Քաղաքական

01.04.2023 17:15


Ռուբեն Մելիքյանը ՔԿ մամուլի խոսնակին հորդորում է մասնագիտորեն չհիմնավորված դատողություններ չանել

Ռուբեն Մելիքյանը ՔԿ մամուլի խոսնակին հորդորում է մասնագիտորեն չհիմնավորված դատողություններ չանել

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի պաշտպանությունը ստանձնած իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը տարակուսանք է հայտնել Քննչական կոմիտեի մամուլի խոսնակի պնդումների առնչությամբ։

«Քննչական կոմիտեի մամուլի խոսնակը ԱԺ միջադեպի կապակցությամբ հաղորդագրություն է տարածել, որում, հակադարձելով հարվածելիս որևէ առարկայի գործադրման «նախնական վարկածը» հերքված լինելու իմ պնդմանը, բառացի նշում է. «…քրեական վարույթի նախաձեռնման առիթ հանդիսացած հաղորդման բովանդակությունը որևէ կերպ չի կարող նախնական, հիմնական կամ վերջնական վարկած դիտարկվել»։

Զարմանքս եմ հայտնում այս դատողության կապակցությամբ. դասագրքային ճշմարտություն է, որ քրեական վարույթի նախաձեռնման առիթ հանդիսացած հաղորդման բովանդակությունը չի կարող չհանդիսանալ և անհրաժեշտաբար հանդիսանում է վարույթի «նախնական վարկածը»։ Այդ մասին կարելի է կարդալ «Կրիմինալիստիկայի» հասանալի դասագրքերում՝ «կրիմինալիստիկական տակտիկա» բաժնի մաս կազմող «կրիմինալիստիկական վարկածներ» գլխում։

Ավելին, իմ վկայակոչած «նախնական վարկածի» առկայությունը հիմնավորվում է նաև Մհեր Սահակյանի հարցաքննության ժամանակ քննիչի առաջադրած հարցերով։

Ուստի կհորդորեի անտեղի հորդորներով հանդես չգալ և մասնագիտորեն չհիմնավորված դատողություններ չկատարել»,-հայտարարել է Ռուբեն Մելիքյանը։

Այս խորագրի վերջին նյութերը