Կարծիք

11.03.2023 09:22


Հայաստանի խնդիրները ՀԱՊԿ-ի հետ, ի՞նչ կարող է նշանակել վերջին որոշումը․ «Կարճ ասած» (տեսանյութ)

Հայաստանի խնդիրները ՀԱՊԿ-ի հետ, ի՞նչ կարող է նշանակել վերջին որոշումը․ «Կարճ ասած» (տեսանյութ)

Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալի՝ իր քվոտայից հրաժարվելու առաջարկ է ներկայացրել: Այլ պարզաբանում չհնչեց, բայց քննարկումներ սկսեցին, թե Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս է գալիս։ Այդ քննարկումները կան դեռ շուտվանից, այսպես ասած՝ նախերգանքը կար։ Ի՞նչ է իրականում տեղի ունենում, եկեք վերլուծենք միասին։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը 3 տեղակալ ունի։ Ինչպես հայտնի է, այդ պաշտոնը և տեղակալները ևս, ռոտացիոն համակարգով է։ Հայաստանի՝ այդ պաշտոնից հրաժարումը կարող է մի քանի պատճառ ունենալ․ ես հաշվել եմ 5 պատճառ։

Պատճառներից մեկը՝ ուղղակի չունեն հարմար թեկնածու և կամ էլ Հայաստանին հասկացրել են, որ ոչ համապատասխան թեկնածու չառաջադրի։ Բանն այն է, որ այսօր Հայաստանում չկա բարձրաստիճան զինվորական կամ գրեթե չկա, որը կարող է հեղինակություն վայելել․ Հայաստանում անգամ նման անվիճելի հեղինակություն չկա, ուր մնաց դրսում լինի։ Գեներալներին հռչակել են գող ու ավազակ, հեղինակազրկել են, գեներալներն իրենք կապիտուլյացիայից հետո Նիկոլ Փաշինյանի դեմ դուրս եկան, չնայած հետո կարծես հարմարվեցին։ Ու սա տեսնում են նաև ՀԱՊԿ երկրներում։ Հայաստանը ունեցել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, որին այդտեղ բոլորը հարգում էին, իսկ մերոնք վատ ձևով հանեցին՝ հեղինակազրելով այդ կառույցը։ Հայաստանն ունեցել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի տեղակալ՝ Հայկազ Բաղմանյանը, որին 2020 թվականին ազատեցին պաշտոնից, ու ընդամենը մի քանի օր առաջ հայտարարվեց, որ դատախազությունում անցնում է ինչ-որ քրեական գործով։ Այսինքն՝ ում էլ նշանակի, մեկ է՝ կամ հիմա է, կամ հետո քրգործերով է անցնելու։ Դրա համար եմ մտածում, որ հնարավոր է՝ հասկացրել են, որ եթե տենց եք անելու, եղբայր, ավելի լավ ա չառաչադրեք։

Պատճառներից երկրորդը կարող է լինել այն, որ Հայաստանը ցույց է տալիս, որ ինքը դժգոհ է ՀԱՊԿ-ից, որովհետև Հայաստանը 2021 թվականի մայիսի 12-ից սկսած անընդհատ ոտնձգությունների է ենթարկվում Ադրբեջանի կողմից, արդեն 150 քառակուսի կիլոմետր խորացել են, բայց ՀԱՊԿ-ից սպասված արձագանք չկա։ Ի՞նչ ասեմ, երևի, էս դեպքում էլ՝ ոնց դուք, էդպես էլ մենք տարբերակով են շարժվում։

Երրորդ պատճառը կարող է լինել այն, որ սպասում են մեզ մոտ տարածաշրջանային ինչ-որ զարգացումներ։ Վերջերս՝ ԱՄՆ պետքարտուղարի Իսրայել այցից հետո, հստակեցվեց, որ Իսրայելը պատերազմ կսկսի Իրանի նկատմամբ, ու այդ պատերազմի համար կօգտագործեն որպես հենման կետ՝ Ադրբեջանի տարածքը։ Իրանի դեմ պատերազմը ամբողջ Արևմուտքը կողջունի, ու դեպի Արևմուտք ձգտումներ ունեցող Հայաստանի իշխանության համար սա կարող է դիտարկվել հնարավորություններ և իրենք էլ այդ պատերազմում ներդրում ունենան, ինչը չեն կարող անել լինելով ՀԱՊԿ անդամ։ Սա էլ այսպես։

