Կարծիք

10.03.2023 09:25


Կկարողանա՞ ԱՄՆ-ն իրականացնել Վրաստանում «Մայդան-2» գործողությունը և ո՞րն է դրա գլխավոր նպատակը

Կկարողանա՞ ԱՄՆ-ն իրականացնել Վրաստանում «Մայդան-2» գործողությունը և ո՞րն է դրա գլխավոր նպատակը

Ոչ մեկի համար գաղտնիք չէր, որ 2003-ին Վրաստանում «Վարդերի հեղափոխությունն» իրականացվեց ամերկացիների օգնությամբ: Հետագայում այդ երկրի նախկին նախագահ՝ Էդուարդ Շևարդնաձեն, հարցազրույցներից մեկի ժամանակ բողոքում էր, որ «ամերիկացիներն իրեն խաբեցին»:

Ըստ նրա, նրանք մինչև վերջին պահը նշում էին, թե աջակցում են իրեն՝ Շևարդնաձեին, բայց պարզվեց, որ նրանք երկակի խաղ էին խաղում՝ փափուկ բարձ դնելով Շևարդնաձեի գլխի տակ:

2012 թվականին, երբ արդեն ընտրությունների արդյունքում Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին պարտվեց, նույն ամերիկացիները խորհուրդ եին տալիս նրան խաղաղ ձևով հանձնել իշխանությունը՝ երաշխավորելով, որ իր դեմ դատավարություններ հակառակ կողմից չեն լինի:

Ընդամենը որոշ ժամանակ անց Միխեիլ Սաակաշվիլին ստիպված եղավ լքել երկիրը, քանի որ այդ խոստումը չկատարվեց և նրա՝ Սաակաշվիլիի հանդեպ վարույթ սկսեցին և մեղադրանք առաջադրեցին արդեն մի քանի հոդվածներով:

Պարզվեց, որ ամերիկացիները որևէ երաշխիք չեն կարողանում ապահովել, միևնույն ժամանակ թույլ չեն տալիս, որ իրենց պրոտեժեների հանդեպ քրեական գործերը հասցվեն մինչև վերջ:

Սաակաշվիլին այդ մասին իմացավ միայն իշխանությունը Բիձինա Իվանիշվիլիի թիմին հանձնելուց հետո:

Որոշ ժամանակ անց, նույն ամերիկյան փորձագետները սկսեցին «բացահայտել» Սաակաշվիլիի կողմից կատարված «թերությունները», որից էլ պարզ էր դառնում, որ իր մասին՝ որպես «այլընտրանք», ամերիկացիներն արդեն չեն դիտարկում:

Հենց այդ պատճառով էլ «համաշխարային դեմոկրատիայի պայքարող զինվորը» որոշեց իր բախտը փորձել Ուկրաինայում:

Սկզբում նրան նշանակեցին Օդեսայի պատասխանատու, բայց պարզվեց, որ նախկին նախագահին տեղական նշանակության քաղաքը քիչ էր իր ամբիցիաների բավարարման համար: Այդ իսկ պատճառով առաջացավ բախում նրա և Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի միջև:

Այդ ամենից Սաակաշվիլին ոչինչ չշահեց: Ավելին, նրան հասկացրին, որ «վրացին Ուկրաինայում չի կարող ավելիին ձգտել»:

Հրեա Վոլոդիմիր Զելենսկու իշխանության գալուց հետո Սաակաշվիլիի մոտ արթնացավ հույս, որ զուգահեռաբար կբացվի նաև իր բախտը ուկրաինական քաղաքական թատերաբեմում: Սակայն որոշ ժամանակ անց Սաակաշվիլին հասկացավ, որ «վրացին կարող է իրական քաղաքական կարիերա իրականացնել բացառապես Վրաստանում», և Ստալինի ժամանակները, ով կարողացավ վերելքի հասնել մեծ Ռուսաստանում, արդեն անցյալում են:

Ահա, թե ինչու նա որոշեց վերադառնալ Հայրենիք: Ոմանք դա բացատրում էին ինչ-ինչ հաշվարկներով, սակայն Սաակաշվիլիի մոտ գործեց որոշումների անելանելիության սկզբունքը:

Սակայն պարզվեց, որ նույնիսկ Վրաստանում նրան արդեն չեն սպասում: Ընդվորում ոչ միայն իշխանությունները, այլև նույնիսկ ընդդիմությունը:

