Մեկնաբանություն

13.03.2023 16:45


Վրաստանի վարչապետի մեսիջը հայ ժողովրդին

Վրաստանի վարչապետի մեսիջը հայ ժողովրդին

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին նախօրեին «Իմեդի»-ին տված հարցազրույցում մի շարք ուշագրավ հայտարարություններ արեց իր երկրում ստեղծված իրավիճակի ու դրա խորքային շարժառիթների մասին: Մարդը միանգամայն բաց ու առանց երկիմաստությունների` իր ժողովրդին ներկայացրեց վերջին իրադարձությունների պատճառներն՝ առանց ռետուշի, ինչպես հարկն է՝ արձագանքեց նաև Զելենսկուն ու, առհասարակ, Վրաստանի ներսում դրսից խառնակչություն անելու փորձերին:

Ղարիբաշվիլին, օրինակ, միանգամայն պարզորոշ նշեց, որ այն ամենը, ինչ կատարվում է Վրաստանի ներսում լարվածություն գեներացնելու հետ կապված, ըստ էության, Վրաստանը Արևմուտք-Ռուսաստան կամ Եվրոպա-Ռուսաստան հակամարտության մեջ ներքաշելու, «երկրորդ ճակատ« բացելու, Ուկրաինային «շունչ քաշելու» և ուժերը վերադասավորելու համար ժամանակ տալու զուգահեռ նպատակներ է հետապնդում:

Նմանապես հստակ էին Ղարիբաշվիլու հայտարարությունները՝ Վրաստանն արտաքին ուժերի հետապնդած շահերի մանրադրամ դարձնելու անթուլատրելիության վերաբերյալ: Ավելին, Վրաստանի վարչապետը հայտարարեց, որ Սահակաշվիլուն էլ վերագործուղել էին Վրաստան, որպեսզի նպաստեր երկիրը օտարների շահերին ծառայեցնելու, Վրաստանը Ռուսաստանի դեմ հակամարտության մեջ ներքաշելու ծրագրերի իրականացմանը: Սակայն դա, համենայն դեպս մինչև հիմա, չի ստացվել, իսկ Սահակաշվիլին էլ ոչ այնքան հեռավոր վայրերում է, նկատենք, հստակ հսկողության ներքո:

Ղարիբաշվիլին հայտարարեց նաև, որ այս ընթացքում Ուկրաինայից նաև պատերազմի մեջ ներգրավված էթնիկ վրացիներ են գործուղվել Թբիլիսի՝ Վրաստանում իրավիճակն ապակայունացնելու նպատակով: Ավելին, Ղարիբաշվիլին ոչ առանց հեգնանքի նկատեց, որ ծանր պատերազմի մեջ գտնվող Ուկրաինայի նախագահ Զելենսկին այնքան ժամանակ ունի, որ այլ երկրում, կոնկրետ՝ Վրաստանում, հակակառավարական ցույցերի մասնակիցներին աջակցություն հայտնելով ու կոչեր անելով է զբաղված:

Վրաստանի վարչապետի մոտեցումները, կարծում ենք, միանգամայն ընկալելի են. Իրակլի Ղարիբաշվիլին ամեն կերպ ձգտում է իր երկիրն ու ժողովրդին հետ պահել օտար հակամարտության մեջ ներքաշվելու, օտարների շահերի ու խաղերի մեջ մանրադրամի վերածվելու վտանգներից, այսպես ասենք՝ «օտարների ոտքի կոխան» դառնալուց:

Այսինքն, հարևան Վրաստանի իշխանությունը, վարչապետ Ղարիբաշվիլին անում են տրամագծորեն հակառակն այն բանի, ինչ անում է Հայաստանի օրվա իշխանույթունը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի ու նրա ՔՊ-ի: Վերջիններս Հայաստանն ամեն կերպ խցկում են ԱԵրևմուտք-Ռուսաստան հակամարտության կիզակետը, ավելին, մեկը մյուսից հետո օտարահաճո, կոնկրետ՝ Արևմուտքի շահերից բխող հայտարարույթուններ ու քայլեր են անում: Իսկ դրա հնարավոր հետևանքներից մեկն այն է լինելու, որ Հայաստանն ուղղակիորեն վերածվելու է, այսինքն՝ արդեն իսկ վերածվել է օտարների աշխարհաքաղաքական խաղերի մանր-մանրադրամի: Ուղղակիորեն դրա վկայությունն էր նաև Ֆրանսիայի նախագահի կողմից Հայաստանը «բուֆեր» անվանելը, այսինքն՝ Արևմուտքում Նիկոլ Փաշինյանի գլխավորած Հայաստանն անգամ երկիր չեն համարում, այլ անպետք մի բան, որը կարող է միայն բուֆեր լինել:

Իսկ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ իր մոտեցումներով ու հայտարարույթուններով, անուղղակիորեն որոշակի մեսիջ հղեց նաև հայ ժողովրդին: Հիմնական մեսիջն այն է, որ եթե հարևան Հայաստանը չի ցանկանում վերջնականապես խորտակվել, ապա պետք է ձերբազատվի Նիկոլ Փաշինյանից ու նրա արկածախնդիր ու անպատասխանատու իշխանությունից, որը ում շահերին ասես, որ ծառայում է, բացի Հայաստանի ու հայության շահերից:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը