Հարցազրույց

05.10.2011 23:03


Շանթ Հարությունյան

Շանթ Հարությունյան

Հարցազրույց «Ցեղակրոն» կուսակցության նախագահ,  2008.թ մարտի 1-ից հետո «7-ի գործով» կալանավորված ՇանթՀարությունյանի հետ

–ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չբացառեց մեծ քաղաքականություն վերադառնալու հավանականությունը։ Ինչպե՞ս եք վերաբերվում Քոչարյանի այս մտադրությանը։

–Համակրանք-հակակրանքներով պետք չէ շարժվել։ Մեծ քաղաքականությունը դա չի սիրում։ Հայաստանում քոչարյանա-սերժական ռեժիմից, ինչպես նաև լևոնական կրավորական պայքարից ազատվելու միակ միջոցը, ցավոք, Քոչարյանի վերադարձն է մեծ քաղաքականություն: Հատկապես Քոչարյանի վերադարձը քաղաքականություն Հայաստանում Ծիրանագույն հեղափոխության հրահրիչ է լինելու:

–Դուք հասարակության շրջանում ընկալվում եք որպես մի անձնավորություն, ով քաղբանտրակյալ է դարձել՝ սատարելով Լևոն Տեր–Պետրոսյանի սկսած շարժմանը՝ ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի։ Բայց այսօր Ռոբերտ Քոչարյանի վերադարձն անհրաժե՞շտ եք համարում։

–Ես Լևոն Տեր–Պետրոսյանի շարժմանը չեմ սատարել և իշխանությանն էլ չեմ սատարել։ Ես ընտրություններին անգամ չեմ էլ գնացել։ Ուղղակի 2008թ. մարտի 1–ին քաղաքացիական գործընթաց է եղել և ես եղել եմ այդ քաղաքացիական գործընթացների մասնակիցների կողքին։ Ինձ չի հետաքրքրել՝ այդ գործընթացն ով է սարքել կամ ինչ նպատակով է սարքվել։ Հիմա ենթադրենք Ղարաբաղի հարցը Մոսկվան փաթաթել էր մեր վզին, ես այդ պայքարին չպետք է մասնակցեի, ինչ է թե գիտակցում էի, որ և՛ հայերը, և՛ ադրբեջանցիները ռուսների ձեռքին գլադիատո՞ր են։ Եթե գալիս է մի իրավիճակ, որ գիտես՝ այդ գլադիատորը թուրը ձեռքին քեզ սպանելու է, պետք է չէ կյանքդ փրկելու խնդիրը լուծես։ Ես մարտի 1–ին իմ մասնակցությունն այդ տեսանկյունից եմ նայում։ Ես ժամանակին առաջիններից եմ եղել, որ պաշտպանել եմ Լևոն Տեր–Պետրոսյանի վերադարձը, հիմա էլ Ռոբերտ Քոչարյանի վերադարձն եմ ողջունում։ Դա ձեռնտու է այնպես, ինչպես ժամանակին Լևոն Տեր–Պետրոսյանի վերադարձն էր ձեռնտու։

–Կոնկրետ ինչո՞վ է ձեռնտու։

Տեր–Պետրոսյանի վերադարձը բավականին դրական գործընթացներ է իր հետ բերել։ Վստա՛հ եմ, որ Ռոբերտ Քոչարյանի վերադարձն էլ որոշ դրական գործընթացներ կբերի։ Թեկուզ «չկա չարիք, առանց բարիքի» սկզբունքով Քոչարյանի ասպարեզ մտնելը շատ բան է փոխելու։