Սաակաշվիլիի վերադառնալով այդ երկրի քաղաքական դաշտը կրկին դարձավ երկբևեռ, որից մեծապես շահեցին իշխանությունները:

Բանն այն, որ Սաակաշվիլին գրեթե փակեց մյուս բոլոր անձերի կայացման ճանապարհը, բայց մյուս կողմից վրաց հանրությունը մերժում էր Սաակաշվիլիի՝ կրկին իշխանության վերադարձի գաղափարը:

Բանն այն է, որ իր կառավարման ժամանակ բանտերով էին անցել այդ երկրի քաղաքական վերնախավի մեծ մասը: Եվ Սաակաշվիլիից տուժածները չէին ուզում որ «հին և վատ ժամանակները» կրկին վերադառնային Վրաստանում: Նրանց համար Սաակաշվիլիի վերադարձի հարցը դարձել էր լինել-չլինելու հարց: Ահա, թե ինչու Սաակաշվիլիի վերադարձը գործնականում անհնարին էր այդ երկրի համար բոլոր կողմերի տեսանկյունից:

Պաշտոնական տվյալներով վրացական բանտերի հետ, այս կամ այն չափով առնչություն էին ունեցել մոտ 200-250 հազար մարդ: Փոքրիկ Վրաստանում, որտեղ ապրում է ընդամենը 3,5 մլն քաղաքացի, դա շատ մեծ ցուցանիշ էր:

Հենց դրա պատճառով էլ Սաակաշվիլիի ձերբակալությունը մեծ հուզումներ չառաջացրեց վրաց հասարակության մեջ:

Զգալով այդ հանգամանքը արևմտյան շրջանակները մեծ ջանքեր չէին թափում, որպեսզի պահանջեին Իվանիշվիլիի իշխանությունից ազատ արձակել իրենց նախկին պրոտեժեին:

Դրանից հետո Արևմուտքի վարկանիշն այդ երկրի արևմտամետ շրջանակների մոտ կտրուկ անկում ապրեց:

Իսկ վրաց հասարակության պահպանողական շրջանակների մոտ Արևմուտքի հանդեպ բացասական վերաբերմունքը մեծացավ, երբ նրանք սկսեցին ակտիվորեն պահանջել «հարգել այդ երկրի սեքսուալ փոքրամասնությունների իրավունքները և միաժամանակ պահանջելով սահմանափակել եկեղեցու ազդեցությունը պետական ինստիտուտների վրա»:

Հենց այդ պահից, վրաց հանրության մեջ առաջացավ արժեհամակարգային ճգնաժամ: Մի կողմից այդ երկրի բնակչության մեծ մասը ցանկանում է, որ Վրաստանը դառնա ԵՄ անդամ: Մյուս կողմից՝ այդ նույն հանրությունը մերժում է եվրոպացիների տոլերանտության գաղափարը սեքսուալ փոքրամասնությունների նկատմամբ:

Եվրոպացիներին և ամերիկացիներին Վրաստանը կրկին սկսեց հետաքրքրել անցյալ տարվա փետրվար ամսից, երբ բռնկվեց ռուս-ուկրաինական պատերազմը:

Ամերիկացիները պահանջեցին վրաց իշխանություններից ակտիվորեն աջակցել Ուկրաինային` բացելով երկրորդ ճակատ Կովկասից՝ Ռուսաստանի դեմ:

Վրաց իշխանությունները մերժեցին այդ պահանջը` նշելով, որ ժողովուրդը հիշում է 2008-ի դասերը և չի ուզում երկրորդ անգամ նույն սխալը կրկնել:

Այդ դեպքում ամերիկացիներն առաջարկեցին Վրաստանին գոնե միանալ հակառուսական տնտեսական բնույթի պատժամիջոցներին: Թբիլիսին այդ պահանջը մասամբ ընդունեց: Վրաց իշխանությունները դա բացատրում էին այն հանգամանքով, որ այդ պատժամիջոցների կիրառումից առաջին հերթին կտուժեին հենց վրացիները:

Մանավանդ, որ դրա դիմաց ոչ ԱՄՆ-ն, ոչ էլ ԵՄ-ն Վրաստանին ոչ մի փոխհատուցում չէին առաջարկում` ի տարբերությույն այն եվրոպական երկրների, որոնք միացան այդ պատժամիջոցների քաղաքականությանը:

