Քաղաքական

23.03.2023 17:09


«Գոյ» թատրոնը չի ցանկանում միանալ Սունդուկյանի անվան թատրոնին. ստեղծագործական կազմը պատրաստ է աշխատել առանց սուբսիդիայի (տեսանյութ)

«Գոյ» թատրոնը չի ցանկանում միանալ Սունդուկյանի անվան թատրոնին. ստեղծագործական կազմը պատրաստ է աշխատել առանց սուբսիդիայի (տեսանյութ)

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մշակել է մի նախագիծ, ըստ որի՝ «Գոյ» թատրոնի վարչական հատվածը նախատեսվում է կրճատել, իսկ թատրոնի ստեղծագործական կազմը՝ «Գոյ» թատերախումբ անունով, կշարունակի գործունեություն ծավալել Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տանիքի ներքո: Նախարարությունը վստահեցնում է, որ այդ պարագայում «Գոյ»-ը կարող է ընդլայնել իր հնարավորությունները:

Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական կենտրոն «Գոյ» թատրոնի անձնակազմը դեմ է նախագծին՝ համարելով, որ նման կերպ միտում կա դադարեցնել թատրոնի գործունեությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մարտի 23-ին թատրոնն իր հարկի տակ էր համախմբել լրագրողների, թատերական ոլորտի ներկայացուցիչների և «Գոյ»-ի երկրպագուներին:

«Գոյ» թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Չոլոյանը պատմեց, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանի հետ հանդիպմանը թատրոնի տարեկան հաշվետվությունը ներկայացնելիս փաստել են, որ թերի է կատարվել թատրոնի ֆինանսական պլանը: «Թատրոնում բազում խնդիրներ կան. և՛ ձայնային, և՛ լուսային, և՛ դահլիճը վերանորոգման կարիք ունի և այլն: Խզմալյանի հետ հանդիպումից մոտ մեկ ամիս հետո մենք ներկայացրինք «Գարեգին Նժդեհ» բեմադրության առաջախաղը և հաջորդ օրը հրավիրվեցի նախարարություն՝ փոխնախարարի հետ հանդիպման: Նա ասաց, որ մենք պլանը չենք կատարել և որպես թատրոն չենք ծառայում մեր նպատակին: Առաջարկեց թատրոնի վարչական մասը ցրել, միավորվել Սունդուկյանի անվան թատրոնի հետ: Ասաց՝ կունենանք հիանալի պայմաններ. լույս, դահլիճը կվերանորոգվի, բեմադրություններ կարող ենք անել Սունդուկյանի անվան թատրոնի մեծ բեմում, փոքր բեմում, ձմեռային այգում և այլն: Ես ասացի, որ համաձայն չեմ և պետք է խոսեմ ստեղծագործական կազմի անդամների հետ: Նշեցի՝ եթե խնդիրը 3, 5 մլն դրամ պակասուրդն է, այս տարվա մեջ կատարենք այդ պլանը, այն կատարենք երկու անգամ ավելի, երեք անգամ ավելի: Առաջարկել եմ անգամ հրաժարվել սուբսիդիայից: Մենք կպահենք թատրոնը, միայն թե շենքին ձեռք չտան»,-պատմեց Չոլոյանը:

Հետո կրկին են հանդիպել փոխնախարարին և մեկ տարի ժամանակ են խնդրել, Արա Խզմալյանն օրեր անց կրկին նշել է, որ Սունդուկյանի անվան թատրոնի հարկի տակ ավելի լավ պայմաններ կլինեն «Գոյ»-ի համար:

Դիմելով ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին և ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանին ՝ Չոլոյանն ասաց. «Մեզ վատություն արեք, մի միավորեք Սունդուկյանի անվան թատրոնի հետ, մեզ լավ պայմաններ պետք չեն: Մենք աշխատում ենք և հրաժարվում ենք օգնական զորքից»:

Խոսելով այն մասին, որ Սունդուկյանի անվան թատրոնն է վճարում «Գոյ» թատրոնի կոմունալ ծախսերը՝ Չոլոյանն ասաց՝ նման պայմանավորվածություն ձեռք է բերվել «Գոյ»-ի և Սունդուկյանի անվան թատրոնների նախորդ տնօրենների և նախարարի միջև:

Սարգիս Չոլոյանը հիշեցրեց, որ մինչև 2010 թվականը «Գոյ»-ը աշխատել է ինքնաֆինանսավորմամբ, իսկ 2010 թվականից հետո, վերամիավորվելով «Փոսի թատրոն»-ի հետ, սկսել է պետական ֆինանսավորում ստանալ, իսկ 2011-ից «Գոյ»-ի շենքը Կադաստրի կոմիտեի որոշմամբ անջատվել է Սունդուկյանի անվան թատրոնի շենքից:

Թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Սահակյանը, անդրադառնալով «Գոյ»-ի ստեղծմանը, հիշեցրեց, որ 1988 թվականին թատրոնի հիմնադիրներից Արմեն Մազմանյանը Հրաչյա Ղափլանյանի հետ է բանակցություններ վարել «Գոյ»-ի շենքի համար, հետո այդ ժամանակ Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Խորեն Աբրահամյանի հետ, որը նրանց է տրամադրել Սունդուկյանի անվան թատրոնի այն տարածքը, որտեղ այժմ գործում է «Գոյ»-ը:

«Հենց այդ ժամանակ Սամսոն Ստեփանյանը, Արմեն Մազմանյանը, Արսեն Աբրահամյանը, ես և նկարիչ Մկրտիչ Մկրտչյանը առանձնացանք Երևանի կամերային թատրոնից ու եկանք այստեղ: Աբրահամյանը հարցրեց կարո՞ղ ենք անել ներկայացումներ, որոնք կհետաքրքրեն իրեն: Մնացինք այստեղ, խաղացինք ներկայացումներ: Աշխատել ենք նաև ցուրտ ու մութ տարիներին»,-նշեց Սահակյանը:

Սահակյանը 1998 թվականին հեռացել է թատրոնից, սակայն 2015-ին «Գոյ»-ի կոլեկտիվի հրավերով վերադարձել է թատրոն:

Արթուր Սահակյանն ընդգծեց, որ իրենք չեն ցանկանում ընդունել նախարարության առաջարկը, չեն ցանկանում իջնել Սունդուկյանի անվան թատրոն ու այնտեղ աշխատել: Գեղարվեստական ղեկավարը վստահեցրեց, որ Սունդուկյանի անվան թատրոնի կոլեկտիվի հետ դա ոչ մի կապ չունի, պարզապես «Գոյ»-ն ունի իր ձեռագիրը, իր թատրոնը:

Ստեղծագործական կազմը կրկին նշեց, որ թատրոնը 14 տարի աշխատել է ինքնաֆինանսավորմամբ և այժմ պատրաստ է հրաժարվել սուբսիդիայից և շարունակել աշխատել սեփական միջոցներով, հովանավորների աջակցությամբ:

Ապրիլի 6-ին նախատեսվում են թատրոնի տնօրենի ընտրությունները, սակայն դեռ պարզ չէ ընտրությունը տեղի կունենա՞, թե՞ ոչ: Տնօրենի պաշտոնը զբաղեցնելու հայտեր են ներկայացրել «Գոյ» թատրոնից Սարգիս Արզումանյանն ու Էլիզա Մանթաշյանը:

Այս խորագրի վերջին նյութերը