Քաղաքական

10.03.2023 08:20


Արարատ Միրզոյանի տեղակալն ազատվել է ծառայությունից․ ՊՆ-ն թաքցնում է պատճառները

Արարատ Միրզոյանի տեղակալն ազատվել է ծառայությունից․ ՊՆ-ն թաքցնում է պատճառները

ՀՀ Պաշտպանության նախարարությունն ուղիղ 40 օրում կարողացավ միայն «հասկանալ», որ ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանի՝ բանակում չծառայելու վերաբերյալ հարցը անձնական տվյալներ է պարունակում։

Ինչպես հայտնի է այս տարվա հունվարի 26-ին Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Վահան Կոստանյանը նշանակվեց ԱԳ փոխնախարար, մինչ այդ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի խորհրդականն էր։

Վահան Կոստանյանը ՔՊ իշխանության այն պաշտոնյաներից է, որ բանակում չի ծառայել։ Ուսանողներին զորակոչից ազատվելու պահանջով 2017 թվականին ուսանողական շարժման առաջամարտիկներից մեկը՝ Վահան Կոստանյանը, 2018-ի հայտնի իրադարձություններից հետո օրենսդրական հապշտապ կատարված փոփոխության արդյունքում ընդունվել էր ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի ասպիրանտուրա եւ ստացավ զորակոչից տարկետման եռամյա իրավունք: Բայց այդ ընթացքում զբաղեցրել է մի շարք պաշտոններ. նախ «Քաղաքացիական պայմանագրի» մամուլի խոսնակն էր, ապա 2018-ի մայիսից փոխվարչապետ Արարատ Միրզոյանի օգնականը, իսկ 2018 թվականի դեկտեմբերից արդեն խորհրդարանի նախագահ Միրզոյանի օգնականն էր, հետո՝ խորհրդականը:

Կոստանյանը հետո Միրզոյանի հետ տեղափոխվեց ԱԳՆ՝ նշանակվելով Արարատ Միրզոյանի խորհրդական, իսկ հունվարին արդեն փոխնախարար։

Այս ընթացքում հանրությունն այդպես էլ հնարավորություն չունեցավ ծանոթանալու Կոստանյանի գիտական հոդվածներին, եթե, իհարկե, դրանք ընդհանրապես կան։ Ինչևէ՝ ըստ մամուլի հրապարակումների երեք տարին լրանալու վերջնաժամկետից առաջ Կոստանյանը դիմում էր գրել եւ ազատվել ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետի ասպիրանտուրայից, ինչն էլ ենթադրում է, որ այլեւս չէր կարող օգտվել տարկետման իրավունքից եւ պետք է զորակոչվեր պարտադիր զինվորական ծառայության։

Irakanum.am-ը դեռ հունվարին գրավոր հարցում էր ուղարկել ինչպես Արտաքին գործերի, այնպես էլ Պաշտպանության նախարարություն։ Խնդրել էինք տրամադրել տեղեկատվություն այն մասին, թե փոխնախարար Վահան Կոստանյանը 2018-ին ստացել է զորակոչից տարկետման եռամյա իրավունք, որի ժամկետը լրացել է։ Ե՞րբ է բանակ զորակոչվելու Վահան Կոստանյանը։ Միաժամանակ խնդրել էին հայտնել, թե ո՞րն է չզորակոչման պատճառը։ ԱԳՆ-ից մեր հարցին ըստ էության չէին պատասխանել, ավելի կոնկրետ տվել էին ոչինչ չասող պատասխան։ «Ի պատասխան Ձեր հարցման տեղեկացնում ենք, որ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի վերաբերյալ բարձրացված հարցերի հետ կապված նախկինում տրվել է հրապարակային պարզաբանում»,-ասված էր մեր գրավոր հարցման պատասխանում։

Պաշտպանության նախարարությունից էլ մեր նույն հարցի վերաբերյալ լրացուցիչ ժամանակ էին խնդրել։

Գրավոր հարցումից 40 օր անց ՀՀ ՊՆ-ից հայտնում են, թե Վահան Կոստանյանը օրենքով սահմանված կարգով ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից։ Պաշտպանության նախարարությունը թաքցնում է Կոստանյանի՝ բանակից ազատվելու պատճառները, հղում անելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի և «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջներին։

Առնվազն տարակուսելի ու զարմանալի է, որ ՊՆ-ից մեկ ամսից էլ շատ ժամանակ է պահանջվել, որպեսզի այս պատճառաբանությամբ մերժեն տեղեկատվության տրամադրումը։

Վահան Կոստանյանը երկրի կարևորագույն գերատեսչության ղեկավարի տեղակալն է, և նրա կենսագրական տվյալները հանրային նշանակություն ունեն։ Հանրությունը պարտավոր է իմանալ, թե օրենքի որ կետով է հատկապես պարտադիր զինվորական ծառայությունից ազատվել Կոստանյան Վահանը։ Ժողովրդի առջև հաշվետու ու թափանցիկ աշխատելու լոզունգներով իշխանության եկածները իհարկե նույն արագությամբ սկսեցին նույն ժողովրդից թաքցնել ու խմբագրել սեփական կենսագրությունը։

Նկատենք, որ գործող իշխանության ներկայացուցիչները երբ հանդես էին գալիս ընդդիմադիր դիրքերից, ակտիվորեն քննադատում էին նախկին իշխանության տարբեր ներկայացուցիչներին, նրանց զավակներին բանակից տարբեր ճանապարհներով ազատելու մեջ։ Նախկիններն այս առումով էլ էին ազնիվ ու պատճառները նշում էին։ Գործողներն այս հարցում ևս գերազանցեցին նախկիներին։

Այս խորագրի վերջին նյութերը