Տնտեսական

21.03.2023 11:53


Դոլարը թանկանում էր, սակագները բարձրացնում էին, մեկ տարի է՝ դոլարն էժանացել է, բայց այլևս չեն մտածում սակագներն իջեցնելու մասին

Դոլարը թանկանում էր, սակագները բարձրացնում էին, մեկ տարի է՝ դոլարն էժանացել է, բայց այլևս չեն մտածում սակագներն իջեցնելու մասին

Ժամանակին, երբ դոլարը թանկանում էր, շտապում էին բարձրացնել հանրային ծառայությունների սակագները։ Ասում էին, թե դա բացասաբար է ազդում սակագների ու ընկերությունների ֆինանսական վիճակի վրա։ Մեկ տարի է, Հայաստանում դոլարն էապես էժանացել է, նվազել է նաև դրա ազդեցությունը հանրային ծառայությունների վրա, բայց այլևս չեն մտածում սակագներն իջեցնելու մասին։

Ջրի սակագինը հունվարի 1-ից բարձրացրեցին, էլեկտրաէներգիայինը թողեցին անփոփոխ, իսկ գազի սակագինը վերանայելու մասին խոսք չկա։ Կարծես այդպես էլ պետք է լիներ։

Երբ Նիկոլ Փաշինյանը նոր էր եկել իշխանության կամ իշխանության գալու ճանապարհին էր, հայտարարում էր, թե հանրային ծառայությունների սակագներն ուռճացված են, համատարած թալանում են, դրա համար էլ սակագները բարձր են։ Վերջին մեկ տարում նպաստավոր պայմաններ են ստեղծվել սակագները նվազեցնելու համար, բայց չեն նվազեցնում։

Անցած 5 տարում էլ ոչ մի անգամ չնվազեցրին, մի բան էլ բարձրացրեցին։

Այսօր, երբ թվում է, թե բավարար հիմքեր կան սակագները նվազեցնելու համար, ոչ մեկը չի խոսում դրա մասին։ Այնինչ՝ անցած տարվա այս շրջանում, երբ սկսվեց դոլարի արժեզրկումը, հայտարարում էին, թե դա անպայման ազդելու է սակագների վրա, դրանք վերանայվելու են, ու նվազեցվեց։ Հույս էին տալիս սպառողներին, որ դոլարի էժանացումը ինչ-որ պահից հանգեցնելու է գազի և էլեկտրաէներգիայի սակագների իջեցման։

«Եթե պարզվի, որ փոխարժեքը կայունանում է հենց էս միջակայքում, հնարավո՞ր է արդյոք, որ էլեկտրաէներգիայի և գազի սակագների հարցում վերանայման հնարավորություն լինի, որովհետև իրենց հաշվարկների մեջ բավական մեծ դեր ունի հենց փոխարժեքը»,-Ազգային ժողովում հարց էր բարձրացնում իշխանությունը ներկայացնող պատգամավորը։ Փոխվարչապետն էլ հավաստիացնում էր, թե սակագներում փոխարժեքի ազդեցությունը հաշվարկված է, և դրամի արժևորումը, բնականաբար, պետք է հաշվի առնվի։

Այդ ժամանակ դոլարի փոխարժեքը 430-435 դրամի սահմաններում էր։ Հիմա նույնիսկ ավելի ցածր է։ Վաղուց 400 դրամից պակաս է։ Բայց իշխանության պատգամավորն ու փոխվարչապետն այլևս սակագների նվազեցման մասին չեն խոսում։

Դոլարի արժեզրկման արդյունքում սակագների հնարավոր նվազեցման առումով նրանց տված հույսերն ընդամենը սպառողների մոտ որոշ ժամանակ դրական սպասումներ ձևավորելու նպատակ ունեին։ Հույսեր էին տալիս, որ դոլարի էժանացման արդյունքում նաև դրական սպասումներ կան. կիջնեն գազի և էլեկտրաէներգիայի սակագները։

Վերջին մեկ տարում դոլարի փոխարժեքն էապես նվազել է։ Անցած տարվա սկզբին 490 դրամի սահմաններում էր, այս տարի 390 դրամ է։ Տարբերությունը 100 դրամի է, ինչը լուրջ գործոն է սակագների նվազեցման համար։

Խնդիրն այն է, որ հանրային ծառայությունների և հատկապես գազի ու էլեկտրաէներգիայի սակագների ձևավորման մեջ կարևոր դեր ունի դոլարի փոխարժեքը։ Դա այն չորս հիմնական գործոններից մեկն է, որն ազդում է սակագների վրա։ Անցած մեկ տարում դոլարի գինը 20 տոկոսով նվազել է, իսկ սակագները շարունակում են նույնությամբ պահպանվել։

