Մեկնաբանություն

08.04.2023 00:10


Ամեն գնով խուսափում են ՌԴ–ից ու ՀԱՊԿ-ից, ինչպես սատանան՝ խունկից

Ամեն գնով խուսափում են ՌԴ–ից ու ՀԱՊԿ-ից, ինչպես սատանան՝ խունկից

Նիկոլական քարոզչության, ինչպես նաև «բակային խոսակցությունների» հարթության վրա նիկոլականների խոսքուզրույցի սիրելի թեմաներից մեկն էլ այն է, թե՝ «բա էս դժվար ժամանակ Նիկոլին «խփում եք» (քննադատում եք), փոխանակ կողքը կանգնեք, մի լավ խորհուրդ տաք, մի բանով օգնեք...»:

Դե ինչ, խորհո՞ւրդ ասում եք: Ճիշտ է, Նիկոլ Փաշինյանը տրցակով խորհրդատուներ ունի, ըստ որում՝ անհասկանալի պարգևավճարվող, բայց, որքան էլ զարմանալի թվա, «կողքից» իրական ու արժեցող խորհուրդ տվողներ, այնուամենայնիվ, գտնվում են: Մեր երկրի շուրջ, եթե ոչ՝ արդեն երկրի ներսում, թշնամական ներխուժման հետևանքով ստեղծված անվտանգային խայտառակ վիճակում, կարծում ենք, իսկապես ուշադրության արժանի խորհուրդներ օրերս տվեցին «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» կազմակերպությունը, «Հայրենիքի վահան» պահեստազորի սպաների միություն ՀԿ–ն, «Պահեստազորի սպաների» շարժումը: Թերևս ցանկացած իշխանություն կցանկանար նման մասնագիտական ներուժ և փորձառություն ունեցող անձանց համախմբող մի կազմակերպություն ունենալ` առնվազն որպես խորհրդատու: Ավելին, ցանկացած նորմալ պետություն ինքը կնախաձեռներ նման մարդկանց միավորումը՝ մեկ կազմակերպության հարկի ներքո: Մեր պարագայում ԱԱԾ պահեստազորի սպաները և ուժային այլ կառույցների սպաները սեփական նախաձեռնությամբ են միավորվել, որպես հասարակական կազմակերպություն և խորհուրդներ տալիս են, հայտարարություններ անում են նույնպես իրենց նախաձեռնությամբ:

Օրերս, օրինակ, «ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը», «Հայրենիքի վահան» պահեստազորի սպաների միություն ՀԿ–ն, «Պահեստազորի սպաների» շարժումը հանդես եկան հայտարարությամբ, որը վերաբերում էր ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններում Հայաստանի իշխանության՝ Նիկոլ Փաշինյանի որդեգրած մերժողոկան կեցվածքին և, ստեղծված իրավիճակի պայմաններում նման դիրքորոշման հետևանքներին:

Գաղտնիք չէ, որ Նիկոլ Փաշինյանը բացահայտորեն վարում է ՀԱՊԿ-ին Հայաստանի առնչությունը եթե ոչ վերջնականորեն խզելու, ապա առնվազն էապես նվազեցնելու քաղաքականություն: Դրա մասին են վկայում «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և Հայաստանի Հանրապետությանը օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» նախագիծը Նիկոլ Փաշինյանի կողմից չստորագրելու, ՀԱՊԿ-ում ՀՀ ներկայացվածության աստիճանը նվազեցնելու մասին որոշումը, անմիջականորեն Նիկոլ Փաշինյանի կամ նրա ներկայացուցիչների կողմից ՀԱՊԿ-ի հասցեին արվող ոչ բարեկամական (մեղմ ասած) հայտարարությունները:

Բայց ի՞նչ էին տալիս նախկին բարձրաստիճան ուժայինները։

Չզլանանք հակիրճ հիշեցնել. «Հաշվի առնելով առկա իրողությունները՝ դիմում ենք Նիկոլ Փաշինյանին ՀԱՊԿ կողմից Հայաստանին առաջարկվող օժանդակության փաթեթը ստորագրելու, իսկ անհրաժեշտության դեպքում՝ Հայաստանի և Ադրբեջանի շփման գծի ամբողջ երկայնքով նաև ՀԱՊԿ խաղաղապահ զորախումբ տեղակայելու խնդրանքով ՀԱՊԿ-ին դիմելու պահանջով: Հակառակ դեպքում երկրի համար կործանարար հետևանքների ամբողջ պատասխանատվությունը մնում է Նիկոլ Փաշինյանի վրա։ Առաջարկի բացասական պատասխանի դեպքում պետք է հանրայնացվի «ՀՀ-ին ՀԱՊԿ-ի կողմից օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» նախագիծը և տրվեն մերժման հիմնավորումները»:

Սա մարտի 28-ին էր դեռևս: Ընդգծենք, որ դրանից հետո իրավիճակը լրացուցիչ բացասական զարգացումներ է ունեցել՝ ՀՀ տարածք ադրբեջանական զորքերի ևս մեկ ներխուժման ու առաջխաղացման տեսքով:

Հիշեցնենք նաև, որ Ռուսաստանից ոչ մեկ անգամ հայտարարություններ են հնչել առ այն, որ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հետ կապված հարցի «գնդակը» գտնվում է պաշտոնական Երևանի կիսադաշտում: Կարճ ասած՝ ամեն ինչ կախված է միայն Նիկոլ Փաշինյանի որոշումից, իսկ եթե ավելի ճիշտ՝ քմահաճույքից:

Սակայն Նիկոլ Փաշինյանի իշխանությունը խուսափում է ՀԱՊԿ-ից ու ՌԴ–ից, ինչպես սատանան խունկից: Բայց այստեղ հարցն ամենևին էլ քմահաճույքները չեն:

Նիկոլ Փաշինյանը սառեցնում է ՀԱՊԿ-ի հետ շփումները, գործնականում մերժում է օգնության մեկնած ձեռքը և «բռնում» է Եվրամիության դիտորդների «պոչը», շտապում է ներգրավվել ԱՄՆ նախաձեռնած զորավարժությունների մասնակիցների ցանկ (ըստ որում, այստեղ էլ երկիրը դնում է խայտառակ վիճակի մեջ ու «մասնակցում եմ-չեմ մասնակցում» խաղերով հուժկու հարվածում Հայաստանի՝ որպես արտաքին գործընկերոջ, առանց այդ էլ խարխլված վարկի հետ):

Այդ ամենը չի կարող զուտ քմահաճույք կամ դիլետանտություն լինել: Սա որոշակի քաղաքական ուղեգիծ է, որը Հայաստանը դնում է էլ ավելի սուր սպառնալիքների ու վտանգների տակ: Դիմացն ակնկալվում է անձնական անվտանգության երաշխիքներ։

Արդեն 5 տարի հղկում են Հայաստանի տապանաքարը: Մնացել է հողը լցնեն ու այն դնեն երկրի շիրիմի վրա: Կանեն, մի՛ կասկածեք: Պետք է ուրեմն թույլ չտալ։ Թե ինչպես, այլ քննարկման հարց է։

Արթուր Խայթ

Այս խորագրի վերջին նյութերը