Անցյալ տարվա մայիսին Վրաստանում ԱՄՆ դեսպանը անձամբ է հանդիպում Բիձինա Իվանիշվիլիի հետ և վերջնագիր է ներկայացնում, բայց մերժում է ստանում: Իվանիշվիլին հրապարակում է իր և դեսպանի խոսակցությունը, որտեղ վրաց հասարակությունն իմանում է, որ ամերիկացիները հստակ ձևով պահանջում էին, որ բացվեր երկրորդ ճակատ Մոսկվայի դեմ` hօգուտ Ուկրաինայի:

Դրանից հետո նույն տարվա հունիս ամսին ԵՄ-ն մերժում է Վրաստանին տրամադրել ԵՄ անդամի թեկնածու լինելու կարգավիճակը` առաջարկելով բավարարել 12 պահանջները, որի գլխավորներից էր Իվանիշվիլիի դեմ քայլերը և դատական իշխանության անկախության հաստատումը:

Նշենք, որ այդ նույն ժամանակ Ուկրաինան և Մոլդովան ստանում են ԵՄ անդամի թեքնածուի կարգավիճակ, երբ այդ երկրները իրենց բարեփոխումների մակարդակով մի քանի կարգով զիջում են ոչ միայն Վրաստանին, այլև ԵԱՏՄ անդամներ Հայաստանին և Ղազախսատանին:

Այդ պահից սկսած Վրաստանի իշխանությունների և ԵՄ-ի վերնախավի միջև հակասությունները սկսում են սրվել: Օրինակ, Բիձինա Իվանիշվիլին շահում է շվեյցարական Credit Bank-ի դեմ դատը՝ հարյուրավոր միլիոն դոլարների հայցով։ Բայց բանկը չի կատարում դատարանի որոշումը՝ պահելով գումարը՝ հավանաբար այն հույսով, որ վրաց միլիարդատերը կհայտնվի միջազգային պատժամիջոցների տակ:

Սակայն ամերիկացիների դժգոհության վերջին կաթիլը հասնում է այն հարցում, երբ նրանց հայտնի են դառնում են ներկայիս Վրաստանի իշխանությունների հետագա մտադրությունները:

Նախ Իվանիշվիլիի թիմը վերջին երկու տարիների ընթացքում ամբողջովին փոխում է երկրի տնտեսական լանդշաֆտը: Օրինակ, Աջարիայից դուրս են բերվում թուրքական կապիտալի մեծ մասը և նրա տեղը գալիս են չինացիները: Ավելին, նրանք են շահում նաև Թբիլիսի-Բաթումի ավտոբաների կառուցման ողջ փաթեթը: Նույն չինական կապիտալը ակտիվորեն սկսում է մտնել նաև այդ երկրի շինարական ոլորտ, արտադրության մեջ և նույնիսկ գյողատնտեսության մեջ: Ի դեպ, նույն չինացիները այս նույն քաղաքանությունն էին ուզում իրականացնել նաև Հայաստանում, սակայն ներկայիս փաշինյանական իշխանությունը մերժում է նրանց: «Չար լեզուների» պնդմամբ` հակաչինական լոբինգը Հայաստանի իշխանության մեջ իրականացնում էր Տիգրան Ավինյանը:

Սակայն, բացի չինական կապիտալից, Վրաստան էր ակտիվորեն մտնում նաև ռուսական կապիտալը:

Սկսեցին խոսել Անդրկովկասի միջազգային տրանսպորտային միջանցքների բացման մասին, երբ Արևմուտքը արգելափակեց Ռուսաստանի եվրոպական հաղորդակցությունը:

Այսօր Վերին Լարսի սահմանային անցակետը միակ ճանապարհային անցումն է, որը թույլ է տալիս մի երկրից մյուսը, ինչպես նաև Ռուսաստանից Հայաստան հասնել՝ շրջանցելով Աբխազիան և Հարավային Օսիան:

Բացի Ռուսաստանից, Վրաստանից ու Հայաստանից, այս միջազգային տրանսպորտային միջանցքից օգտվում են նաև Թուրքիան, Իրանը և նույնիսկ Ղազախստանը:

Այսօր Վերին Լարսի անցակետը դարձել է Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի կարևոր հենակետ՝ Սանկտ Պետերբուրգից մինչև Հնդկաստան ընդհանուր երկարությամբ մուլտիմոդալ երթուղի, որն անցնում է մի քանի պետությունների տարածքով:

Ռուսաստանը ակտիվացրել է իր տարածքում Վերին Լարսի անցակետի վերակառուցման համար իր ծրագրերի իրականացումը` իր թողունակությունն ու տարանցիկ ներուժը մեծացնելու նպատակով։ Նախատեսվում է ընդլայնել ճանապարհը երկու երթուղիներից չորսի, ստեղծել հարմարավետ սպասասրահներ, ներդնել հերթերի էլեկտրոնային համակարգ, կառուցել տեսչական նոր համալիր։ Ենթադրվում է, որ 2023 թվականին այդ աշխատանքների ավարտից հետո երթուղու թողունակությունը կավելանա օրական մինչև 3 հազար ավտոմեքենա:

Պակաս մաշտաբային չեն նաև Վրաստանի ծրագրերը: Կոբի-Գուդաուրի Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի ամենաբարդ հատվածում կառուցում է Քվեշեթի-Կոբի շրջանցիկ ճանապարհը։ Ծրագրի շրջանակներում կառուցվում է 23 կմ երկարությամբ երկշերտ ասֆալտբետոնե ճանապարհ, կառուցվում է հինգ կամուրջ, ևս մեկը վերանորոգվում է։ Բացի այդ, նախատեսվում է կառուցել հինգ թունել, այդ թվում՝ Վրաստանի ամենամեծ թունելը՝ ինը կիլոմետր երկարությամբ և 15 մետր տրամագծով։ Դա կլինի ամենաերկար թունելներից և ամենաբարդ ինժեներական կառույցներից մեկը նույնիսկ Եվրոպայի տարածքում: Նախատեսվում է նաև կառուցել հինգ կիլոմետրանոց ճանապարհ դեպի Գուդաուրի լեռնադահուկային հանգստավայր և զբոսաշրջային կենտրոն, ինչը էապես կբարձացնի ոչ միայն Վրաստանի, այլև տարածաշրջանի զբոսաշրջային իմիջը ընդանրապես:

Շինարարությունն իրականացվում է Վրաստանի ճանապարհների դեպարտամենտի կողմից՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և Ասիական զարգացման բանկի ֆինանսական աջակցությամբ: Իսկ բուն շինարարական աշխատանքները իրականացնում են չինացիները:

Նույնիսկ արևմտյան փորձագետներն են հաստատում, որ ռուս-վրացական տնտեսական հարաբերությունների արդյունքում Վրաստանը իր զարգացման մեջ մեծ թռիչք է ապահովել:

Նույնիսկ այդ երկու երկրների միջև քաղաքական հարաբերությունների բացակայության պայմաններում, տնտեսական հարաբերությունները թռիչքաձև աջ են արձանագրել:

Այսպես, Վրաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2022 թվականին, 2021 թվականի համեմատ աճել է 52,3%-ով և կազմել մոտ 2,5 մլրդ դոլար, իսկ Վրաստանից Ռուսաստան արտահանումն աճել է գրեթե 7%-ով։ Ենթադրվում է, որ վերջին ութ տարիների ընթացքում Վրաստանը Ռուսաստանից ստացել է 12 միլիարդ դոլար:

Հենց դրա պատճառով էլ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին մի անգամ չէ, որ հայտարարում է թե, «...Վրաստանը Մոսկվայի դեմ պատժամիջոցներ չի կիրառի Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության պատճառով»:

Ըստ արևմտյան փորձագետների, ներկայիս Վրաստանի իշխանությունները վարում են պրագմատիկ քաղաքականություն և հասկանում են, որ հատկապես ռուս-վրացական պատերազմի սկսելուց հետո միջազգային տրանսպորտային միջանցքները Անդրկովկասում սկսեցին դիտարկվել որպես տարածաշրջանային անվտանգության շրջանակային տարրեր:

Ինչը կարող է լրացուցիչ երաշխիք տալ, որ տարածաշրջանը չի հայտնվի նոր հակամարտության մեջ:

Այս վերջին հանգամանքը, նշում են արևմտյան դիտորդները, ոչ միայն թույլ կտա Ռուսաստանին խուսափել լիարժեք տնտեսական պատժամիջոցների քաղաքականությունից, այլև կարող է մեծացնել նրա ազդեցությունը տարածաշրջանի վրա:

Եվ հենց այդ հանգամանք է առաջին հերթին մտահոգել Վաշինգտոնին և Բրյուսելին:

Ահա թե ինչու նրանք անսպասելիորեն «հիշեցին», որ հիվանդ Սաակաշվիլին կարող է մահանալ բանտում և բարձր մակարդակներով որոշումներ ընդունեցին՝ պահանջելով Թբիլիսիիից ազատել նրան բանտից և տեղափոխել արտասահման՝ բուժվելու նպատակով:

Իվանիշվիլիի քաղաքական թիմը հասկացավ, որ Արևմուտքում անցել են բաց գրոհի իրենց դեմ, քանզի ազատել Սաակաշվիլիին բանտից, կնշանակեր վերակենդանացնել այդ երկրի ընդդիմությանը, որտեղ այդ երկրի հիվանդ նախագահը կխաղար պայքարի սիմվոլի դեր:

Զգալով այդ վտանգը՝ «Վրացական Երազանքը» որոշեց հարվածել ընդդիմության իմիջային մասին՝ փորձելով, այսպես կոչված «արտասահմանյան գործակալների» մասին օրինագիծ ընդունել խորհրդարանում:

Այդ քայլով, փաստացի, ներկայիս Վրաստանի իշխանությունը բաց պատերազմի մեջ էր մտնելու ոչ միայն իր ընդդիմախոսների, այլև ողջ Արևմուտքի հետ: Իրենց այդ քայլից հետո գրեթե բոլոր արևմտյան ինստիտուտները հայտարարություններով հանդես եկան, որտեղ քննադատվում էր Թբիլիսիի այս որոշումը:

Իվանիշվիլիի թիմակիցները չհաշվարկեցին մեկ բան, որ եթե նման քայլի են դիմում, ապա բաց պայքարի մեջ են մտնում այն Արևմուտքի հետ, որին ըստ այդ երկրի Սահմանադրության՝ ուզում են ինտեգրվել:

Այսինքն, ներկայիս Վրաստանի իշխանությունների ռազմավարական նպատակներից է, որն ամրագրված է նաև այդ երկրի գլխավոր օրենքում, դա ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամագրվելն է:

Սակայն, երբ երկրի իշխանությունը սկսում է բաց ձևով հակադրվել այդ նույն ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի հետ, ապա դրանից հետո սկսվում է լղոզվել այդ իշխանության լեգիտիմ հիմքը:

Ահա, թե ինչու Իվանիշվիլիի քաղաքական թիմը չի կարող բաց հակամարտության մեջ մտնել Վաշինգտոնի և Բրյուսելի հետ:

Վերջիններս չեն կարողանում այս իշխանությանը տապալել բացառապես մեկ պատճառով՝ ներկայիս վրաց հանրության մեծ մասը, այնքանով որ ձգտում է միանալ եվրապական մեծ ընտանիքին, նույնքան էլ մերժում է բաց հակամարտության մեջ մտնելը Մոսկվայի հետ՝ Ուկրաինայի պատճառով: Մերժում է, որ իր ավանդական արժեքների հետ ինտեգրվեն նաև եվրոպական գեդոնիստական բնույթի տոլերանտ արժեքները:

Ահա, թե ինչու է այդ երկրում հաստատվել շատ հետաքրքիր ուժերի բալանս: Մի կողմից այդ երկրի իշխանությունը չի կարող շեղվել իր արևմտյան ուղուց, բայց մյուս կողմից նույն այդ հանրությունը չի ուզում, որ հանուն Արևմուտքի՝ Վրաստանը հայտնվի բաց հակամարտության մեջ Մոսկվայի հետ, քանզի կառաջանան թե՛ անվտանգային, և թե՛ տնտեսական լուրջ խնդիրներ:

Ահա թե ինչու «արտասահմանյան գործակալների» օրենքի ընդունման հարցում Վրաստանի ներկայիս իշխանությունը անցավ կարմիր գիծը և արագ հասկացավ, որ սխալվել է և անմիջապես հետ քայլ կատարեց:

Ինչ մնում է ընդդիմությանը, ապա վերջինս կարող է զարգացնել իր հաջողությունը և քաոսի մեջ գցել երկիրը, բայց թույլ է, որ կարողանա իշխանափոխություն իրականացնել:

Այստեղ գլխավոր հաղթողը կլինի ոչ թե այն կողմը, որը ինչ-որ «խելոք քայլ» կկատարի, այլ այն կողմը, որը կկարողանա օգտվել դիմացինի սխալ քայլից:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Աղբյուրը՝ zham.am

Այս խորագրի վերջին նյութերը