Չորրորդ պատճառը կարող է լինել այն, որ ՀԱՊԿ-ի առաջ դեմարշ անելը, և ի վերջո, դուրս գալը գաղափարական քաղաքական ուղղություն է, որով այս իշխանության ներկայացուցիչները գնում են, ու դա նոր չէ։ Հայաստանում հեղափոխությունից շատ կարճ ժամանակ առաջ Նիկոլ Փաշինյանը օրինագիծ էր բերել խորհրդարան և պահանջում էր դուրս գալ ՀԱՊԿ-ից ու ԵԱՏՄ-ից։ Օրինագիծը, բնականաբար, չանցավ։ Հետո, երբ եկավ իշխանության, սկսեց լրիվ հակառակ ելույթները ունենալ երկու կառույցների մասին էլ։ ԵԱՏՄ նիստերում նա ամենաշատն է գովաբանում այդ կառույցը, իսկ ՀԱՊԿ-ի մասին մեկ անգամ չէ, որ դիֆերամբներ է ձոնել մինչև 2020 թվականը։ Բայց ՀԱՊԿ-ի՝ որպես միջազգային ռազմական միավորի հեղինակությունը սասանել է, քար է նետել այդ կառույցի վրա հենց Նիկոլ Փաշինյանը 2018 թվականի որոշմամբ, որով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին հետ կանչեց այդ պաշտոնից և շինծու քրեական գործի մեջ մտցրեց։ Դեռ այն ժամանակ էին շատերն ասում, որ ՀԱՊԿ-ին Փաշինյանն է Հայաստանի դեմ հանում, ու այս ամենի արդյունքը մենք մի օր զգալու ենք մեր մաշկի վրա։ Ու երբ ամեն անգամ Հայաստանը ՀԱՊԿ-ին դիմելու անհրաժեշտություն է ունենում, միշտ հիշում են շատերը հենց այդ տհաճ միջադեպը։

Բնականաբար, եթե դու այդ կառույցում ոչինչ չես կարողանում անել, քեզանից բան չես ներկայացնում, ձևական ներկայության իմաստը ո՞րն է։ Հիշեցնեմ, որ երբ Հայաստանը ՀԱՊԿ-ում նախագահող երկիր էր, դա անցած տարին էր, մենք ունեցել ենք ագրեսիա ՀՀ տարածքի նկատմամբ, ու նախագահող երկիրը ոչինչ չի կարողացել անել։ Ես վստահ եմ, որ ՀԱՊԿ-ի անդամ բոլոր երկրները ցանկացած համապատասխան խնդրի դեպքում կկարողանան այդ կառույցի ներուժը օգտագործել, բայց Հայաստանի դեպքում կարծես վերաբերմունքը այլ է և դա նոր է, վերջին 5 տարիներին։ Ղազախստանի օրինակը ունենք, մեկ օրում գործը գլուխ եկավ։ Բայց հերթը հասավ Հայաստանին ու ոչինչ, ոչ մեկ մատը մատին չտվեց, անգամ Հայաստանը լինելով նախագահող, բան չարեց։ Այս դեպքերը ցույց տվեցին, որ ՀԱՊԿ-ը իդեալական կառույց չէ, ավելին, իդեալականին մոտ անգամ չէ, բայց արդյո՞ք մեր մեղադրանքները ճիշտ հասցեով ենք ուղղում, երբ մեղադրում ենք ղազախներին, ռուսներին, բելարուսներին և այլոց։ Այդ երկրները վերջին տարիներին շատ ավելի մոտ հարբերություններ ունեն Ադրբեջանի հետ, քան մեր․․․ Իսկ զարմանու՞մ ենք․․․ Իսկ ո՞ր երկիրն է առհասարակ մեզ հետ ավելի լավացրել հարաբերությունները։ Ոչ մեկ, իսկ վատացրե՞լ՝ գրեթե բոլորը։ Բոլոր պատմականորեն բարեկամ պետությունները մեզ հետ ունեն անհասկանալի, անվստահելի, կիսատ, մի խոսքով՝ ավելի շուտ վատ հարաբերություն, քան լավ։ Հիմա սրանց թողես, կասեն բա Փելոսին որ եկավ Երևան, դա աննախադեպ էր, ես էլ կասեմ և՞, բա էդ Փելոսին ու իր երկիրը ինչո՞ւ իրենց չեն ճղում, երբ Արցախը էս 3 ամիս է՝ բլոկադայի մեջ է, ինչո՞ւ սանկցիաների տարափ չեն ուղարկում Ադրբեջանի գլխին, ինչքան որ Ռուսաստանի վրա են անում, ինչո՞ւ, բա էլ ո՞ր օրվա համար է այդ ձեր լավ հարաբերությունը։ Այդ ամենը ֆիկցիա է, բառեր, բառեր և վերջ, տակը բան չկա, ինչպես և չկար 44-օրյայի ժամանակ։