Օրինակ ի՞նչ կփոխի։

–Նախ այդ երեք ֆիգուրները՝ Հայաստանի երեք նախագահները, բացահայտ կլինեն ասպարեզում։ Եվ քանի որ մեր ժողովուրդը քաղաքականությունից կիլոմետրերով հեռու է, և այս կամ այն բամբասանքներով կամ սխալ պատկերացումներով է գնահատականներ տալիս քաղաքական, առավել ևս պետական որևէ ֆիգուրայի, այդպիսով հասարակության աչքերը կբացվեն։ Թող երեքն էլ հանդես գան, երեքն էլ ի վերջո շատ ինֆորմացիայի են տիրապետում, և իրենք իրար լավ ջախջախում են՝ այդպիսով օգնելով, որ հասարակությունը լավ հասկանա այդ երեք անձերի կերպարները, նկարագիրը, քաղաքական դիրքորոշումները։ Նրանք մեկը մյուսին են բացահայտում և նպաստում հայաստանյան քաղաքական իրավիճակը ճիշտ ընկալելուն։ Ռոբերտ Քոչարյանի վերադարձը և՛ իր հակառակորդներին է ակտիվացնելու, և՛ հասարակության անտարբեր մի ստվար շերտի։ Օրինակ եթե շատերը Սերժ Սարգսյանի նկատմամբ անտարբեր են, Լևոնի նկատմամբ էլ են անտարբեր, բայց Քոչարյանին տանել չեն կարողանում, նրա դեմ ստիպված կլինեն ակտիվանալ։ Իսկ որոշներն էլ եթե այդ երեքից նախընտրում են Քոչարյանին, նրանք էլ ստիպված կլինեն ակտիվանալ։ Հայաստանում քաղաքականությունը ոչ թե համահասարակական կամ համաժողովրդական է, այլ խմբակային շահերով է։ Եթե մարդն անձնական շահ չի տեսնում, անտարբեր է։ Իսկ ինչքան շատ այդպիսի հզոր ֆիգուրաներ մտնեն խաղի մեջ, այնքան շատ մարդ կներգրավեն այդ քաղաքական գործընթացներում։ Ու ինչքան ուժերը հավասարակշռող ֆիգուրներ լինեն, այնքան լավ։ Օրինակ, եթե երկու հոգի են, և՛ ընդդիմության, և՛ իշխանության համար հեշտ է խաբելը հանրությանը։ Ես նույնիսկ կողջունեմ, որ չորրորդ ֆիգուրն էլ լինի, որովհետև այդ ժամանակ ժողովուրդը կա՛մ պետք է շշկռվի, չկողմնորոշվի, կա՛մ էլ ստիպված պետք է արդեն ճշմարտության հետևից գնա։ Երբ ուժերը հավասարակշռում են իրար, ռեսուրսներին տիրապետելու իմաստով թույլ քաղաքական ուժերը շանս են ստանում ճշմարտությունով հանդես գալու։

–Իսկ երեք նախագահների հնարավոր պայքարի արդյունքում, ըստ Ձեզ, ի վերջո ո՞վ կհաղթի և ո՞ւմ հաղթանակն է Հայաստանի համար ավելի շահավետ։

