Քաղաքական

21.03.2023 11:09


ՔՊ-ն մերժեց Բերձորի (Լաչինի) միջանցքի փակման վերաբերյալ ընդդիմության հայտարարությունը (տեսանյութ)

ՔՊ-ն մերժեց Բերձորի (Լաչինի) միջանցքի փակման վերաբերյալ ընդդիմության հայտարարությունը (տեսանյութ)

ՀՀ ԱԺ նիստում այսօր քվեարկության դրվեց Բերձորի (Լաչինի) միջանցքի փակման վերաբերյալ ընդդիմության ներկայացրած հայտարարության լրամշակված նախագիծը։ ՔՊ խմբակցությունը չմասնակցեց քվեարկությանը՝ փաստացի մերժելով ընդդիմության հայտարարությունը։

Ընդդիմադիր պատգամավոր Անդրանիկ Թևանյանն իր ելությում նշել է․

Արցախի, Բերձորի (Լաչինի) միջանցքի, Հայաստանի շուրջ ստեղծված վտանգավոր իրավիճակի պատճառներից երեքը հետևյալն են՝

1. Նիկոլ Փաշինյանը 2022թ․ հոկտեմբերի 6–ին փաստացի ընդունել է Արցախն Ադրբեջանի կազմում։ Այդ մասին Աստանայում հայտարարեց Ալիևը և չարժանացավ հակադարձման․ լռությունը տվյալ դեպքում համաձայնության նշան է։

2. Նիկոլ Փաշինյանը Հայաստանը դարձրել է Արևմուտք–Ռուսաստան բախման թատերաբեմ և ի տարբերություն, օրինակ, Վրաստանի իշխանությունների, աճուրդի է հանել Հայաստանը։

3. Նիկոլ Փաշինյանը Հայաստանում հակառուսական հիստերիա է բարձրացրել՝ դրանով իսկ փչացնելով հայ–ռուսական հարաբերությունները․ նույնը նա արել էր 2020թ․ 44–օրյա պատերազմից առաջ։

***

Ընդդիմության հայտարարության տեքստն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԱԳՐԵՍԻԱՅԻ, ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ՈՒ ՍԱԴՐԻՉ ՔԱՅԼԵՐԻ, ԲԵՐՁՈՐԻ (ԼԱՉԻՆԻ) ՄԻՋԱՆՑՔԻ ՓԱԿՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը դատապարտում է Ադրբեջանի կողմից 2022թ. դեկտեմբերի 3-ին և դեկտեմբերի 12-ից մինչև օրս շարունակվող Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության շրջափակումը, որն հանգեցրել է անվտանգային, հումանիտար, տնտեսական լրջագույն ճգնաժամի։ Շրջափակման արդյունքում գոյաբանական խնդիրներ են առաջացել 120 հազար Արցախի քաղաքացիների համար։

Ադրբեջանի այս հանցավոր գործողությունները հակասում են 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետին, ըստ որի՝ Արցախի և Հայաստանի միջև կապն ապահովում է Բերձորի (Լաչինի) 5 կմ լայնությամբ միջանցքը, որով անխոչընդոտ պետք է իրականացվեն մարդկանց, մարդատար և բեռնատար տրասպորտային միջոցների տեղաշարժը:

Պաշտոնական Բաքուն հրաժարվում է ստանձնած պարտավորություններից, խախտում է միջազգային մարդասիրական իրավունքը, չի վերադարձնում հայ գերիներին և այլ պահվող անձանց, փորձում է Արցախում ստեղծել վախի մթնոլորտ, հոգեբանական ճնշումներ է գործադրում արցախահայության նկատմամբ՝ նպատակ ունենալով ցեղասպանություն իրականացնել և նոր պատերազմ սանձազերծել։