Բայց, մեր հանրությունը այդքան չի խորանում, հանրային է նայում, որտեղ բոլորը մեղավոր են բացի մեր իսկական պատասխանատուներից։ Այսօր եթե Հայաստանի քաղաքացիների շրջանում հարցում անեք, թե ո՞վ է մեղավոր, որ ՀԱՊԿ-ը իր գործառույթները չի իրականացնում, կասեն՝ Ռուսաստանը խաղեր է տալիս, Տաջիկստանից, Ղրղզստանից բան չես հասկանում, Բելառուսն ու Ղազախստանը Ադրբեջանի հետ ախպեր են և այլն։ Բայց հարց՝ այդ ամենում Հայաստանի իշխանությունը կապ չունի՞։ Հենց միայն այն, որ 1992 թվականից գոյություն ունեցող ՀԱՊԿ-ի մասին ՀՀ քաղաքացին իմացավ 2020 թվականին, նշանակում է, որ մեղավոր է Հայաստանը․ որովհետև քաղաքացին իր խնդիրներով է զբաղվել, ոչ թե ՀՀ անվտանգության խնդիրներով մտահոգվել, սաղ օր դրած դա ենք քննարկում։ Բացի այդ, ՀԱՊԿ-ը լավ է աշխատում, թե վատ, իմ պահանջը, որպես քաղաքացի, ՀՀ իշխանությունից է։ Երբ որ ՀԱՊԿ-ը վատ է աշխատում, ինձ ոչ թե պետք է ՀՀ կառավարությունն ասի՝ ժողովուրդ, դե ինչ անեմ, իրենց պարտականությունը չեն կատարում, այլ պետք է էնպես աշխատի, որ կատարեն․ քաղաքացուն հետաքրքրում է՝ այդ կազմակերպության անդամ ես՝ աշխատացրու։ Ինձ ոչ Պուտինն է ապագա խոստացել, ոչ Լուկաշենկոն կամ Աթամբաևը, ինձ խոստացել է Նիկոլ Փաշինյանը։ Հիմա դու պետք է խոստանաս, Տոկաևը գա քո խոստումները կատարի՞։ Հայաստանի ու Արցախի արանքում միջանցք է փակվել, ես ինչի՞ պետք է պահանջեմ ռուսներից, ադրբեջանցիներից։ Ռուսները որքան էլ բարեկամ են, այլ երկիր է, այլ ժողովուրդ, Ադրբեջանը առհասարակ թշնամի է, ես պահանջում եմ ՀՀ իշխանությունից։ Սա մեր իշխանության անկարողության թեման է, որովհետև մեզ եթե սովորեցնում են պահանջել ամեն ինչ ուրիշներից, դա դառնում է խասյաթ։ Եթե մեր սահմանի պաշտպանություը պետք է Լուկաշենկոյից պահանջեմ, բա մեր սահմանների կահավորումը, որ զրոյական է, ո՞ւմից պահանջեմ։ Խնդիրներ կա՞ն ՀԱՊԿ-ի հետ․ այո, կան։ Բայց այդ խնդիրները նախ դու ես ստեղծել, բացի այդ, եթե չես կարողանում լուծել, դա քո խնդիրն է, էնպես արա, որ լուծես։