–Ես ասեմ, որ այդ պայքարում երեքն էլ պարտվելու են ու դա լինելու է Հայաստանի հաղթանակը։ Ժողովուրդը հաղթելու է, ինչը լինելու է հեղափոխության տեսքով։ Այդ ժամանակ արդեն երկրորդական է հարցը, թե ով կլինի նախագահը։ Ես դրա համար եմ անհամբեր սպասում, որ Ռոբերտ Քոչարյանը մտնի քաղաքականություն։ Բայց երեքն էլ պարտվելու են ու հեռանան պատմության գիրկը։ Ինչքան շուտ գա Քոչարյանը, այնքան շուտ կհեռանա պատմության գիրկը։ Եթե Լևոն Տեր–Պետրոսյանը 10 տարի հետո չգար, այլ շուտ գար, շուտ հեռացած կլիներ և դաշտում վիճակն ահագին լավ մաքրված կլիներ։ Իսկ հեղափոխությունը կբերի իր առաջնորդին։ Հայաստանում այլևս առանց հեղափոխության իշխանությունը չի փոխվելու։ Բացառված է, որ ընտրությունները իշխանություն փոխեն։ Իսկ հեղափոխությունը կծնվի, երբ որ քաոս լինի, իսկ քաոս կլինի, երբ որ այդ հզոր ուժերը իրար հետ սկսեն բախվել։ Բայց սա ի՛մ կարծիքն է։ Կարող է և իրենցից մեկը հաղթի, կարող է իրեն երեքի կոմպրոմիսի արդյունքում մի դրածոյի բերեն, ինձ դա չի հետաքրքրում։ Պայքար է ու այդ պայքարում իրենք իրենցն են ուզելու, ես՝ իմը, մյուսը՝ իրենը, ժողովուրդը՝ իրենը։ Թող բոլոր ուժերն էլ մտնեն ասպարեզ ու այդ պարագայում ով ուժեղ է, ով ճիշտ է, ով արդար է ու հասարակությունն ում որ ուզում է, հենց նրա հետևից էլ կգնա։ Հետո ասեմ նաև, որ երբ քաղաքական դաշտը մեկ կամ երկու ֆիգուրայով է հանդես գալիս, այդ ժամանակ հասարակական տրամադրություններն ու քաղաքական դաշտը հեշտ է վերահսկել՝ հատկապես հատուկ ծառայությունների կողմից՝ լինի ռուսական, թե հայկական։ Եթե Լևոնին թույլատրված է, որ ինքն ընդդիմադիր պայքար տանի, եթե Սերժին թույլատրված է, որ ընդդիմության հետ պայքարի մեջ մտնի, իսկ ես վստահ եմ, որ Քոչարյանին է դա թույլատրված լինելու Մոսկվայի կողմից, այսինքն եթե երեք հսկա բևեռ քաղաքական դաշտն ակտիվացնում են, այն ժամանակ Մոսկվայի համար անցանկալի ուժերր այդ հակամարտության մեջ պայքարելու որոշակի հնարավորություն են ստանում։ Ես հիշում եմ, որ դեռ 1988թ. Ղարաբաղ կոմիտեն իր կարգախոսներից մեկն էր դարձրել՝ թագուհու իշխանություն և թագուհու ընդդիմություն։ Այն ժամանակ էլ Լևոն Տեր–Պետրոսյանը դեմ չէր այդ կարգախոսին, կարծում եմ, որ հիմա էլ է նա այդ սկզբունքով առաջնորդվում, ուղղակի հիմա Հայաստանում թագուհին Մոսկվայի ԿԳԲ–ն է։

–Ձեր կարծիքով, Հայ ազգային կոնգրեսն իր այս գործողություններով ցանկանում է ժամանակ շահել և ձգձքել մինչև հերթական ընտրություննե՞ր։

–Ես կարծում եմ, որ Լևոն Տեր–Պետրոսյանը սպասում է, որ Ղարաբաղի հարցում միջազգային մի հարմար վիճակ առաջանա, որ այդ միջազգային ուժերը Սերժ Սարգսյանին հեռացնեն ու ինքը սպիտակ նժույգով գա իշխանության։ Վերջ ի վերջո նա այդպես եկել է իշխանության 1991թ.։ Նա ա՛յդ ոճի գործիչ է։ Կարող է սխալվում եմ, բայց դա իմ կարծիքն է։ Լևոն Տեր–Պետրոսյանը սպասում է, թե երբ պետք է Ղարաբաղի հարցում Սերժ Սարգսյանին պատին դեմ տան, որ ինքը սպիտակ նժույգով գա։ Իսկ միտինգ անելը նպատակ ունի ցույց տալու, որ ժողովրդո՛վ եկանք իշխանության։ Ոչ ոք չի ասում՝ կուլիսային գործարքների արդյունքում, միջազգային ուժերի շնորհիվ եկանք։ Բոլոր երկրներում էլ այդպես է՝ միջազգային ուժերը որոշումներ են կայացնում՝ սրան իշխանությունից հեռացնել կամ նրան բերել, բայց թատրոնն ապահովում են։ Հայաստանում էլ է այդ թատրոնի խնդիրը լուծվում։ Բացի այդ լուծվում է նաև մեկ այլ խնդիր՝ թույլ չտալ Հայաստանի քաղաքական դաշտում երրորդ ուժ մտնի ասպարեզ, հարթակը պետք է մի՛շտ զբաղված լինի, մի՛շտ։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը