Մեկնաբանություն

30.03.2023 15:40


Ինչու է Փաշինյանը տապալում անվտանգությունն ու խոսում ֆեյք խաղաղությունից

Ինչու է Փաշինյանը տապալում անվտանգությունն ու խոսում ֆեյք խաղաղությունից

Բավականին ուշագրավ էր Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի հայտարարությունը ՀԱՊԿ-ի ու Հայաստանի համագործակցության վերաբերյալ: Ռուսաստանի ԱԳՆ նախարարի տեղակալի խոսքով՝ ՀԱՊԿ-ի ու Հայաստանի համագործակցության բոլոր հարցերը պետք է կառուցողական լուծումներ ստանան: Նա հուսով է, որ ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու մասին խոսակցությունները շուտով վերջ կունենան:

Այստեղ արժե նկատել, որ դրանք ոչ թե «օդից վերցրած» խոսակցություններ են, այլ տրամաբանական և անխուսափելի հետևություններ այն գործողություններից ու հայտարարություններից, որոնք ՀԱՊԿ-ի հետ կապված անում են Հայաստանի իշխանություն համարվող Նիկոլ Փաշինյանը և նրա զանազան ներկայացուցիչները, թիմակիցները:

Բայց վերադառնանք ՌԴ ԱԳ փոխնախարարի ասածներին: Միխայիլ Գալուզինը հույս է հայտնել, որ կառուցողական ու փոխշահավետ լուծում կստանա նաև «Հայաստանի տարածքում ՀԱՊ կազմակերպության դիտորդական առաքելության տեղակայման» հարցը: Ավելին, ՌԴ փոխարտգործնախարարի խոսքով՝ ռուսական կողմը հաստատում է հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ-ի առաքելություն տեղակայելու ծրագրերի իրականացման պատրաստակամությունը՝ ելնելով Հայաստանի անվտանգության ապահովման շահերից:

Ստո՛պ: Իսկ մինչև հիմա Հայաստանի իշխանություն ներկայացող ուժից, էլ չենք ասում՝ Փաշինյանից քանի՞ անգամ եք լսել այն մասին, որ նման ծրագիր կա, նման հարցեր են քննարկվում՝ ՀԱՊԿ-ի հետ կապված: Մինչև հիմա Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմակիցները շարունակաբար հենց միայն «եվրոպական դիտորդներից» ու նրանց տեղակայումից էին խոսում: Ըստ որում, այն փաթեթավորմամբ, թե այդ «եվրոպական դիտորդները» Հայաստանը կրծքով պաշտպանելու են ադրբեջանաթուրքական ագրեսիայից, սահմաններին անդորր, խաղաղություն են բերելու, ֆլան-ֆստան:

Այն, որ դա «փուչիկ» քարոզչություն է, ամենից լավ բացահայտեց հենց ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիթերը, որը բացեիբաց հայտարարել է, որ իրենք չեն կարող միջամտել, եթե ադրբեջանական կողմը հարձակվի, քանի որ իրենք միայն հեռադիտակներ ու ֆոտոխցիկներ ունենք տրամադրության տակ: Բայց դա էլ ամենը չէ: Ռիթերը նշել է, որ հայերից շատերը հավատում են, որ գարնանը Ադրբեջանի հարձակում է լինելու, և... եթե այն չեղավ, նշանակում է, որ իրենց առաքելությունը հաջողվել է:

Զի՛լ է: Իսկ եթե եղա՞վ: Դա նշանակում է, որ իրենց հեռադիտակները բանի պետք չէին: Համա թե տրամաբանություն է: Նման դեպքերում ռուսերեն լավ արտահայտություն կա. «Համա թե տալիս ես, Մարկուս»: Նման մոտեցմամբ եվրոդիտորդների ղեկավարը սահմանամերձ գյուղերում ավելի լավ է սուրճի բաժակ «նայի»:

Վերադառնանք, սակայն, ՌԴ փոխարտգործնախարարի հայտարարությանն ու դրանից բխող հետևույթուններին, ենթադրություններին:

Առաջին. Հայաստանում, անվտանգության ապահովման նպատակով ՀԱՊԿ-ի առաքելություն տեղակայելու հարց եղել է և այն օրակարգում է դեռ: Ավելին, ենթադրվում է, որ այդ հարցը ձգձգվում և արագ լուծում չի ստանում առավելապես Նիկոլ Վավաևիչի ակնհայտ հակառուսական, հակա-ՀԱՊԿ-ական հայտարարությունների պատճառով:

Երկրորդ․ ենթադրելի է, որ ՀԱՊԿ առաքելությունը միայն հեռադիտակներ չէ, որ ունենալու է:

Երրորդ, հասկանալի է, որ Հայաստանի անվտանգության ապահովումը առաջնահերթ Հայաստանի իշխանության, ՀՀ ԶՈւ լուծելիք խնդիրն է, բայց նույնքան էլ հասկանալի է, որ ՀԱՊԿ առաքելության հնարավոր ներկայությունը թույլ կտա որոշակիորեն ավելացնել այդ անվտանգության ապահովման աստիճանը:

Եվ այդ ամենից արդեն մեկ այլ հարց է ծագում. ինչու է Նիկոլ Փաշինյանը տապալում անվտանգության ապահովման հնարավոր տարբերակները, փոխարենը շարունակ խոսում «խաղաղության օրակարգից», որն արդեն ինքն էլ է ստիպված խոստովանել, որ «ֆեյք օրակարգ» է: Սա, կարծում ենք, վաղուց արդեն հռետորական հարց է:

Արթուր Խայթ

Այս խորագրի վերջին նյութերը