2023թ. մարտի 5-ին տեղի ունեցած ադրբեջանական դիվերսիայի հետևանքով Արցախի ոստիկանության 3 աշխատակից զոհվել է, կա 1 ծանր վիրավոր։ Ադրբեջանն իր ահաբեկչական քայլերով ցանկանում է ամբողջությամբ կլանել Արցախը՝ հակադրվելու դեպքում սպառնալով ավելի կոշտ քայլեր իրականացնել։

Վկայակոչելով 2022թ. հոկտեմբերի 6–ին Պրահայում ձեռք բերված համաձայնությունները և 2023թ. փետրվարի 18–ին Մյունխենում այդ համաձայնության վերահաստատումը՝ պաշտոնական Բաքուն խմբագրել է Բերձորի (Լաչինի) միջանցքի կարգավիճակին վերաբերող ձևակերպումները և դիմել ագրեսիվ գործողությունների, որն արտահայտվում է նաև Հայաստանի Հանրապետության նկատմամբ ադրբեջանական ծավալապաշտական վարքագծով։

Ադրբեջանը չի կատարում Արդարադատության միջազգային դատարանի 2023թ. փետրվարի 22-ի որոշումը, որով բարձր դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին ձեռնարկել բոլոր միջոցները՝ երաշխավորելու Բերձորի (Լաչինի) միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը:

Այս և նմանօրինակ այլ ռազմատենչ, ակնհայտ ցեղասպան նկրտումներ ունեցող գործողությունները հերթական անգամ ապացուցում են, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, արցախահայության կյանքի իրավունքի ապահովման գրավականը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի երաշխավորված իրացումն է, որը, որպես միջազգային իրավունքի հիմնարար սկզբունք բազմիցս հաստատվել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների կողմից:

Բերձորի (Լաչինի) միջանցքը ներառելով կրիտիկական ենթակառույցները (գազատար, էլեկտրագծեր, կապ) Արցախի կյանքի ճանապարհն է, որի չգործելը հղի է ծանրագույն ռազմաքաղաքական, աշխարհաքաղաքական, հումանիտար հետևանքներով:

Ադրբեջանի ռազմատենչ վարքագիծը ևս մեկ անգամ ընդգծում է ռուսական խաղաղապահ զորախմբի առկայության և դրա մանդատի երկարաձգման անհրաժեշտությունը։ Զորակցելով Արցախում առաքելություն իրականացնող ռուս խաղաղապահներին՝ կոչ ենք անում Ռուսաստանի Դաշնությանը կիրառել բոլոր անհրաժեշտ միջոցներ՝ Բերձորի (Լաչինի) միջանցքի անխափան աշխատանքն ապահովելու և ադրբեջանական նոր սադրանքները, դիվերսիաները, ահաբեկչությունները կանխելու համար։

Կոչ ենք անում ՄԱԿ անվտանգության խորհրդի մշտական անդամներին պարտադրել Ադրբեջանին՝ կատարելու Բերձորի (Լաչինի) միջանցքին վերաբերող Արդարադատության միջազգային դատարանի որոշումը։

Արձանագրելով, որ Ղարաբաղյան հակամարտությունը վերջնական կարգավորում չի ստացել, դիմում ենք միջազգային հանրությանը, աշխարհի պետությունների խորհրդարաններին, միջազգային հումանիտար կազմակերպություններին, դատապարտել Ադրբեջանի ապօրինի քայլերն ու ռազմատենչ վարքագիծը, տալ համարժեք գնահատականներ։

Կոչ ենք անում արցախահայ մեր քույրերին ու եղբայրներին զինվել համբերությամբ, պայքարել հանուն սեփական անօտարելի իրավունքների, պահպանել զգոնությունը, գլխավոր հարցերում լինել միասնական։ Հայաստանի Հանրապետությունը տեր է կանգնելու սահմանադրությամբ, օրենքներով և նորմատիվ իրավական այլ ակտերով սահմանված իր հանձնառությանը։

Այս խորագրի վերջին նյութերը