Եվ վերջապես 5-րդ պատճառը, թե ինչու է Հայաստանը գնում ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների վատացման ճանապարհով, կարող է լինել հետևյալը․ տևական ժամանակ է, ինչ Ադրբեջանը ամենօրյա կտրվածքով կեղծ լուրեր է տարածում, թե Հայաստանը խախտել է հրադադարը, կրակում է, վերջերս էլ ինչ-որ մի մտացածին պլան էին գծել, թե Հայաստանը պատրաստվում է հարձակում։ Ալիևը հո բոլորիցս լավ գիտի, որ Նիկոլը ո՛չ հրաձակվող է, ո՛չ դիվերսիա անող, սրանք մեզ վրա հարձակման ժամանակ էին կոչ անում նահանջել ու չկրակել, էլ ուր մնաց՝ հարձակվեն։ Ադրբեջանը զենք է առնում, սրանք՝ դղյակներ ու հիմա, երբ դիրքերը չկահավորելով, զենք չառնելով, բանակցություններում չհաջողելով էլի պատերազմի շեմին են հասել, որոշել են գնալ թույլ երևալու, խղճահարություն առաջ բերելու ճանապարհով։ Տես, Ադրբեջան ու Թուրքիա, մենք հրաժարվեցինք ՀԱՊԿ-ի զորավարժություններից, մենք հրաժարվեցիքն ՀԱՊԿ-ի ռազմական օգնությունից, դիտորդներից, մենք հրաժարվեցինք ՀԱՊԿ-ում մեր պաշտոններից, տեսեք, մեր մոտ ընդամենը ԵՄ անզեն դիտորդներ են։ Ո՛չ սահմանն ենք կարգի բերում, ո՛չ զորանոց ենք սարքում, ո՛չ զենք ենք առնում, բանակի թիվը կրճատում ենք, ռուսական զորքն արդեն սպառնալիք ենք հռչակել, մեզնից վտանգ մի սպասեք, զինաթփափված ենք, զորք չունենք, զենք չունենք, չունենք դաշնակից, բաց ենք, թափանցիկ ենք, մաքուր ենք, տկլոր ենք, մեզ վրա մի հարձակվեք, խղճացեք մեզ։ Իրենց կարճ խելքով՝ խղճահարություն են առաջացնելու։ Բայց երևի չեն էլ մտածել, որ դրանով ընդամենը հեշտացնում են Ադրբեջանի ու Թուրքիայի գործը։ Թե էն ժամանակ օրինակի համար՝ 7 կորպուս էին ուղարկում Հայաստանի դեմ, հիմա կուղարկեն մեկ-երկու բրիգադ։

Կարճ ասած՝ չկա մի որևէ քայլ, որ Հայաստանի այսօրվա իշխանությունը անում է հաշվարկով, վերլուծությամբ։ Վարչապետ դարձած դեղին մամուլի խմբագիրը երկիրը կառավարում է իր տեղեկությունների հիման վրա։ Ինչպես որ Արցախ մտավ թշնամին Հայաստանի իշխանության աջակցությամբ, նույն կերպ էլ մտնելու է Հայաստան։ Մտան Լաչին, Աղավնո, Հայաստանում՝ Որոտան, Շուռնուխ ու այլ բնակավայրեր։ Անվտանգություն պահելը ցանկացած իշխանության թիվ մեկ պարտավորությունն է։ Հայաստանի պայմաններում անվտանգության պահպանումը արդեն թողնում են մեր թշնամիներին՝ իր բոլոր հետևանքներով։

Սևակ Հակոբյան

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը