Փաշինյանը չի կարող խաղաղություն ստանալ, եթե անգամ շատ ցանկանա

Եթե խաչբառային հարց լիներ, օրինակ. «Շաբաթվա մեջ առնվազն 1 անգամ «խաղաղության օրակարգ» բառակապակցությունն արտասանող նախկին լրագրող» ձևակերպմամբ, ապա բոլորը միանգամից կպատասխանեն՝ Նիկոլ Փաշինյան: Նա հիմա էլ է դրա մասին հայտարարում: Կարելի է գրեթե 100 տոկոսանոց վստահությամբ գրազ գալ, որ Նիկոլ Փաշինյանը կառավարության վաղվա նիստում ելույթ ունենալու դեպքում նորից կրկնելու է շարունակ մահ ու դժբախտության հանգեցնող իր «խաղաղության օրակարգը»: Ավելին՝ «էսկալացիայից խուսափելու» վճռականության մասին էլ, գրեթե վստահ ենք, նորից ու նորից կասի:

Բայց ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը չի կարող ոչ խաղաղություն բերել, ոչ էլ էսկալացիայից կարող է երկիրը հեռու պահել: Բացի այն, որ թե՛ Նիկոլ Փաշինյանը, թե՛ նրա շուրջ հավաքվածների խումբը անկարող են, այսինքն՝ դա անելու կարողականություն չունեն, իրենք վարում են մի «գիծ», որն անխուսափելիորեն բերելու է և բերում է շարունակական էսկալացիայի, «սողացող պատերազմի», նոր զոհերի և կորուստների:

Ինչպիսին է այս մղձավանջի, «Նիկոլ Փաշինյանի իշխանություն» կոչվող այս արնածոր փորձանքի երևակայական մեխանիզմը:

Եթե այլ բան չասվի, ապա միայն այն, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Նիկոլ Փաշինյանը շարունակեց կառչած մնալ վարչապետի աթոռից, բավարար էր պարզորոշ հասկանալու համար, որ նոր կորուստներն ու պարտություններն անխուսափելի են: Պարտված, երկիրն ու ժողովրդին աղետի մատնած ղեկավարը պարտավոր է կա՛մ հեռանալ, կա՛մ դատապարտվել, կա՛մ, եթե այդքան կամք ունի՝ ինքասպան լինել: Բայց Նիկոլ Փաշինյանը պատմության մեջ եզակի նմուշներից է, որ այդ ամենից հետո շարունակեց իշխանավարել:

Թշնամին, տեսնելով, որ նման վայ-ղեկավարին չեն դնում այն տեղում, որին արժանի է, հրաշալի հասկացավ, որ «բռնել» է իր բախտավոր աստղի պոչը ու կարող է շարունակել իր ծրագրերի իրականացումը: Եվ այս վերջին 2-3 տարիներին հենց դրա դրսևորումն էլ տեսնում ենք:

Սա՝ ընդհանուր առմամբ: Իսկ եթե մի փոքր էլ մանրամասնենք, ապա դժվար չէ նկատել, որ երբ Նիկոլ Փաշինյանն ու նրա իշխանությունը «արևմտամետ խաղերի» մեջ են մտնում կամ երբ Նիկոլ Փաշինյանն ու նրա սիրելի «կիրթ ու կառուցողական» գործընկեր Ալիևը պատրաստվում են ինչ-որ տեղ Եվրոպայում, առհասարակ, Արևմուտքի հովանու ներքո հանդիպել, ապա ադրբեջանական կողմը դրանից առաջ անցնում է հարձակման, Հայաստանից էլի մի որոշակի հատված է կրծում-զավթում:

Դժվար չէ կռահել, որ Ալիևը բավականին ճարպկորեն խաղարկում է Նիկոլ Փաշինյանի արևմտամտյան շեղումները: Այն իմաստով, որ Փաշինյանի նման «դաշնակցի» համար կամ պատճառով Ռուսաստանն առանձնապես չի միջամտում Ադրբեջանական սողացող առաջխաղացումներին: Իսկ ԱՄՆ-ն ու Արևմուտքն էլ ոչ ցանկություն, ոչ էլ նպատակ ունեն Հայաստանը կամ հայերին պաշտպանելու: Ոչ էլ՝ պարտավորություն: Իրենց պետք է, որ Ռուսաստանն այստեղից հեռանա, իրենց գլխավոր հարցը դա է: Թե ինչ կլինի Հայաստանի հետ, կներեք, դա նրանց չի հետաքրքրում: Ասենք, եթե դա Հայաստանում մարդկանց չի հետաքրքրում, ապա ինչո՞ւ պիտի ինչ-որ օտարերկրացիների հետաքրքրի:

Ու ահա, Ադրբեջանն այդպես կրծոտում է Հայաստանը: Նիկոլ Փաշինյանին էլ դա չի հետաքրքրում: Նրան հետաքրքրում է միայն իր պաշտոնը, իր պադավատը, իր ու իր հարազատների անվտանգությունը: Ի՜նչ Հայաստան, ի՜նչ Արցախ, ի՜նչ ապագա:

Այդ պարզ, եթե չասվի պարզունակ «խաղը», դատելով դեպքերի ընթացքից, հաշվարկել է նաև թշնամին ու կամաց-կամաց գրավում է Հայաստանը:

Այնպես, որ Հայաստան չի լինի, բայց Նիկոլ Փաշինյանը վարչապետ կմնա: Ավելի ճիշտ՝ միայն թե Նիկոլ Փաշինյանը վարչապետ մնա, գլուխը քարը, թե Հայաստան չի լինի:

Արթուր Խայթ

Այս խորագրի վերջին նյութերը