Գազի գործող սակագներում դոլարը հաշվարկված է նախկին բարձր փոխարժեքով։ Դոլարի փոխարժեքն էապես իջել է, բայց նույն էնտուզիազմով հարց չեն բարձրացնում, թե ինչո՞ւ չեն նվազում սակագները։

Պարզ է, որ սակագները նվազեցնելը չի բխում գազամատակարար ընկերության շահերից, այն հակված չէ հայտ ներկայացնել դրանք վերանայելու համար։ Իսկ ի՞նչ է մտածում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, որը ևս կարող է սեփական նախաձեռնությամբ վերանայել սակագները։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը լուռ է։ Էլեկտրաէներգիայի սակագները թողեցին անփոփոխ, իսկ գազի սակագները վերանայելու վերաբերյալ նույնիսկ քննարկումներ չկան։ Դա նշանակում է, որ անցած տարվա ապրիլի 1-ից գործող սակագները, որոնք ձևավորվել են բոլորովին այլ պայմաններում ու դոլարի բոլորովին այլ փոխարժեքով, այս տարվա ապրիլի 1-ից հետո էլ շարունակելու են մնալ անփոփոխ։

Մինչդեռ, դոլարի նկատմամբ դրամի ամրապնդումը սպասումներ էր ձևավորել, որ սակագները կնվազեն։

Սակագների հնարավոր նվազեցման հետ կապված որոշակի հույսեր էր կապում նաև Կենտրոնական բանկը։ Կենտրոնական բանկի նախագահն ակնկալում էր, որ դոլարի թուլացումը պետք է իր ազդեցությունն ունենա սակագների վրա՝ նպաստելով գնաճային ճնշման թուլացմանը։

Սակայն, այլևս պարզ է, որ այդ ամենը դատարկ սպասումներ էին։ Թեև դոլարի էժանացմանը, էլեկտրաէներգիայի սակագինը չնվազեց։ Հասարակության աչքին թոզ փչելու համար՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն անցած տարվա վերջին քննարկեց էլեկտրաէներգիայի սակագնի իջեցման հարցը։ Բայց եզրակացրեց, որ դոլարի անգամ այդպիսի էժանացումը հիմք չէ սակագները նվազեցնելու համար։

«Սակագների վրա ազդող բոլոր գործոնների վերլուծության արդյունքում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագների վերանայման անհրաժեշտություն չի առաջացել»,-հայտարարեց Հանձնաժողովն ու հարցը փակեց։

Արդյունքում՝ պահպանվեց անցած տարվա փետրվարի 1-ից գործող սակագինը, որը բարձրացել էր 4,7 դրամով կամ ավելի քան 10 տոկոսով։

Այլևս պարզ է, որ հաջորդ սակագնային տարում, որը սկսվում է ապրիլի 1-ից, գազի սակագների նվազեցում ևս չի լինելու։ Հանձնաժողովը չի պատրաստվում որևէ վերանայում անել, թեև սակագնի վրա ազդող կարևոր գործոններից մեկի ազդեցությունն էապես թուլացել է, իսկ ներկրվող գազի գինը մնացել է անփոփոխ։ Թվում է, թե սա բավարար պայման է սակագները նվազեցնելու համար։ Սակայն ոչ մի նվազեցում էլ տեղի չի ունենալու։

Եթե սա նախկինում լիներ, դժվար չէ պատկերացնել, թե Նիկոլ Փաշինյանն ինչպիսի աղմուկ-աղաղակ էր բարձրացնելու։ Այնինչ՝ այսօր լռում է։

Լռում են նաև այն հասարակական կազմակերպությունները, որոնք ժամանակին բողոքում էին սակագների վերանայման ու բարձրացման դեմ, «Էլեկտրիկ Երևան» էին կազմակերպում ու օրերով փակ պահում Բաղրամյան պողոտան։ Հիմա արդեն ժամանակները փոխվել են. լուռ են, ինչպես Նիկոլ Փաշինյանը, այնպես էլ՝ հասարակական կազմակերպությունները։ Սպառողների իրավունքների պաշտպանությունն այլևս նրանց տիրույթում չէ։ Ինչին ակնկալում էին հասնել, արդեն հասել են։ Սակագները կբարձրանա՞ն, թե՞ պարզապես չեն իջնի, արդեն կարևոր չէ։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Աղբյուրը՝ 168.am

Այս խորագրի վերջին նյութերը