Մեկնաբանություն

13.04.2023 11:45


Որքա՞ն կթողնի Նիկոլը 29.800-ից, եթե...

Որքա՞ն կթողնի Նիկոլը 29.800-ից, եթե...

Նիկոլ Փաշինյանի և նրա ներկայացուցիչների տարփողած տխրահռչակ կաղապարներից մեկն էլ այն է, թե՝ «Արցախը տանք, որ Հայաստանի Հանրապետության 29.800 քառակուսի կիլոմետրի վրա ապրենք...»: Դրա տարբեր վարիացիաներ կան. «Արցախը տանք, ու հանգիստ ապրենք...», «Արցախի 120 հազարն է ավելի կարևո՞ր, թե՞ 3 միլիոնը...»:

Ողջամիտ ցանկացած հայ մարդու, նաև՝ անկախ ազգությունից, ՀՀ ցանկացած նորմալ քաղաքացու համար հասկանալի է, որ դրանք ոչ միայն մանիպուլյացիոն թեզեր են, այլև իրենց խորքում՝ թշնամական, վնասակար և աղետաբեր: Առավել ևս, որ թշնամին, ում այդպես հեշտուհանգիստ «տալիս» են՝ զիջում կամ զիջելու պատրաստակամություն են հայտնում, ամենևին էլ գրավածով, վերցրածով բավարարվողն ու կանգ առնողը չէ:

Արցախից Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, կարելի է ասել՝ վերջնականորեն հրաժարվել է դեռ Պրահայում՝ Էրդողանի, Ալիևի, Միշելի, Մակրոնի հետ հանդիպումների ժամանակ կայացրած պայմանավորվածություններով, որոնք որքան էլ լիովին չեն բարձրաձայնվում, բայց արդեն բարձրաձայնածներից ու հաջորդած դեպքերից ու պահվածքից էլ լիովին հասկանալի են: Արցախն ուրանալը, ինքնին, այնպիսի մի բան է, որին ներում չկա ու չի կարող լինել: Այստեղ նույնիսկ քննարկելու բան չկա:

Բայց այլ հարցեր էլ կան: Փաշինյանական քարոզչության շեշտադրումներից մեկն այն էր, թե Հայաստանի բոլոր դժվարություններն Արցախի պատճառով են, Արցախը բեռ է, և այլն, և այլն: Մյուս մեխն էլ այն էր, թե կարելի է թուրքերի, ադրբեջանական թուրքերի հետ «լեզու գտնել», Արցախը հանձնել և նույն թուրքերի հետ «չաղ ու բախտավոր» առուտուր անել, այսինքն՝ իրենց կարճամիտ հասկացողությամբ՝ «ապրել» ՀՀ 29,8 հազար քառակուսի կիլոմետրի վրա:

Բնականաբար, ուրբաթը շաբաթից վաղ վրա հասավ, և 2020-ի նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն հայտարարությունից հետո ադրբեջանական ագրեսիան չդադարեց (չէր էլ կարող): Ավելին, արդեն 2021 և 2022 թվականներին ձեռնարկած մի քանի նախահարձակ գործողությունների հետևանքով Ադրբեջանը փաստացի օկուպացրեց, վերահսկողության տակ է պահում Հայաստանի Հանրապետության տարածքից, տարբեր գնահատումներով՝ ավելի քան 150 քառակուսի կիլոմետր տարածք:

Ու այստեղ պարզ, բայց անողոք հարց է ծագում, թե որքա՞ն կթողնի Նիկոլ Փաշինյանը 29.800 քառակուսի կիլոմետրից, եթե շարունակի մնալ ՀՀ իշխանություն:

Առավել ևս, որ Ալիևը շարունակ հայտարարում է, որ ոչ մի Հայաստան էլ չկա, որ դա «Արևմտյան Ադրբեջան» է, որ Երևանն էլ է իրենը ու այդպես շարունակ: Այսինքն, թշնամին բացահայտ նշում է իր «նվազագույն» ակնկալիքները, որոնք հանգում են Հայաստանի իսպառ վերացմանը (ալիևյան հայտարարություններն, ի դեպ, նորություն չեն): Ավելին, արդեն ոչ թե 29,8 քառակուսի կիլոմետր է նշում, այլ 29 հազար: Այսինքն, ինքն իր մտքում արդեն այն մնացած մի քանի հարյուր քառակուսի կիլոմետրն էլ է զավթած համարում: Կամ գուցե նախանշում է իր ախորժակը՝ առաջիկա մի կես տարվա կտրվածքով:

Հիմա, եթե Նիկոլ Փաշինյանը, բոլորիս թողտվության ու անհասկանալի հանդուրժողականության պայմաններում շարունակում է մնալ իշխանություն, ապա ո՞րն է նրա «կարմիր գիծը»՝ 25 հազա՞ր քառակուսի կիլոմետրը, 20 հազա՞րը, Երևա՞նը՝ իր շրջակայքով, թե՞ իր պաշտելի, իր ամբողջ կյանքի իմաստ ու երազանք «կառավարական դաչաների» տարածքը:

Մյուս հարցն ավելի հռետորական է. մենք, մնացած բոլորս ի՞նչ ենք անում, ո՞րն ենք տեսնում մեր դերն ու որտե՞ղ: Եվ արդյոք մեր անելիքը պատկերացնո՞ւմ ենք միայն մեր զոհվածների թվերը նշելն ու մեր երկրից օկուպացված քառակուսի կիլոմետրերը հաշվելը, անցյալը հիշելը, իսկ առավել հուզված պահերին նաև Փաշինյանին որոշակի բնորոշումներով հիշատակելը:

Նստած սպասել, թե եր՞բ «ապագական» կմտնի անմիջապես մեզանից յուրաքանչյուրի տո՞ւն, թե՞ ի վերջո «իրար գալ»:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը